ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՓՈՔՐԻԿ ԱՐԱՄԻԿԻ ՄԱՍԻՆ, ՈՎ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՉԷՐ ՍԻՐՈՒՄ ԼՎԱՑՎԵԼ


Հեքիաթ փոքրիկ Արամիկի մասին

Կար-չկար մի փոքրիկ տղա կար՝ Արամիկ անունով: Օ՜, ինչպե՜ս էր նա սիրում խաղալ ավազների հետ, չեք էլ կարող պատկերացնել: Նույնիսկ այդ ավազները իրենք իրենց հետ այդքան չէին սիրում խաղալ: Առավոտյան Արամիկն արթնանում էր, թե չէ, անմիջապես վերցնում էր իր դույլն ու փոքրիկ թիակը և վազում էր բակ՝ ավազների հետ խաղալու: Մայրիկը հազիվ էր բուտերբրոդը հասցնում Արամիկի հետևից և մի կերպ համոզում էր ուտել: Որքա՜ն էր հիշեցնում մայրիկը նրան, որ առավոտյան արթնանալուն պես պետք է լվացվել, պետք է մի լավ լվանալ թաթիկները, հետո երեսը, աչքերը և վերջապես ատամները: Միայն թե Արամիկը չէր լսում:

– Ես ժամանակ չունե՜մ, ավազահատիկները ինձ են սպասում, – ասում էր նա ու դուրս վազում:

Իսկ մի օր, մի շատ սովորական օր, երբ Արամիկը կրկին վազեց բակ, զարմանալի բան տեղի ունեցավ: Արևը, որ պայծառ-պայծառ շողում էր երկնքում, հանկարծ, պո՜ւկ, փախավ: Փախավ ու թաքնվեց ամպերի հետևում: Իսկ հետո քամի սկսեց փչել: Արամիկը տխրեց ու  ստիպված տուն վերադարձավ: Հազիվ էր նա սկսել մտածել, թե ինչով զբաղվի, երբ նկատեց, որ դրսում կրկին արև է: Ուրախացած վազեց բակ, բայց… Այ քեզ բա՜ն: Արևը կրկին անհետացավ, իսկ բակում խաղացող բոլոր երեխաները վազեցին իրենց տները:

– Սա ի՞նչ է, կատա՞կ է,- քիչ մնաց լաց լիներ Արամիկը:

Հետո նա ևս մի քանի փորձ արեց տնից դուրս գալու, բայց կրկին անհաջող: Նա նստեց իր սենյակում ու սկսեց տխուր-տխուր լաց լինել, երբ հանկարծ ինչ-որ տեղից մի բարալիկ ձայն լսվեց:

– Հե՜յ, ինչու ես լաց լինում,- ասաց ձայնը:

– Որովհետև արևը չի ցանկանում խաղալ ինձ հետ,- ասաց Արամիկը և նայեց ձայնի ուղղությամբ:

Եվ այնտեղ գիտե՞ք, թե ում տեսավ: Իհարկե, մեր փոքրիկ Բոչկո ոզնուն: Ուզում ես հարցնել, թե ինչպես էր Բոչկոն հայտնվել Արամիկի սենյակում: Ի՞նչ է, մոռացե՞լ ես, որ նա հրաշագործ է: Եվ ուրեմն, Բոչկոն ասաց Արամիկին.

– Իսկ գուցե դու ինչ-որ բանի մասին մոռացե՞լ ես:

-Ինչի՞ մասին, – լացակումած ասաց Արամիկը, – դույլս վերցրել եմ, թիակը վերցրել եմ, նույնիսկ մայրիկի բուտերբրոդն եմ կերել:

-Դե խնդրեմ, ինչպես միշտ, ինչո՞ւ են բոլորը մոռանում մեր մասին, – լսվեցին ուրիշ ձայներ, – վազվզելու, ավազների հետ խաղալու, ուտելու մասին նրանք միշտ հիշում են, իսկ մեր մասին… մո-ռա-նոոոո՜ււււմ…

Բոչկո ոզնու կողքին փոքրիկ շշիկներ ու տուփիկներ էին կանգնած: Հենց նրանք էին այդպես բարկացած բողոքում:

-Իսկ դուք ովքե՞ր եք, – վերջապես չդիմացավ ու հարցրեց Արամիկը:

– Մենք օճառներ ենք, Բոչկո ոզնու օճառները – ասացին շշիկներն ու տուփերը, և ամեն ինչ պարզ դարձավ:

Ահա թե ինչի մասին էր մոռացել Արամիկը: Նա ամաչեց ու գլուխը կախեց: Եվ Բոչկոն, տեսնելով, որ Արամիկը զղջում է, գրպանից մի մեծ խոշորացույց հանեց ու ցույց տվեց նրան: Նա պահեց խոշորացույցը Արամիկի ձեռքի վրա, և Արամիկը տեսավ իր ձեռքի մի փոքրիկ կտորը՝ շա՜տ մեծացված: Եվ որ ամենակարևորն է, այդ փոքրիկ կտորի վրա վազվզում էին բազմաթիվ փոքրիկ ու տգեղ արարածներ:

– Այս ովքե՞ր են,- վախեցած բացականչեց Արամիկն ու սկսեց ձեռքը թափ տալ, որպեսզի փոքրիկ մարդուկները թափվեն, ընկնեն ձեռքի վրայից:

– Քո ձեռքերի վրա հիմա մանրէներ ու բակտերիաներ են վազվզում: Բայց նրանցից այդքան հեշտ չես ազատվի, – ասաց Բոչկոն:

– Իսկ ինչպե՞ս են նրանք հայտնվել իմ ձեռքի վրա, – հարցրեց Արամիկը:

– Մանրէներն ու բակտերիաները ամենուրեք են, մեր շրջապատի բոլոր-բոլոր առարկաների վրա, – սկսեցին պատմել Բոչկոն ու օճառները,- նրանցից ոմանք շատ վտանգավոր են և կարող են ծանր հիվանդությունների պատճառ դառնալ: Մանրէները հատկապես շատ են այն առարկաների վրա, որոնց տարբեր մարդիկ են ձեռք տալիս, օրինակ՝ մետաղադրամները, դռների բռնակները, վերելակի կոճակները: Այդպիսի իրերին ձեռք տալուց, ավազների հետ խաղալուց հետո այդ մանրէներն ու բակերինաները հայտնվում են քո ձեռքերի վրա, թաքնվում մատիկներիդ արանքում, եղունգներիդ տակ:

-Ես այլևս ոչնչի չեմ դիպչի, – վախեցած ասաց Արամիկն ու թաքցրեց ձեռքերը մեջքի հետևում:

– Մանրէներից պետք չէ վախենալ, նրանցից պետք է ճիշտ պաշտպանվել լվացվելու միջոցով, – ասացին օճառները:- Հենց դրա համար ենք օգնության հասնում մենք, կռվում ենք մանրէների ու բակտերիաների դեմ ու ոչնչացնում ենք նրանց:

-Անպայման լվացվի´ր, երբ բակից տուն ես գալիս, երբ խաղում ես կենդանիների հետ, երբ գնում ես նախաճաշելու, ճաշելու կամ ընթրելու և, իհարկե, ուտելուց հետո, – ասաց Բոչկոն: – Լվացվել հարկավոր է նաև տնից դուրս գալուց առաջ, չէ՞ որ լվացվելով դու ավելի գեղեցիկ ես դառնում և ավելի մաքուր: Երբ դու մաքուր լվացված ես լինում, այտերդ շողում են մաքրությունից, իսկ աչքերդ փայլում են: Արևը սիրում է հենց այդպիսի փոքրիկների հետ խաղալ և շատ է տխրում, երբ երեխաները բակ են իջնում կեղտոտ ձեռքերով ու չլվացված աչուկներով: Դե ինչ, պատրա՞ստ ես, հենց հիմա լվացվելու ժամանակն է:

-Այո՜, – ուրախ բացականչեց Արամիկը և Բոչկոյի ու փոքրիկ օճառների հետ վազեց լոգարան:

Նա վեր ծալեց հագուստների թևքերը, թրջեց ձեռքերը և օճաները սկսեցին տրորել նրա ձեռքերը: Պարզվեց, որ այդ օճառները սարսափելի խուտուտ ունեն: Մեր ձեռքերում նրանք պտտվում են, ծիծաղում խուտուտից, նույնիսկ երբեմն փորձում են փախչել, բայց, ինչպես որ հարկն է, լվանում են մեր ձեռքերը: Նրանց մի մասն էլ հեղուկ օճառներ են: Նրանք շատ քաղաքավարի են և տալիս են քեզ ճիշտ այնքան օճառ, որքան հարկավոր է քեզ:  Այդպես Արամիկը մի լավ լվացվեց, Բոչկոյի ատամի մածուկի օգնությամբ էլ լվաց ատամները և նրանք պարզապես սկսեցին փայլել մաքրությունից: Հետո նա չորացրեց ձեռքերն ու շնորհակալություն հայտնեց Բոչկոյին և նրա օգնականներին: Իսկ հետո բոլորով բակ իջան ու մի լավ վազվզեցին ու խաղացին ավազների հետ (և հիմա Արամիկը հաստատ գիտեր, թե ինչ է պետք անել տուն գնալուն պես): Իսկ արևը երկնքում այնպես պայծառ էր շողում, կարծես ասում էր.

– Կեցցես, Արամիկ, ես հպարտանում եմ քեզնով…

Մեկնաբանություններ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՓՈՔՐԻԿ ԱՐԱՄԻԿԻ ՄԱՍԻՆ, ՈՎ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՉԷՐ ՍԻՐՈՒՄ ԼՎԱՑՎԵԼ

log in

reset password

Back to
log in