ԱՐՄԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ՝ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՊԱԳԱ ՏՆՕՐԵՆ


ԱրմինեՓոքրիկ հրաշքներն այս աշխարհում շատ են, շա՜տ-շատ և նրանց բացահայտելու համար մի ամբողջ կյանքն էլ բավական չէ: Այնպես որ պետք է շտապենք այս հարցում և հերթով զրուցենք բոլորի հետ: Մեզ այսօր հյուր է եկել հենց այդ փոքրիկ հրաշքներից մեկը՝ Արմինե Պետրոսյանը: Մենք նրան խոսելուց այդքան էլ հաճախ չենք տեսել, ախր նա անդադար երգում է, բայց այսօր կխոսի և կպատմի իր մասին ամե՜ն-ամեն ինչ:

– Չնայած դու արդեն հասցրել ես մի քանի հարցազրույց տալ, բայց ՄՈԾԱԿԸ ցանկանում է քեզ ամբողջությամբ բացահայտել: Արի մի քանի տարով հետ գնանք ու հիշենք՝ ինչպես եղավ, որ որոշեցիր երգել և ո՞վ քեզ օգնեց:

– Իմ ծնողներն ինձ օգնեցին: Ես երեք տարեկան էի և հաճախում էի քոլեջ: Երբ երգում էի, մայրկս ասում էր, որ անպայման պետք է երաժշտական խումբ հաճախեմ: Մի օր էլ ես համաձայնեցի և սկսվեց ամեն ինչ: Բայց ես իսկապես չէի պատկերացնում, որ ամեն ինչ այսքան լուրջ է: Հինգ տարեկանում  ընդունվեցի Նաիրա Գյուրջինյանի ղեկավարած ‹‹Վաղորդյան կաթիլներ›› խումբ և հիմա երրորդ դասարանում եմ սովորում: Ուզում եմ երգի պարապմունքերս երբեք չավարտվեն:

– Իսկ ե՞րբ կորոշես առանձնանալ ու միայնակ հանդես գալ բեմում:

-Վախենում եմ առանձնանալ, որովհետև ես դեռ շատ բան պետք է սովորեմ, որ միայնակ առաջ գնամ: Բայց, իհարկե, փորձեր անում եմ: Գուցե շուտով մասնակցեմ Մանկական Եվրատեսիլին…

-Փաստորեն շատ առիթներ ես ունեցել բեմ բարձրանալու, մի փոքր պատմիր զգացողություններիդ մասին:

Արմինե-Շատ համերգների եմ մասնակցել: Միշտ հիշում եմ իմ առաջին համերգը, որը Դիլիջանում էր, այդ ժամանակ ես հինգ տարեկան էի: Սկզբում վախենում էի բեմ բարձրանալ, իսկ հիմա արդեն ոչ՝ շնորհիվ իմ ուսուցչուհու, ով մեզ միշտ ասում է, որ մենք ամենալավն ենք և ամեն ինչ կարող ենք: Մի համերգի ժամանակ եմ միայն լարված եղել: Բարեգործական համերգ էր: Իմ դիմաց նստած էին արյան քաղցկեղով հիվանդ երեխաներ և դա ինձ համար շատ ծանր էր: Ընդհանրապես շատ աշխույժ եմ բեմի վրա, բայց այդ օրը չէի կարողանում ինձ հավաքել: Աննկարագրելի զգացողություն էր: Բայց ինձ համար բարեգործական համերգները շատ կարևոր են, սիրում եմ մասնակցել:

-Երգից բացի ի՞նչ հետաքրքրություններ ունես:

-Սիրում եմ երաժշտություն լսել, պարել, պարեր հորինել և նվագել: Բայց նվագել դեռ չգիտեմ, պետք է գնամ կիթառի դասընթացների: Սիրում եմ նաև քույրիկիս հետ խաղեր խաղալ, չնայած մենք շատ ենք կռվում:

-Ի՞նչ երաժշտություն ես սիրում լսել, կա՞ մի երգչուհի, ում հետագայում կցանկանայիր նմանվել:

