ԴՊՐՈՑԱԿԱՆԸ, ՈՐ ԳԻՏԻ ԻՆՉՊԵՍ ՓՐԿԵԼ ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԸ

Քանի դեռ մեծահասակները շարունակում են պատերազմել, վիճել, կեղտոտել գետերն ու հատել անտառները, երեխաները որոշել են իրավիճակը վերցնել իրենց ձեռքը: Ապագան երեխաներինն է, և նրանք ցանկանում են հոգ տանել ապագայի մասին այսօր: Ֆելիքս Ֆինկբայներ անունով մի դպրոցական տղա իր ընկերների ու կողմնակիցների հետ արդեն հասցրել է տնկել 12,5 միլիարդ ծառ: Ֆելիքսը ավելի շատ համակիրներ ունի, քան բոլոր պետությունների նախագահները միասին: Նրա հրաշալի նախաձեռնությանը միացել են երեխաներ ու մեծահասակներ ավելի քան 130 երկրներից: Կարևորագույն նպատակը ողջ աշխարհով մեկ տրիլիոն ծառ տնկելն է: Իսկ այն, որ նպատակը Ֆելիքսի ու նրա ընկերների համար իրագործելի է, հաստատ է, քանի որ նրանց նշանաբանն է. «Քիչ խոսել, շատ գործել»:

ԴՊՐՈՑԱԿԱՆԸ, ՈՐ ԳԻՏԻ ԻՆՉՊԵՍ ՓՐԿԵԼ ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԸ

Ֆելիքսը շատ բանով աչքի չէր ընկնում անգամ իր դպրոցում, և նրան դժվար թե կարելի լիներ լիդեր անվանել, բայց աշխարհը փրկելու ազնիվ ու մեծ ցանկությունը նրան դարձրեց Գերմանիայի ամենահայտնի երեխան, ով հարյուր հազարավոր հետևորդներ ունի ողջ աշխարհում:

«Ես չեմ կարծում, թե երեխաները ավելի շատ բանի են ընդունակ, քան մեծերը: Պարզապես մեծերը չափազանց քիչ են զբաղվում բնապահպանության հարցերով: Նրանք դրա համար ժամանակ չունեն: Իսկ մենք չենք կարող պարզապես նստել և սպասել, երբ նրանք կորոշեն մեր փոխարեն», – ասում է Ֆելիքսը:

Իսկ ամեն ինչ սկսվեց 2 տարի առաջ դպրոցական մի դասից: Դասն այն մասին էր, որ Երկիր մոլորակը օր օրի ավելի է աղտոտվում: Սովորական տնային հանձնարարություն, որը Ֆելիքսը կատարեց այնպես, որ նրա մասին իմացավ ողջ Գերմանիան: Նա շրջել է ողջ աշխարհը և ամեն տեղ գտել իր համակիրներին՝ անձնական օրինակով ցույց տալով, թե ինչպես պետք է վարվեն երեխաները, քանի դեռ մեծերը զբաղված են փողերի ու զենքի կուտակմամբ: Ֆելիքսին են միացել նաև հանրահայտ մարդիկ, մոդել Ժիզել Բյունդխենը, դերասան Հարրիսոն Ֆորդը, ինչպես նաև մի շարք երկրների նախագահներ ու վարչապետներ:

Ֆելիքսն ազատորեն մուտք է գործում միջազգային հանձնաժողովներ ու համարձակ ելույթ ունենում կոստյումներով պաշտոնյաների առջև. «Լսեք մեզ, այդ մենք ենք՝ երեխաները, մենք աշխարհի տերերն ենք»:

ԴՊՐՈՑԱԿԱՆԸ, ՈՐ ԳԻՏԻ ԻՆՉՊԵՍ ՓՐԿԵԼ ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԸ

Ֆելիքսի ծնողները, սակայն, նրա համար շատ են անհանգստանում: Չէ՞ որ լրատվամիջոցները հիմա պարզապես հանգիստ չեն տալիս տղային: «Հիմա նրան կբարձրացնեն երկինք, իսկ հետո ընկնելը շատ ցավոտ է: Մենք ուզում ենք, որ Ֆելիքսը իսկական մանկություն ունենա, բոլոր երեխաների պես»,- ասում են նրա ծնողները: Հիմա նրանք եկել են համաձայնության. մեկ շաբաթ Ֆելիքսը զբաղվում է էկոլոգիական խնդիրներով, մեկ շաբաթ խաղում ու զբոսնում է ընկերների հետ: Եվ ամբողջ ընթացքում նրա ուսումը չի տուժում:

Իսկ ծառերը շարունակում են տնկվել աշխարհի տարբեր անկյուններում: Դու էլ միացիր Ֆելիքիսի նախաձեռնությանը, տնկիր մի փոքրիկ ծառի շիվ հենց ձեր բակում, ամեն օր ջրիր այն սիրով ու հոգատարությամբ: Պահպանիր քո ծառը, չէ՞ որ նրա շնորհիվ մի քիչ ավելի մաքուր կդառնա Երկիր մոլորակը:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի