ՄԱՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ. ԵՐԳԱՎԱԶՔՈՎ ԴԵՊԻ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

Այս հմայիչ աղջկան մեր ընթերցողները հիշում են դեռ Mocak.am-ի Մանկական հեքիաթի մրցույթից: Մանե Առաքելյանը ներկայացրել էր երկու հրաշալի հեքիաթ, որոնցից մեկը՝ «Հեքիաթ շախմատի թագավորության մասին» աշխատանքը, ընդգրկվեց լավագույն քսան հեքիաթների ցանկում: Մեր ընթերցողները հասցրել են սիրել Մանեի հեքիաթները, բայց դեռ ոչինչ չգիտեն նրա մասին: Իսկ բոլորովին վերջերս մենք բացահայտեցինք նաև այն, որ Մանեն հրաշալի երգում է: Կարծում եմ ճիշտ ժամանակն է նրա հետ ավելի լավ ծանոթանալու և ընկերանալու համար: Եվ ուրեմն, մենք պարզեցինք, որ Մանեն 11 տարեկան է: Սովորում է Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում, 6-ի ա դասարանում և հաճախում եմ նաև «Լուիզա V»երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժին:

-Ե՞րբ հասկացար, որ դու սիրում ես և կարողանում ես գրել: Արդյո՞ք հիմա էլ շարունակում ես գրել:

-Առաջին անգամ փորձեցի գրել 9 տարեկանում: Դասարանում իմ շարադրությունները միշտ տարբերվում էին: Բոլորը տխրում էին, երբ մեզ շարադրություն էր հանձնարարվում, իսկ ես ընդհակառակը: Հետո ինքս ինձ շարադրություններ էի կազմակերպում, ինչի արդյունքում էլ ստացվեցին հեքիաթները, իսկ մի փոքր ավելի ուշ արդեն նաև երաժշտություն և խոսքեր: Իսկ նախորդ տարի հատուկ պատվոգիր ստացա հեղինակային ստեղծագործության՝ ռուսերեն բանաստեղծության համար:

Մանե Առաքելյան

-Իսկ ինչպե՞ս բացահայտվեց նաև այն, որ դու այդքան լավ երգում ես: Երբ սկսեցիր հաճախել երգի: Արդյոք հայրիկն ու մայրիկն էլ քեզ պես սիրում են երգել:

– Մեր ընտանեկան արխիվում կան տեսանյութեր, որտեղ ես 2 տարեկան եմ և արդեն երգում եմ, երգում եմ գամաներ, տարբեր երգեր…. Փաստորեն այն, ինչ ինձ շատ դուր էր գալիս անել 2 տարեկանում, մինչև այժմ էլ դուր է գալիս, որովհետև հիմա էլ երգում եմ, հանդես եմ գալիս տարբեր բեմերում, ունեմ արդեն երգացանկ: Երգի սկսկեցի հաճախել 6 տարեկանից` Անահիտ Շահզադեյանի` «Սյուրպրիզ» մանկական երգի թատրոն: Երգի ասպարեզում առաջին քայլերս արել եմ հենց այնտեղ: Այսօր իմ երաժշտական ղեկավարն է պրոդյուսեր, կոմպոզիտոր Զառա Պետրոսյանը: Ես նրան շատ եմ սիրում և փորձում եմ հետևել նրա բոլոր խորհուրդներին:

Ինչ վերաբերում է ծնողներիս երգելու հատկություններին, պետք է ասեմ, որ մայրիկս է լավ երգում: Նա ունի հետաքրքիր ձայնի տեմբր, և ասում են, որ իմ ձայնը շատ նման է մայրիկիս ձայնին: Երգում առաջին դիտողություններն ու խորհուրդները ստանում եմ հենց նրանից:

-Գուցե կան էլի թաքնված տաղանդներ, որոնց մասին մենք չգիտենք: Ունե՞ս այլ հետաքրքրություններ:

– Անկեղծ ասած, փորձել եմ նաև ինքս երգեր գրել, և ունեմ մի քանի գրած երգեր: Հույս ունեմ, որ կգա ժամանակը, և ես հանդես կգամ իմ գրված երգերով:

-Հիշու՞մ ես առաջին անգամ երբ ես բեմ բարձրացել: Հիմա հուզվո՞ւմ ես բեմ բարձրանալուց առաջ:

– Իմ, այսպես ասած, բեմելը տեղի ունեցավ դեռ քոլեջում, երբ ես 5 տարեկան էի: Նույնսիկ հիշում եմ, թե որ երգն էի երգում` «Արարատի անուշ խաղող»: Երբ մասնակցում եմ երգի մրցույթների, անկեղծ ասած, հուզվում եմ, բայց երբ ելույթ եմ ունենում ուղղակի` համերգին, չեմ հուզվում… մեծ հաճույք եմ ստանում բեմում երգելուց:

Մանե Առաքելյան

-Հիշու՞մ ես քո առաջին հաջողությունը, երբ բոլորը հպարտանում էին քեզնով ու շնորհավորում: Ի՞նչ հաջողությունների կցանկանաս հասնել:

– Առաջին մեծ հաջողությունը եղավ 2010 թ-ին` «Երգը բարեկամության կամուրջ» փառատոնին: Ես արժանացա մրցանակի, ստացա պատվոգրեր և՛ փառատոնի կազմակերպիչների կողմից, և՛ իմ դպրոցի կողմից` հատուկ պատվոգիր: Այդ ժամանակ ստացա նաև իմ առաջին նվեր-մրցանակը` MP3 փլեյեր: Կարծում եմ մեծ հաջողությունները դեռ առջևում են, և ես դեռ երկար ու հետաքրքիր ճանապարհ ունեմ անցնելու..