– Երբ ես փոքր էի, սիրում էի Մայքլ Ջեքսոնին: Բայց երբ Ադելը բեմ բարձրացավ, սկսեցի իրեն էլ հավասարաչափ սիրել: Ջեքսոնի ճկունությունն եմ սիրում, որ ինքը կարողանում է կենդանի երգել ու միաժամանակ պարել, Ադելի՝ ձայնը, որ կարողանում է տարբեր  բարդությունների երգեր երգել: Հատկապես սիրում եմ ‹‹Rolling in the deep›› երգը, երգում եմ նաև ես: Շատ եմ ուզում Ադելին նմանվել:

-Ես գիտեմ, որ քո լուսանկարն արդեն մի քանի տարի է, ինչ փակցված է դպրոցում՝ իբրև գերազանցիկ: Հետաքրքիր է՝  ո՞րն է քո ամենասիրելի և ամենաչսիրելի դպրոցական առարկան:

 -Իմ սիրելի առարկան Մայրենի լեզուն է, իսկ չսիրելին՝ Տեխնոլոգիան՝ աշխատանքի ուսուցումն է, որովհետև իմ ձեռքից իրոք ոչինչ չի գալիս, անընդհատ ձախողում եմ:

Արմինե-Ի՞նչ ես կարծում, կարող է գալ մի ժամանակ, երբ որոշես այլ մասնագիտություն ընտրել, թե՞ այնուամենայնիվ, երգչուհի կդառնաս:

-Օրինակ, երբ իմ քույրիկը հիվանդանում է, ես անպայման պետք է օգնեմ, ամեն ինչ պիտի անեմ իր համար, որ լավ զգա, նույնն էլ եղբորս դեպքում: Կցանկանայի բժիշկ դառնալ: Սիրում եմ նաև լեռնագնացներին, բուսաբաններին, իրավաբաններին և դերասաններին: Հորաքույրս միշտ ասում է, որ պետք է ոչ թե երգչուհի, այլ դերասանուհի դառնամ:

-Ունե՞ս մեծ, շա՜տ մեծ երազանք, որը դեռ չի իրականացել:

– Շատ երազանքներ ունեմ, բայց կա մեկը, որն ամենաշատն եմ ուզում իրականանա: Ուզում եմ միշտ բոլորին օգնեմ: Բացեմ բարեգործական հիմնադրամ, զբաղվեմ բարեգործությամբ: Հուսով եմ տարիներ հետո երազանքս կիրականանա:

– Սեպտեմբերի մեկին հաշված օրեր են մնացել: Գո՞հ էիր ամառային այս երեք ամիսներից, հասցրի՞ր հանգստանալ և պատրաստվել նոր ուսումնական տարվան:

– Երբ ես պիտի փոխադրվեի երկրորդ դասարան, չէի համբերում, հայրիկիս ասում էի մի բան արա, որ շուտ գա սեպտեմբերի մեկը և ես գնամ դպրոց: Բայց այս տարի այդքան էլ լավ չեմ հանգստացել, որովհետև անընդհատ համերգների էի, անընդհատ շատ զբաղված էի: Հիմա արդեն պիտի գնամ գրենական պիտույքների խանութներ, լի՜քը-լի՜քը բաներ պետք է գնեմ, որ պատրաստ լինեմ նոր ուսումնական տարվան: Շատ եմ սիրում այս նախապատրաստվելու փուլը և ընդհանրապես, դպրոցն եմ սիրում: Ճիշտ է երգն իմ կյանքն է, բայց դասերս ինձ համար առաջանային են:

– Իսկ ի՞նչ կմաղթես և խորհուրդ կտաս մեր ընթերցողներին:

– Այն, ինչ բոլորին եմ մաղթում: Ուզում եմ՝ բոլորը առողջ լինեն, երբեք չհիվանդանան: Ուզում եմ լսեն իրենց ծնողներին: Ես էլ մեկ-մեկ չեմ լսում ու հետո միշտ փոշմանում եմ…

Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ԱՐՄԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ՝ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՊԱԳԱ ՏՆՕՐԵՆ

log in

reset password

Back to
log in