ԱՍՏԵՐԻՔՍՆ ՈՒ ՕԲԵԼԻՔՍԸ


Աստերիքսն ու Օբելիքսը

Աստերիքսին ու Օբելիքսին դու շատ լավ ճանաչում ես նրանց մասին պատմող ֆրանսիական կինոկատակերգություններից: Սակայն խելացի ու հնարամիտ Աստերիքսն ու նրա ցմփորիկ ընկեր Օբելիքսը ֆիլմերում հայտնվելուց շատ առաջ նկարահանվել են մուլտֆիլմերում, իսկ ամենասկզբում նրանք ստեղծվել են իբրև կոմիքսների հերոսներ: Աստերիքսին և Օբելիքսին առաջին անգամ նկարել են Ալբեր Ուդերցոն և Ռենե Գոսինին 1959թ.-ին և հրատարակել նկարները «Պիլոտ» շաբաթաթերթում: Եվ ստացվում է, որ այս զվարճալի հերոսները ավելի քան 50 տարեկան են:

Աստերիքսն ու Օբելիքսը գալլերի ցեղից են, ովքեր համարվում են ֆրանսիացիների նախահայրերը: Ալբեր Ուդերցոն ասում էր. «Բոլոր ֆրանսիացի երեխաները դպրոցական դասագրքերից քաջ ծանոթ էին մեր նախնիների՝ գալլերի և հռոմեացիների միջև պայքարին: Մենք այս պատմությունը ցանկացանք դարձնել ավելի զվարճալի և ավելի լավ հիշվող»: Աստերիքսն ու Օբելիքսը ապրում են մի փոքրիկ գյուղում, որը ոչ մի կերպ չի ցանկանում հնազանդվել հռոմեացիներին, իսկ իրենց անհավանական ուժը նրանք ստանում են կախարդական ըմպելիքից, որը նրանց համար պատրաստում է Պանորամիքս անունով դրուիդը: Երկու ընկերները իրենց շնիկ Իդեեֆիկսի և դրուիդ Պանորամիքսի հետ հաճախ են ճանապարհորդում դեպի տարբեր երկրներ: Նրանք հասցրել են լինել Եգիպտոսում, Ամերիկայում, Հնդկաստանում, Իտալիայում, Բրիտանիայում և այլն: Այս ճանապարհորդություններից շատերը տեղ են գտել նաև նրանց մասին նկարահանված մուլտֆիլմերում և ֆիլմերում:

Որքան էլ դա անարդարացի թվա Օբելիքսի երկրպագուներին, սակայն այս կոմիքսների, ինչպես և մուլտֆիլմերի ու ֆիլմերի գլխավոր հերոսը համարվում է Աստերիքսը, իսկ շատակեր ու միամիտ Օբելիքսը միայն ուղեկցում է նրան: Կոմիքսների առաջին գիրքն էլ, որ հրատարակվեց 1961թ.-ին, կոչվում էր «Աստերիքսը Գալլիայից»: Կոմիքսների հեղինակները խոստովանում են, որ իրենք հատուկ էին իրենց հերոսի անունը ընտրել «ա»-տառով, որպեսզի ընթերցողները նրան հեշտությամբ գտնեին կոմիքսների անվանացանկերում: Մինչև այսօր հրատարակվել են 30-ից ավելի կոմիքսների գրքեր Աստերիքսի և Օբելիքի մասին և տարածվել ամբողջ աշխարհում ավելի քան 325 միլիոն օրինակով:

Ռենե Գոսինին վաղուց մահացել է, իսկ Ալբեր Ուդերցոն արդեն 85 տարեկան է և որոշել է գտնել իրեն փոխարինողների: Նկարիչներ Ֆրեդերիկ և Տիերի Մեբարկները կշարունակեն նկարել այս զվարճալի հերոսներին: Նրանք արդեն կոմիքսների նոր գիրք են պատրաստում, բայց չեն մոռանում հետևել իրենց ուսուցչի խորհուրդներին:

Աստերիքսն ու Օբելիքսը

Աստերիքսը իսկական հպարտություն է ֆրանսիացիների համար, նրանց ամենասիրելի հերոսներից մեկը: Երբ Ֆրանսիան նշում էր Աստերիքսի և Օբելիքսի 50-ամյակը, ողջ Փարիզը լցված էր նրանց պատկերներով, խաղալիքներով ու հուշանվերներով: Իսկ տարեդարձի օրը մի քանի ինքնաթիռ երկնքում իրենց թողած եզրագծերով նկարեցին Աստերիքսի պատկերը:

Աստերիքսն ու Օբելիքսը շարունակում են իրենց հաղթարշավը: Պատրաստվում են նոր կոմիքսներ, նկարահանվում են նոր մուլտեր և ֆիլմեր: Արդեն էկրաններ է բարձրացել նրանց մասնակցությամբ 4-րդ ֆիլմը՝ «Աստերիքսն ու Օբելիքսը Բրիտանիայում» և հուսով ենք, որ շատ շուտով կժամանի նաև Հայաստան:

Մեկնաբանություններ

ԱՍՏԵՐԻՔՍՆ ՈՒ ՕԲԵԼԻՔՍԸ

log in

reset password

Back to
log in