ԻՄ ԵՐԵՎԱՆ. ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Իմ Երևան

ԵՐԵՎԱՆ

Իմ նորակերտ Երևան,
Լույսի շքերթ Երևան,
Անիս ավեր չթողնես
Իմ լույսի բերդ Երևան:

Ինձ էլ բերեք Մասսի ձյունից
Իմ հողերի արցունքով
Երբ կազատվի լուրն ինձ բերեք
Ոչ թմբուկով, ոչ շուքով,
Քանզի սիրտս շատ է մաշել
Արարատիս կարոտից,
Որ չմեռնեմ խնդությունից
Լուրն ինձ բերեք շշուկով:

Հովհաննես Շիրազ

ԻՄ ԵՐԵՎԱՆ

Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել,
Այս ջուրը խմել սառնորակ,
Հազար ճանապարհ ես իմ դեմ դու բացել,
Իմ լավ, հարազատ իմ քաղաք:

Քարդ քարիդ եմ շարել,
Քեզ հետ հասակ եմ առել,
Իմ Երևան, քո ամեն շենքի հետ
Ես իմ կյանքն եմ կապել առհավետ:

Քեզ միշտ սիրել եմ, իմ վարդագույն ընկեր,
Քեզնով ապրել եմ, քեզ միշտ երգել,
Դու անխավար լույսի տուն, Երևան,
Ամեն հայի հույսի տուն, Երևան:

Սիրում եմ գարունդ փարթամ ու լուսեղ,
Աշունդ` ոսկե մի երազ,
Նորքիդ բարդիները նազուկ ու վսեմ,
Զանգվիդ կոհակները փիրուզ:

 Վլադիմիր Հարությունյան

ՀԵՅ ՋԱՆ, ԵՐԵՎԱՆ

Երևանում տոն է թող բոլորը գան
Օդը հրաշալի է, ջուրն անմահական
Նա մի բուրաստան է վեհ ու ձյունաթափ
Մեր Մասիսների սուրբ վառ հայացքի տակ:

Հե՜յ, ջան, Երևան, մեր մայր օրորան,
Հե՜յ, ջան, հե՜յ, ջան, դու իմ Երևան…
Դու մեր կյանք, մեր բերկրանք, մեր լավ Երևան:

Բոլորիդ կանչում եմ, եկեք Երևան,
Ջուրը անուշիկ է, օդը աննման,
Օտար ափերից դարձիր Հայոց քարավան,
Պանդուխտ եղբայրներ, եկեք Հայաստան:

Չի ապրել կյանքում ով գեթ իմ երազում,
Չի տեսել աստղերն ու մեր ծաղկունքը ծով,
Իսկ մեր աղջիկները սերն է իմ վկա
Ով նրանց տեսնում է, էլ հանգիստ չկա:

Նոր կյանքը ծաղկել է գարնան դաշտերում,
Սևանի ջրերը հույսեր են բերում,
Շենքերի թևերը հասան Մասիս սար,
Աղջիկների սերը սարին հավասար:

Հովհաննես Ղուկասյան

ԵՐԵՎԱՆԻՆ

Նա փոխվում է ամեն վայրկյան՝
Արբունքահաս պատանու պես ,
Ե’վ դեռ մանուկ, և’ առնական,
Արբունքահաս պատանու պես:
Երեկ՝ խաղում փոշիներում
Լվացվում է այսօր նա, տե’ս,
Հայելակերպ ավազանում
Արբունքահաս պատանու պես:
Ինքն իր աչքում երեկ տգեղ,
Ինքն իրենից դժգոհ այնպես,
Հիմա հրճվում է իրենով՝
Արբունքահաս պատանու պես:
Արբունքահաս պատանու պես
Նոր է միայն նա կյանք մտնում,
Նա ինքն իրեն նոր է գտնում
Արբունքահաս պատանու պես:
Բայց և հիմա պա՜րզ է այնպես
Նրա գալիքն ու ապագան՝
Երբ որ դառնա նա առնական
Արբունքահաս պատանու պես:

