չիպսեր

Որքան էլ զարմանալի է, բայց շատ սովորական իրեր, անգամ ուտելիքներ և ըմպելիքներ, որոնք մենք գործածում ենք ամեն օր, առաջացել են միայն վերջերս՝ մի քանի տասնյակ տարի առաջ: Եվ ինչպե՞ս են մարդիկ տարիներ և դարեր շարունակ ապրել առանց համակարգչի ու արդուկի, առանց յոգուրտի կամ մաստակի: Ահա այդպես, մեր սիրելի չիպսերն էլ ի հայտ են եկել բոլորովին վերջերս և այն էլ՝ միանգամայն պատահաբար: Ահա թե ինչպիսին է չիպսերի պատմությունը:

1853 թվականին Moon’s Lake Lodge ռեստորանի շեֆ-խոհարարը՝ սևամորթ Ջորջ Կրամը, պատրաստեց առաջին չիպսերը: Բանն այն է, որ ռեստորանի մեծահարուստ հաճախորդներից մեկը այդ օրը կարտոֆիլ ֆրի էր պատվիրել և շատ դժգոհ էր մնացել: Նրա կարծիքով կարտոֆիլը շատ հաստ ու կոպիտ էր կտրատված և լավ տապակած չէր: Կարտոֆիլ ֆրին վերադարձրին խոհարարին, և նա որոշեց ամեն ինչ ուղղել: Այս անգամ նա կարտոֆիլը շատ բարակ կտրատեց՝ թղթի հաստության: Ապա մի լավ տապակեց ձեթի մեջ և աղ ցանեց վրան: Երբ կարտոֆիլի այս տարբերակը մատուցեցին հաճախորդին, նա պարզապես հիացած մնաց: Այս բարալիկ կարտոֆիլները այնքան հանրահայտ դարձան, որ հաճախորդները սկսեցին ռեստորան այցելել հատուկ դրանց համար: Ուտեստն անվանեցին չիպս, ինչը անգլերեն նշանակում էր «բարակ շերտ»: 1860 թվականին Ջորջ Կրամը բացեց իր սեփական ռեստորանը, որտեղ բոլոր սեղաններին միշտ դրված էին չիպսով լցված տարաներ:

Սկզբում չիպսերը համարվում էին միայն բարձր խավի ուտեստ, բայց շուտով՝ 1890 թվականից սկսած, չիպսերը սկսեցին վաճառել նաև փողոցներում՝ շրջիկ վագոններում՝ թղթերի մեջ փաթաթած, ինչպես արևածաղիկի սերմերը: Իսկ 1926 թվականից արդեն պատրաստվեցին հատուկ տուփեր չիպսերի համար: Հիմա նրանց կարելի էր անգամ հեռավոր ճանապարհորդությունների ուղարկել: Շուտով չիպսերը հայտնվեցին հեռուստատեսությունում և այնքան մեծ ճանաչում ձեռք բերեցին, որ նրանց վաճառքից ստացված եկամուտը հասավ միլիարդավոր դոլարների:

չիպսեր

Այսօր ամենից շատ չիպս են ուտում ամերիկացիները: Մեկ ամերիկացի տարվա ընթացքում ուտում է ամենաքիչը 3 կգ չիպս: Իսկ վաճառքում կարելի է հանդիպել ոչ միայն կարտոֆիլային չիպսերի, այլև գազարի, դդումի, խնձորի, տանձև և շատ ու շատ այլ չիպսերի:

Իսկ հիմա ամենակարևորը: Իհարկե, չիպսերը համեղ են և հրաշալի խրթխրթում են, սկայն նրանց ոչ մի կերպ չի կարելի շահագործել: Բանն այն է, որ չիպսերը այնքան էլ օգտակար չեն, դեռ մի բան էլ վտանգավոր են առողջության համար: Այնպես որ, դրանք երբեք չպետք է փոխարինեն տնային ուտեստներին ու մայրիկի պատրաստած բուտերբրոդներին: Ի դեպ, դու էլ կարող ես պատրաստել չիպսեր, իհարկե մեծերից մեկի օգնությամբ: Այսպիսի չիպսերը շատ ավելի համեղ կլինեն և վնասակար չեն լինի առողջության համար: Ահա թե ինչ է պետք անել դրա համար: Բարակ կտրատիր կարտոֆիլը, լավ լվա այնքան, մինչև կարտոֆիլը գրեթե թափանցիկ դառնա, չորացրու՝ դնելով խոհանոցային երկու սրբիչների արանքում, ավելացրու համեմունքներ՝ ըստ ճաշակի և եփիր ջեռոցում մինչև 3-4 րոպե: Երբ չիպսերը վարդագույն երանգ ստանան, նշանակում է՝ արդեն պատրաստ են: Կարող ես խրթխրթացնել, որքան ուզես…

7 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here

1 + 7 =