ԻՆՉՊԵ՞Ս ՆԿԱՐԵԼ ԱՇՈՒՆ


Աշուն. նրա ուղիղ կեսն արդեն անցել է, բայց աշնանային տրամադրությունը դեռ դրսում է մնացել… Իսկ այն տուն բերելու շատ լավ տարբերակ են աշնանային նկարները: Իհարկե, մենք հանգիստ խղճով կարող ենք համացանցից նկարներ հանել և փակցնել պատերին: Բայց  ինչու՞ այդպես անել, եթե ինքնուրույն, մեր իսկ ձեռքերով և երևակայությամբ պատրաստած ամեն ինչ միշտ ավելի գեղեցիկ է ստացվում: Ես քեզ կառաջարկեմ մի քանի տարբերակներ, իսկ ա՛յ քո գործը բարդ է. պետք է ընտրես…

Բոլոր տարբերակների համար էլ մենք պետք է իմանանք ծառ նկարել, ինչը շա՜տ հեշտ է: Պետք է նկարել ծառի բունը և ճյուղերը: Ու բացարձակ պարտադիր չէ, որ նրանք հավասար լինեն, ո՛չ, ընդհակառակը, նրանք պետք է ծուռ ու անհավասար լինեն, որովհետև բնական ծառերը հենց այդպիսին են:

Տարբերակ 1

Այս տարբերակի համար մեզ պետք են շագանակագույն (կամ սև), կարմիր, նարնջագույն ու դեղին ջրաներկեր, վրձին, ատամի խոզանակ (կամ սպունգ) և սպիտակ թուղթ: Շագանակագույնով կնկարենք ծառի բունը և ճյուղերը: Սա կանենք ամենասովորական վրձինով: Իսկ ահա տերևները նկարելու համար մեզ անհրաժեշտ կլինեն ատամի խոզանակ և դեղին, կարմիր, նարնջագույն ջրաներկեր: Ատամի խոզանակը պետք է թրջել ներկերով և շաղ տալ սպիտակ թղթի վրա՝ տերևների համար նախատեսված վայրում, այսինքն՝ ճյուղերի վրա: Բայց չմոռանանք, որ աշնանը տերևները բացի գունավոր երանգներ ստանալուց, նաև թափվում են: Ուրեմն նույն եղանակով տերևներ պետք է նկարել նաև թղթի ներքևի հատվածում:  Աշնանային «առաջին տրամադրություն»-ն արդեն պատրաստ է: Անցնե՞նք երկրորդին…

0fc2a264c92cb631af1a817139850fed

Տարբերակ 2

Անհրաժեշտ բաղադրիչներ. կապույտ, կանաչ, շագանակագույն ներկեր, վրձին, սոսինձ և մի քանի «աշնանագույն» տերևներ: Կանաչ ներկով վրձնի օգնությամբ կնկարենք խոտերը, շագանակագույնով՝ ծառի բունն ու ճյուղերը, որոնք մի փոքր թեքված են, որովհետև, նկարում, ինչպես տեսնում ենք, քամի է: Կապույտ ջրաներկով էլ կնկարենք երկինքը: Դե իսկ ահա «աշնանագույն» տերևները կսոսնձենք թղթին: Այսպիսով ստացվում է, որ քամին ծառից պոկում-թռցնում է տերևները: Ահա երկրորդ տարբերակն էլ ավարտեցինք…

fall72-e1350475230267-496x355

 Տարբերակ 3

Այս տարբերակն ամենահեշտն է: Մենք պարզապես շականակագույն ջրաներկով պետք է նկարենք ծառի արմատները, բունն ու ճյուղերը և ցուցամատով նկարենք տերևները: Միայն թե այս ծառի ճյուղերը պետք է շատ լինեն, այդպես ավելի գեղեցիկ կստացվի:

c265649b76e0df4d6a2df3f6cf7bf2ad

Տարբերակ 4

Այս տարբերակի համար մեզ անհրաժեշտ են՝ դակիչ, գունավոր թղթեր, սոսինձ, շագանակագույն ջրաներկ, վրձին:7s

Գունավոր թղթերը պետք է դակել և ստանալ այնպիսի կլորիկներ, ինչպիսին պատկերված է նկարում: Դրանք ստանալուց հետո վերցնում ենք նարնջագույն մի թուղթ, վրան նկարում երկու ծառ: Ճյուղերի մոտ և թղթի ներքևում սոսինձ ենք քսում և այդ կլորիկները սոսնձում:  Այսպես աշնանային տերևաթափի պատկեր ենք ստանում: 

7's

Ես գիտեմ, թե քեզ համար որքան դժվար է ընտրություն անել, դրա համար առաջարկում եմ նկարել բոլորը… Կարծում եմ քո բարեկամների և ընկերների  տներում էլ է պակասում աշունը… Եվ մի բան էլ. չմոռանաս քո նկարների ներքևի կամ վերևի մի փոքրիկ հատվածում գրել քո անուն-ազգանունը, չէ՞ որ դրանք քո ձեռքի աշխատանքներն են…

Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ԻՆՉՊԵ՞Ս ՆԿԱՐԵԼ ԱՇՈՒՆ

log in

reset password

Back to
log in