ՔՉԱԿԵՐ ԱՎԱԳ ԽՈՀԱՐԱՐԸ


Քչակեր ավագ խոհարարը

Կար-չկար… Հմմմ, ժուկով-ժամանակով… Չէ, չէ, ավելի ճիշտ, լինում է, չի լինում, մի աղջիկ է լինում, դե այսինքն լինում եմ, չեմ լինում ես: Եթե անկեղծ, ես շատ չարաճճի եմ, բայց եթե էլի անկեղծ, շատ գեղեցիկ… Երևի դրա համար էլ ինձ բոլորը սիրում են… Դե լավ, հա, մի փոքր էլ, շա՜տ քիչ գլուխգովան եմ:

Այսօր էլ, սովորականի պես, գնացի դպրոց. բախտս ո՜նց բերեց՝ ոչ մի դաս չհարցրին, իսկ վերջին ժամը ֆիզկուլտուրա էր, դրանից բարձր գնահատական ստացա ու տուն վերադարձա: Մայրիկս էլի համեղ-համեղ բաներ էր պատրաստել: Չեմ հասկանում՝ նա մոռանու՞մ է, որ  ես քչակեր եմ… Ես ու ստամոքսս համաձայնության եկանք և  կերանք իմ բաժինը, բայց ափսես դեռ չի դատարկվել…

-Մտածել է պետք, մտածե՜լ…

-Ի՞նչ է պետք մտածել,-ասաց մայրիկս:

Օ՜յ, ինչպես թե՞, նա մտքե՞ր էլ կարդալ գիտի, թե ես բարձր մտածեցի… Մինչև ես դեմքս ծամածռած մտածում էի, մայրիկս կրկրնեց հարցը:

-Ոչինչ, ոչինչ, անձնական հարցեր են… Մա՛մ, իսկ կլինի՞ ես պատուհանի մոտ ուտեմ:

-Որտեղ ուզում ես, միայն կե՛ր:

Ցատկեցի տեղիցս, վազեցի ու նստեցի պատուհանագոգին… Մեկ էլ մի ծիտիկ փոքր քայլերով մոտեցավ, շատ հանգիստ խղճով վերցրեց մի փոքրիկ հաց (դե այսինքն, այնքան, որքան տեղավորվեց կտուցի մեջ) ու նույն փոքրիկ  քայլերով հեռացավ: Ես շատ բարկացա, փորձեցի հետ վերցնել իմ հացը: Չհասցրի. թռավ: Բայց ախր մի րոպե, ինչու՞ բարկացա, նա ընդամենն ուզում էր օգնել, չէ՞:

Ժպիտս այնքան լայն բացվեց, որ ականջներս բարկացան: Շշուկով կանչեցի ծիտիկներին ու ամանս մոտեցրի նրանց: Ինչպիսի՜ հրաշք… Մի քանի վայրկյան և ամանս նույնիսկ լվացվելու կարիք չունի:

-Վերջացրի, մա՛մ,-ասացի ու խորամանկ հայացքով նայեցի նրան:

-Ո՞նց կարող էր էսպիսի բան լինել,-բացականչեց ու ամուր գրկեց ինձ:

Հաջորդ առավոտ, երբ էլի վերադարձա դպրոցից, մայրիկս պատուհանագոգին էր դրել ուտելիքի իմ բաժինը: Ծիտիկներն ինձ տեսնելով՝ մոտեցան, գլխիս ճյուղերով հյուսված ինչ-որ պսակ դրեցին (հետո իմացա, որ դա ավագ խոհարարի մեդալի պես մի բան էր) ու սկսեցին ուտել:

-Ի՜, բա ե՞ս…

Գնացի ու խնդրեցի մայրիկիս ավելացնել… Վերադարձա. նրանք արդեն կշտացել էին, իսկ կուշտ ծիտիկները միշտ երգում են: Նրանց նայելով՝ սկսեցի ուտել, երգել, ուտել, երգել, ուտ… չէ, չէ երգել, երգել… Որովհետև ինչ-որ հրաշքով ես ու իմ ստամոքսն ամբողջը կերել էինք…

Ահա թե ինչպես են քչակերները դառնում շատակեր, իսկ թե ինչպես է հակառակը լինում, էդպես էլ չկարողացա բացահայտել…

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։