 -Գիտեմ, որ հիմա պատրաստվում են մի մեծ ու կարևոր մրցույթի՝ Մանկական Եվրատեսիլին: Պատմիր քո երգի մասին, ինչպե՞ս ընտրեցիր այն և ինչ ակնկալիքներ ունես մրցույթից:

– Շատ ուրախ եմ, որ ընդգրկվեցի 14 մասնակիցների մեջ: Երգս կոչվում է «Երգավազք»: Ի դեպ, շատերն են ինձ հարցնում, թե ինչ է երգավազքը: Ես էլ սիրով պատասխանում եմ, որ բառը ինքնին հուշում է: Միշտ պատկերացնում էի, որ ինչ հրաշալի կլիներ, եթե բոլոր ընկերներով հավաքվեինք ու բարձ երգելով վազեինք՝ տարածելով շուրջբոլորը մեր լավ տրամադրությունը, ծիծաղը: Եվ Եվրատեսիլին ներկայացվող իմ երգը հենց այդ մասին է, այն կոչ է անում բոլոր երեխաներին ուրախ երգով միասին վազել դեպի երազանքների իրականացում:

-Իսկ առհասարակ ի՞նչ երաժշտություն ես սիրում լսել, կա՞ մի երգիչ կամ երգչուհի, ում հետագայում կցանկանայիր նմանվել կամ համագործակցել նրա հետ:

– Շատ սիրում եմ փոփ երաժշտություն: Սիրում եմ Բեյոնսեին, Ագիլերային, Բրունո Մարսին, Ար Քելիին, Մարուն 5-ին, Փինքին: Բայց եթե նմանվել` ուրեմն միմիայն Բեյոնսեին: Շատ եմ սիրում նրան…

– Երևի բոլոր երեխաների պես դու էլ սիրում ես խաղալ, զվարճանալ, չարություններ անել: Եթե մեծերը ոչինչ չարգելեին քեզ, ի՞նչ կցանկանայիր ամենից շատ անել: 

– Օօօօ, հավե՜ս կլիներ անել ինչ ուզում եմ, օրինակ՝ դաս չանել, առավոտյան այդքան վաղ չարթնանալ, երբեմն` դպրոց չգնալ…. Հիմա կմտածեք` ծույլիկ եմ, բայց այդպես չէ: Ես լավ եմ սովորում դպրոցում, ուղղակի բոլորս էլ շատ հոգնում ենք: Հա՜… և ժամեր շարունակ դիտել «Դիսնեյի» ֆիլմերը և, իհարկե, երաժշտություն լսել…

-Արդեն սկսվել է նոր ուսումնական տարին: Ինչպե՞ս անցկացրիր ամառային արձակուրդները և ինչպե՞ս ես պատրաստվել դասերին: Արդյո՞ք հասցնում ես դասերին միշտ պատրաստ լինել համերգների ու փորձերի շրջապտույտում:

– Արդեն քանի ամառ շարունակ ընտանիքով ծով ենք գնում: Միշտ անհամբեր սպասում եմ ամռանը, որովհետև ծով շատ եմ սիրում, բայց այս ամառ ծովի հետ այդպես էլ չհանդիպեցինք` պատրաստվում էի Եվրատեսիլին: Բայց որքան էլ շատ են փորձերն ու համերգները, ամեն ինչ հասցնում եմ: Համ էլ իմ մայրիկի հետ վատ սովորել անհնար է. եղբայրս` Կարենն էլ է լավ սովորում: Մայրիկը շատ խիստ է այդ առումով ու հետևողական:

 -Ի՞նչ ես կարծում, կարո՞ղ է գալ մի ժամանակ, երբ որոշես այլ մասնագիտություն ընտրել, թե՞ այնուամենայնիվ, երգչուհի կդառնաս:

– Ոչ մի ուրիշ մասնագիտության մասին չեմ մտածում: Շատերն ասում են, որ երգից բացի ես պետք է լուրջ մասնագիտություն ընտրեմ, բայց ես այդ մասին նույնիսկ լսել չեմ ուզում…

-Ունե՞ս մեծ, շա՜տ մեծ երազանք, որը դեռ չի իրականացել:

 – Իհարկե ունեմ` երազում եմ երգչուհի դառնալ…

Հ.Գ. Դե ինչ, ահա և ծանոթացանք Մանեի հետ, իսկ հիմա նրան մեծ հաջողություն մաղթենք և սպասենք նրա հրաշալի ելույթին սեպտեմբերի 30-ին: Բան չմնաց…

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի