ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ


Դե ինչ, մեր ամառային ու արձակուրդային երեք ամիսները հրաժեշտ տվեցին մեզ և գիշերը, բոլորիցս թաքուն գնացք նստեցին ու գնացին հեռու, շա՜տ հեռու… Բայց պետք չէ տխրել, չէ՞ որ նույն գնացքով մեզ մոտ եկավ աշունը, որը կարծես մեր ուսուցչուհին լինի: Նա եկավ և հենց առաջին օրը բռնեց ձեռքներիցս ու տարավ դպրոց, մեր սիրելի, հարազատ դպրոց… Համոզված եմ՝ դու հաստատ մոռացել ես դպրոցի հետ կապված շատ ու շատ մանրամասներ, որոնք միայն մենք՝ աշակերտներս, գիտենք… Իսկ դրանք հիշեցնելու համար քեզ կպատմեմ դպրոցական մի քանի կատակներ:

***

-Ընկեր Առաքելյան, իսկ կարելի՞ է մարդուն պատժել այն բանի համար, ինչը ինքը չի արել:

-Իհարկե ոչ:

-Ընկեր Առաքելյան, ես չեմ արել տնային աշխատանքս…

***

Դպրոցն այն վայրն է, որտեղ ուսուցիչներն աշակերտներից պահանջում են գիտելիքներ բոլոր առարկաներից և դա այն դեպքում, երբ նրանք գիտելիք ունեն ընդամենը մեկից…

***

-Ընկեր Սարգսյան, ես արժանի չեմ երկու գնահատականին…

-Գիտեմ, Արա՛մ, բայց ավելի ցածր գնահատական, ցավոք չկա…

***

Առաջին դասարանցին սեպտեմբերի 1-ին վերադառնում է դպրոցից: Հայրը հարցնում է.

-Հրա՛չ, իսկ ինչ սովորեցիր այսօր:

-Ես սովորեցի գրել…

-Առաջին իսկ օ՞րը… ‹‹Ինչպիսի՜ երեխա է››,-մտածեց նա: Իսկ ի՞նչ ես գրել:

-Ի՞նչ իմանամ, հայրի՛կ, ախր ես դեռ կարդալ չգիտեմ…

***

Մաթեմատիկայի ուսուցչուհին հարցնում է.

-Երեխանե՛ր,  2+2=?

-4,-պատասխանում է Մարիամը:

-Ճիշտ է: Դու նվեր ես ստանում չորս կոնֆետ ճիշտ պատասխանի համար:

-Ու՜ֆ,- տրտնջում է Մարիամը,-եթե իմանայի, որ նվեր եմ ստանալու, կպատասխանեի 8:

***

Ուսուցչուհուն հարցնում են.

-Կարո՞ղ եք նշել երեք պատճառ, որոնց համար Դուք սիրում եք Ձեր աշխատանքը:

-Կարող եմ. հունիս, հուլիս, օգոստոս…

***

Առաջին դասարանի ուսուցչուհին կողմնացույցի միջոցով բացատրում է.

-Ահա տեսնու՞մ ես սլաքը , Արթու՛ր: Աջ կողմում արևելքն է, ձախ կողմում՝ արևմուտքը, քո դիմաց հյուսիսն է, իսկ ի՞նչն է քո հետևում:

Տղան լռեց, հետո կարմրեց և լաց լինելով ասաց.

-Ախր ես մայրիկին ասացի, որ դուք բոլորդ կնկատեք, որ իմ տաբատը ծակ է:

Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

log in

reset password

Back to
log in