facebook

ՀԵՔԻԱԹ- ՄԻԿԻ ՇՆԻԿԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ


Հեքիաթ Միկի շնիկի ճանապարհորդությունը

Կար-չկար մի խրճիթ կար, որը գտնվում էր աշխարհի ամենահեռավոր ծայրում: Այնտեղ ոչ ոք չէր ապրում, միայն թռչուններ կային, և շատ-շատ ծաղիկներ ու գեղեցիկ պտղատու ծառեր: Իսկ խրճիթում ապրում էր մի փոքրիկ շնիկ, որի անունը Միկի էր: Նա այնքան գեղեցիկ էր, որ անգամ ձմռանը, երբ ծառերը խոր քուն էին մտնում, նրան տեսնելիս  արթնանում էին:

Ամեն առավոտ Միկին արթնանալուն պես սկսում էր մարզվել, հետո գնում էր լոգարան, մի լավ լվացվում. նախ մաքրում էր իր գեղեցիկ թաթիկները, հետո սպիտակ ատամները, իսկ ամենավերջում սանրում իր փափուկ մազերը: Ճիշտ է, այս ամենի մասին երբեք չէր մոռանում, բայց միշտ մոռանում էր նախաճաշել… (իսկ նախաճաշ չանելը բոլորիս թերությունն է): Վերջ, այսքանն անելուց հետո շտապում էր աշխատանքի. Միկին ծառերի և ծաղիկների հոգեբան էր… Միշտ անտառում, ծառերը շրջան կազմած, անհամբեր սպասում էին իրենց Միկիին…

Այսպես անցնում էր նրա օրը, բայց նրան ինչ-որ բան էր պակասում, նա շատ մենակ էր զգում իրեն… Երևի որովհետև ընկերներ չուներ… Միկին, իր տխրությանը վերջ դնելու համար, որոշեց իրեն ընկեր գտնել: Վերցրեց մի քանի կարևոր իր և ճանապարհ ընկավ: Հանկարծ մի ձայն լսեց.

-Աու՜, ոտքդ քաշի՛ր, ցավում է, չէ՞…

Ինչպես և մենք, այնպես էլ Միկին չգիտեր, որ այդ կողմերում ապրում էր մի թզուկ, որը պաշտպանում էր նրան վտանգներից: Եվ դա հենց թզուկն էր: Նրանք ծանոթացան և Միկին առաջարկեց թզուկին իր հետ գալ:

Ճանապարհը շատ երկար էր: Հոգնած քայլում էին, երբ նկատեցին մի գեղեցիկ, բայց թոշնած ծաղիկի, որը խնդրեց.

-Ինձ էլ տարեք ձեզ հետ, ես ձեզ կօգնեմ գտնել ճիշտն ճանապարհը…

Թզուկն այդքան էլ չէր հավանել ծաղիկին, իսկ ա՛յ Միկին միանգամից համաձայնվեց, չէ՞ որ հոգեբան էր: Նրանք մի փոքր զրուցեցին և ծաղիկը թարմացավ, նրա գեղեցիկ և գունավոր թերթիկները բացվեցին և երեք ընկերները ճանապարհ ընկան: Գնացին, գնացին, հասան մի քաղաք, որը ՄՈԾԱԿ էր կոչվում: Այդպես էր կոչվում, որովհետև այնտեղ մարդիկ ընկերություն էին անում մոծակների հետ, իսկ մոծակներն էլ երբեք չէին խայթում: Մոծակում Միկիին, թզուկին և ծաղիկին շատ լավ ընդունեցին: Նրանք ուրախացան, լիքը համեղ բաներ կերան և գիշերեցին, որովհետև մութն արդեն վաղուց էր ընկել: Միկին ամբողջ գիշեր մտածեց, որ իզուր անցավ այս օրը, ախր ինքը չգտավ իր ընկերոջը… Իսկ հաջորդ առավոտ, երբ Միկին արթնացավ, հասկացավ, որ ընկերները՝ թզուկն ու ծաղիկը, իր կողքին քնած են: Արթնացրեց, ամուր, շատ ամուր գրկեց նրանց, միասին հրաժեշտ տվեցին Մոծակի բնակիչներին և վերադարձան այնտեղ, որտեղից եկել էին… Ապրեցին իրենց խրճիթում երկար և երջանիկ…  Միկին վերջապես հասկացավ, որ ընկերները միշտ էլ մեր շրջապատում են, նրանց պարզապես նկատել է պետք…

Նահապետյան Մոնիկա

10 տարեկան

Մեկնաբանություններ

ՀԵՔԻԱԹ- ՄԻԿԻ ՇՆԻԿԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

log in

reset password

Back to
log in