ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ ԲՈՉԿՈՅԻՑ


Հանելուկներ Բոչկոյից

Շուտով դասերը կսկսվեն և բոլորս միասին դպրոց կշտապենք: Իսկ այնտեղ մեզ են սպասելու մեր շատ սիրելի գրենական պիտույքները, դպրոցական նստարանն ու դասագրքերը: Իմ հանելուկների հերթական ընտրանին հենց նրանց է նվիրված:

Մարմինը փայտ է,
Իսկ գլուխը՝ մազ,
Կծառայի քեզ,
Հենց որ կամենաս:

Վայր ընկնի ժայռից,
Առողջ կմնա,
Մի բաժակ ջրից
Նա կմահանա:

Այն ինչն է, որ մեր աչքին սևեռուն
Տեսանելի է դարձնում հեռուն,
Նրա հատկությանն ամենքն են գիտակ,
Կոչում ենք նրան մենք ………:

Կաշվե վրան,
Գիրք ու տետրի բնակարան:

Գրչի նման գրում, գծում,
Նաև ներկում ու նկարում,
Թե շատ ամուր թղթին սեղմես,
Ստիպված նորից պետք է սրես:

Հողից ու հանքից
Լույս աշխարհ հառնում,
Գրատախտակին
Ընկեր եմ դառնում,
Ձեզ ծառայելով
Կյանքս եմ սպառում:

Հերթով բացվող ամեն էջում
Շատ գիտելիք դու կգտնես,
Ամեն անցնող տարվա վերջում
Գրադարան այն կհանձնես:

Գրենական պիտույք է այն,
Գծեր, թվեր շարված վրան,
Թե գծելիս դու սխալվես,
Կօգնի չափես, արագ ուղղես:

Աշխարհն իր վրա
Մի քարտեզ է մունջ,
Իսկ ներսը նրա՝
Գնդակի պես փուչ:

Եթե գրես դու անսխալ,
Կարող է հանգիստ իր տեղում մնալ,
Բայց ավելորդ գիծ թե տեսնի,
Գործի կանցնի, որ շտապ ջնջի:

Մեկնաբանություններ

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ ԲՈՉԿՈՅԻՑ

log in

reset password

Back to
log in