Բ
Սա պատմելու բան չէ,
Սա զգալո՜ւ բան է…
Ա’խ, ինչքա՜ն է տանջել
Ինձ իմ Երևանը:
Շենքերին ես նայում,
Պալատներին վսեմ
Եվ ուզում ես անվերջ
Խոսե՜լ, խոսե՜լ, խոսե՜լ:
Եվ ուզում ես խոսել
Ինչ-որ ուրի՜շ ոճով,
Բայց կորչում է ասես
Հայերենը քո ճոխ:
Մի “չքնաղ” է մնում,
Մի “հոյակապ”, մի “պերճ”,
Մի մեծ “չնաշխարհիկ”,
Մի “վեհ” փոքրիկ և՝ վե’րջ:
ՈՒ ծով հիացումը
Քարանում է, լռում:
Քարանում է այնպես,
Ինչպես հեքիաթներում:
Լեզուդ համրանում է,
Լոկ հայացքդ է խոսում,
Կարծես մոռանում ես
Քո մայրենի լեզուն…
Սա պատմելու բան չէ,
Սա զգալո՜ւ բան է:
Դրա համար պիտի
Տեսնել Երևա՜նը:

Գ
Քաղաքամերձ անտառն իր կանաչին
Դանդաղ և աննկատ
Դեղին ոսկեթել է ընդելուզում:
Նորքի կտուրներին դդում ու չիր
Արեգակի վերջին
Լիցքերն են ծուլորեն կորզել ուզում:
Ցածում՝
Արարատյան տաք հովտի մեջ,
Հորդ անձրևից հետո, Երևանն է շողում
Աշնանային շոյող արեգակի ներքո:
Եվ կամարնե’րը կոր,
Եվ լորինե’րը մայթամերձ
Շողշողում են, զինում մի նոր կախարդանքով՝
Անձրևաթաց փողոցների հայելու մեջ
ճանաչելով իրենք իրենց
ՈՒ մնալով խիստ գոհ:
Ցածում Երևանն է,
Որ թռչելով Զանգուն և անցնելով այն կողմ՝
Կանգ է առել մի պահ,
Որ շունչ առնի, ապա
Նորից ձգվի դեպի Էջմիածին, Փարպի.
Նա’, որ իր ձեռքը Քանաքեռին հպած,
Մյուս թևը իր բաց
Տարածվում է դեպի այն լեռը, որ
Հին լեգենդից բացի՝ հայտնի է նոր
Մեր հայկական գերբից:
Երևանն է շողում իբրև հսկա մագնիս,
Իր կողերից կախած բազում նոր ավաններ՝
Փոքրիկ Երևաններ,
Որոնք իրար հանդեպ, իբրև հարևաններ,
Նախանձո՜տ չեն, սակայն նախանձախնդի՜ր են.
Ասֆալտ ու տուֆ հագնել,
Երևանի կողքին ինքնավայել կանգնել –
Նրանց համար ահա թե ո’րն է խնդիրը:
Իսկ այդ ավանների անուննե՜րը խոսուն.
Նոր Կիլիկիան ահա,
ահա Արաբկիրը,
Ահա Նոր Արեշը,
Նոր Զեյթունը:
Յուրաքանչյուր ավան
տարբեր մի երկիր է.
Եվ ամեն մի երկիր
Աժանացել հարկի,
Լոկ այստեղ է գտել
վերջին հասցեն,
տունը:
Կարելի է կարծել, որ աշխարհը համայն
Սեղմվել է փոքրացել
Եվ ձգվելով թովիչ այս քաղաքից՝
Նրա շուրջն է սիրով խմբվել հիմա:
Ի՞նչ է, արտառո՞ց է, զարմանալի՞:
Մի մոռացեք սակայն, որ այս հարցում
Քար զարմանքի բոլոր փակ դռներն է բացում
Տխուր մեր անցյալը –
հին բանալին:
Մինչդեռ նորը, խնդրե’մ՝
Իբրև արվեստագետ և իսկական, և մեծ,
Խոսում է ո’չ այնքան, որ ցույց է տալիս.
Երևանն է շողում
Արարատյան բեղուն տաք հովտի մեջ:
Երևանն է շողում
իբրև հսկա՜ մագնիս…

Պարույր Սևակ

Մեկնաբանություններ

ԻՄ ԵՐԵՎԱՆ. ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

log in

reset password

Back to
log in