ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ


Օլիմպիական խաղեր

28 դար առաջ Հին Հունաստանում սկսեցին կազմակերպել մրցույթներ, որտեղ մարզիկները մրցում էին ուժով, ճարպկությամբ ու արագաշարժությամբ: Ամենախոշոր մրցումները կազմակերպվում էին Օլիմպիա քաղաքում և հենց ի պատիվ այս քաղաքի էլ մրցումները ստացան Օլիմպիական խաղեր անվանումը: Խաղերը կազմակերպվում էին  4 տարին մեկ և նվիրվում էին Զևս աստծուն: Օլիմպիական խաղերի պաշտոնական սկիզբը համարվում է մ. թ. ա. 776 թվականը, երբ սկսեցին համարակալել խաղերը և գրանցել հաղթողների անունները:

Սկզբում Օլիմպիական խաղերի ընթացքում կազմակերպվում էին միայն վազքի մրցումներ, բայց շուտով մրցույթների շարքը ընդլայնվեց և ծրագրում ընդգրկվեցին նաև ըմբշամարտը, բռնցքամարտը, մարտակառքերով արշավը, նիզականետումը և այլն, և այլն: Օլիմպիական տոնակատարությունների ժամանակ կազմակերպվում էին նաև արվեստների մրցույթներ, բանաստեղծներն արտասանում էին այդ խաղերին ձոնած իրենց բանաստեղծություններն ու օրհներգերը, հռետորները փառաբանում էին հաղթողներին:

Խաղերի ընթացքում Հունաստանում հայտարարվում էր  պարտադիր «սրբազան հաշտություն», դադարեցվում էին բոլոր պատերազմական գործողությունները, և Օլիմպիա տանող ճանապարհները դառնում էին անվտանգ: Մինչև մ.թ.ա. 472 թ. խաղերն ավարտվել են 1 օրում: Սկսած մ.թ.ա. 468 թ-ի  78-րդ Օլիմպիական խաղերից` դրանք տևել են 5 օր: Կանանց մասնակցությունը կամ ներկայությունը Օլիմպիական խաղերին խստորեն արգելվել է:

Դեռ հին ժամանակ հայերը նույնպես մասնակցել են Օլիմպիական խաղերին: 281 թվականին կայացած 265-րդ օլիմպիական խաղերում ըմբշամարտիկների մրցումներում հաղթանակ է տարել Հայոց Տրդատ III Արշակունի թագավորը: Օլիմպիական թանգարանում մինչև այժմ պահպանվում է հնագույն ժամանակների Օլիմպիական խաղերի հաղթողների մարմարե անվանատախտակը, որտեղ նշված է, որ Հայոց Վարազդատ Արշակունի թագավորը 394 թվականին տեղի ունեցած Օլիմպիական խաղերում բռնցքամարտի մրցումների հաղթողն է եղել: Արդեն մեր ժամանակներում՝ 1998թ-ին Օլիմպիայում կանգնեցվել է Վարազդատ թագավորի մարմարե կիսանդրին:

Սակայն  394 թվականին քրիստոնեության ընդունումից հետո Օլիմպիական խաղերը, որպես հեթանոսական ծես, դադարեցվել են հռոմեական կայսր Թեոդորոս I-ի հրամանով: Օլիմպիական խաղերի 2-րդ ծնունդը տեղի է ունեցել 1896 թվականին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ֆրանսիացի հասարակական գործիչ Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությամբ: Այդ ժամանակից ի վեր, 4 տարին մեկ, ամեն անգամ մեկ այլ երկրում, անցկացվում են Օլիմպիական խաղեր, որոնց ծրագրում ընդգրկված են առավել տարածված մարզաձևերը: 1924 թ-ից սկսած՝ 4 տարին մեկ կազմակերպվում են նաև Ձմեռային օլիմպիական խաղեր՝ սպիտակ օլիմպիադաներ:

Յուրաքանչուր Օլիմպիական խաղերի բացումից մի քանի շաբաթ առաջ հունական Օլիմպիա քաղաքում մեկնարկում է վառվող ջահի էստաֆետը: Այդ ջահը օդանավերով ու գնացքներով, ավտոմեքենաներով, մոտոցիկլներով ու հեծանիվներով իր երկարատև ճամփորդությունն է սկսում դեպի օլիմպիական մարզադաշտ: Ճանապարհորդության վերջում ջահը վազքով միմյանց են փոխանցում տարբեր աշխարհամասերի ու երկրների մարզիկներ, և նշանավոր մարզիկներից մեկը վառում է օլիմպիական կրակը, որը շարունակում է բոցկլտալ մինչև խաղերի ավարտը:

2008 թվականի օգոստոսին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի ունեցան 29-րդ օլիմպիական խաղերը, որոնց մասնակցում էր նաև Հայաստանի օլիմպիական հավաքականը: Հայ մարզիկները նվաճեցին 6 բրոնզե մեդալներ: Իսկ ընդամենը մեկ օր հետո կմեկնարկեն արդեն 30-րդ Օլիմպիական խաղերը, որոնք կանցկացվեն Լոնդոնում: Այս տարի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնելու են 25 մարզիկներ։ Նրանք կմրցեն ըմբշամարտի, ծանրամարտի, ձյուդոյի, լողի և այլ սպորտաձևերում: Եվ հիմա, երբ ամեն ինչ իմացանք Օլիմպիական խաղերի մասին, ճիշտ ժամանակն է, որ պատրաստվենք երկրպագել մեր մարզիկներին: Թող նրանք Օլիմպիական խաղերից վերադառնան հաղթանակած և ոսկե մեդալներով, իսկ Լոնդոնում հպարտորեն ծածանվի մեր եռագույնը…

Մեկնաբանություններ

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ

log in

reset password

Back to
log in