Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵՐԲ ԵՐԵԽԱՆ ՎԱՏ ԲԱՌԵՐ Է ԳՈՐԾԱԾՈՒՄ


վատ բառեր

Ձեր փոքրիկը մանկապարտեզից տուն գալուն պես մի նոր «գեղեցիկ» բա՞ռ է ասում կամ էլ ինչ-որ «բարեկամ» զվարճանալու և հպարտանալու համար սովորեցնում է երեխային հայհոյե՞լ… Սա լուրջ խնդիր է, որի հետ բախվում են գրեթե բոլոր 3-7 տարեկան երեխաների ծնողները: Հոգեբանները այս տարիքը նույնիսկ անվանում են «վատ բառերի տարիք»: Չէ՞ որ հենց այս տարիքում է փոքրիկը  սկսում ճանաչել աշխարհը, սովորում է հազարավոր բառեր գրեթե ակնթարթորեն և ցավոք այդ բառերի մեջ են հայտնվում նաև վատ բառերը: Այս ամենը կարելի է ուղղել, միայն թե ոչ մի դեպքում չի կարելի ուշանալ կամ սխալվել, հակառակ դեպքում ստիպված կլինեք  շատ անգամներ ամաչել Ձեր երեխայի համար: Եվ այսպես, ի՞նչ անել: Նախ պարզենք, թե ինչու են երեխաներն այդքան շատ օգտագործում վատ բառեր:

Գրեթե միշտ երեխաները ասում են այդ բառերն առանց հասկանալու դրանց իմաստը: Այդ դեպքում ինչո՞ւ են դրանք այդպես գրավում նրանց: Սովորական բառերը մարդիկ արտասանում են սովորական հնչերանգով, առանց ավելորդ էմոցիաների, իսկ վատ բառերը արտասանում են բարկացած, բարձր ձայնով, դեմքի յուրօրինակ արտահայտությամբ և բացասական էներգետիկայով, իսկ այդ բառերին էլ հետևում է ուժեղ արձագանքը: Պարզ է, որ այս ամենը իր վրա է հրավիրում երեխայի ուշադրությունը, երեխան հիշում է բառը և «փորձարկում» այն տանը:  Բառի հետ միասին երեխան կրկնօրինակում է նաև դրան ուղեկցող բացասական հնչերանգն ու էմոցիաները: Հավատացեք, նա միայն բավական ժամանակ անց է սկսում հետաքրքրվել բառի նշանակությամբ, քննարկում այն բակի կամ մանկապարտեզի ընկերների հետ: Իսկ իմաստը հասկանալուց հետո երեխան արդեն կսկսի օգտագործել դրանք իրենց նշանակությամբ, այսպես ասած՝ «թեմայի մեջ»:

Բնական է, որ երեխան այս բառերը սովորում է կամ իր շրջապատից, կամ հեռուստացույցից: Իսկ ովքե՞ր են նրա շրջապատում: Իհարկե, ամենից առաջ հենց Դուք, երեխայի ծնողները և հարազատները: Փոքրիկ աղջիկները պարզապես պաշտում են կրկնօրինակել իրենց մայրիկներին, դե իսկ տղաների համար օրինակ են ծառայում հայրերը: Երեխաներն անմիջապես մտապահում են այն խոսքերը, որոնք ասում են ծնողները: Այնպես որ, երեխայի վրա բարկանալուց առաջ նախ մի լավ ուսումնասիրեք ինքներդ Ձեզ, բարկացած պահերին գուցե Դուք  ինքներդ Ձեզ թույլ եք տալիս նման բառեր: Հնարավորինս վերացրեք դրանց գործածումը Ձեր տանը: Երեխան պետք է հասկանա, որ Ձեր տանը խոսում են մաքուր, գրագետ և քաղաքավարի: Ինչ վերաբերում է հեռուստացույցին, ապա ընկերակցեք նրան այդ պահերին, ընտրեք այն հաղորդումներն ու մուլտֆիլմերը, որոնք նա դիտում է և բացատրեք անհասկանալի բառերի նշանակությունը այնպես, ինչպես որ հարկն է:

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Երբ երեխան վատ բառեր է օգտագործում, մի սկսեք բարկանալ նրա վրա և անմիջապես մի պատժեք նրան: Երբ Դուք սկսեք բարկանալ, նրան կթվա, թե բավական է ասել այդ բառերը և նա կհայտնվի ուշադրության կենտրոնում: Հնարավոր է, որ Ձեզ բարկացնելու կամ հարազատների ուշադրությունն իր վրա հրավիրելու համար նա կրկին օգտագործի դրանք:

Եթե երեխան առաջին անգամ է գործածել այդ բառը, կարող եք ուշադրություն չդարձնել: Հավանաբար նա առանց հասկանալու է կիրառել այն, բայց երբ տեսնի, որ որևէ արձագանք չի գտնում տանը, գուցե և մոռանա: Երկրորդ անգամ երեխայից նման բառ լսելու դեպքում արդեն հարկավոր է միջոցներ ձեռնարկել:

Երբեք մի ծիծաղեք և մի ուրախացեք, երբ Ձեր երեխան նման բառեր է օգտագործում: Ցավոք դա շատ տարածված է հատկապես տղամարդկանց շրջանում:

Ոչ մի դեպքում մի ասեք երեխային. «Դու դեռ շատ փոքր ես նման բառեր ասելու համար»: Այդ դեպքում երեխան կկարծի, թե մեծերին թույլատրված է նման բառեր ասել և մեծ երևալու համար կշարունակի գործածել դրանք բակում կամ մանկապարտեզում:

Ցույց տվեք ոչ թե Ձեր բարկությունը, այլ Ձեր հիասթափությունը: Թող երեխան հասկանա, որ Դուք տխրում եք նրանից վատ խոսքեր լսելով: Նախադպրոցական տարիքի երեխայի համար չափազանց կարևոր է իր ծնողների սերը և նա ոչ մի դեպքում չի ցանկանա տխրեցնել Ձեզ ու ցավ պատճառել:

Երեխայի բառապաշարը դեռ փոքր է, և եթե Դուք արգելում եք նրան գործածել նման բառեր, ապա փոխարենը պետք է հարստացնեք նրա բառապաշարը լավ ու գեղեցիկ բառերով: Կարդացեք նրա համար գեղեցիկ ու մաքուր հայերենով հեքիաթներ, խաղացեք զարգացնող խաղեր, հաճախ զրուցեք և զբոսնեք նրա հետ միասին: Եվ հիշեք Ձեր փոքրիկի լավագույն օրինակը Դուք ինքներդ եք…

Անահիտ Ալեքսանյան

Մեկնաբանություններ

Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵՐԲ ԵՐԵԽԱՆ ՎԱՏ ԲԱՌԵՐ Է ԳՈՐԾԱԾՈՒՄ

log in

reset password

Back to
log in