ԻՏԱԼԱՑԻ ՀՐԱՇԱԳՈՐԾ ՋԻԱՆՆԻ ՌՈԴԱՐԻՆ

Այսօր դու կարդում ես մեկը մյուսից գունեղ գրքեր՝ ոչ պակաս գունեղ բովանդակությամբ, շրջում ես գրքի էջերն ու ճամփորդում հեքիաթների աշխարհում: Այդ հրաշքները քեզ համար ստեղծում են հեքիաթագիրները՝ տարբեր ժամանակների ու տարբեր ազգության այդ հրաշագործները: Եվ կարծում եմ՝ դու էլ ես համաձայն, արժե ծանոթանալ նման հրաշալի մարդկանց հետ: Նրանցից շատերի կյանքը ոչ պակաս գեղեցիկ հեքիաթ է հիշեցնում:

Պատկերացնո՞ւմ ես, թե որքան բան կկորցնեին աշխարհի բոլոր երեխաները, եթե նրանց մանկության գրքերի մեջ չլինեին, օրինակ, զվարճալի սոխուկ Չիպպոլինոն և Ջելսոմինոն խաբեբաների աշխարհից: Եվ որպեսզի երեխաներն ունենային Չիպպոլինո, Ջելսոմինո և էլի շատ ու շատ զվարճալի հերոսներ, 1920 թվականի հոկտեմբերի 23-ին լույս աշխարհ եկավ իտալացի հանճարեղ մանկագիր Ջիաննի Ռոդարին:  Նա ծնվեց Իտալիայի Օմենյա փոքրիկ քաղաքում՝ հացթուխի ընտանիքում: Թույլ և վատառողջ Ջիաննին մանուկ հասկաում սկսեց ջութակ նվագել և մեծ ու հաստ գրքեր կարդալ: Շուտով նա այնքան խելացի դարձավ, որ 17 տարեկանում արդեն սկսեց դասավանդել գյուղական դպրոցներում: Շուտով նաև համալսարան ընդունվեց:

Ջիաննի Ռոդարի

Երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը Ջիաննիին չզորակոչեցին, քանի որ նա թույլ առողջություն ուներ: Իտալիան, ինչպես գիտենք, աջակցում էր ֆաշիստական Գերմանիային, բայց Ջիաննի Ռոդարին, հակառակվելով Իտալիայի ֆաշիստական իշխանությանը, միացավ ընդդիմադիրների պայքարին: Ի վերջո պատերազմն ավարտվեց, և Ռոդարին կրկին սկսեց ստեղծագործել երեխաների համար: 1950 թվականին նա նշանակվնեց նորաստեղծ մանկական ամսագրի խմբագիր: Մեկ տարի անց լույս տեսան Ռոդարիի առաջին գրքերը՝ «Ուրախ բանաստեղծությունների գրքույկը» և «Չիպպոլինոյի արկածները»: Ահա հենց Չիպպոլինոն էլ հռչակեց Ռոդարիի անունը ողջ աշխարհով:

Միայն Իտալիան էր, որ չէր ընդունում Ռոդարիին իբրև մանկագիր: Իտալական եկեղեցին բոլորի աչքի առջև այրում էր նրա գրքերը: Բայց համառ և աշխատասեր Ռոդարին շարունակում էր ստեղծագործել: Շուտով նա ստեղծեց մանկական ռադիոհաղորդում, որտեղ իրեն հյուր եկած փոքրիկ երեխաների հետ հենց տեղում հեքիաթներ էր հորինում և պատմում ռադիոլսողներին: Իսկ 1970 թվականին նրան շնորհվեց Հանս Քրիստիան Անդերսենի անվան կարևորագույն մրցանակը:

1980 թվականին հանճարեղ մանկագիրը մահացավ ծանր հիվանդությունից, սակայն անգնահատելի հարստություն թողեց աշխարհի բոլոր երեխաներին՝ տասնյակ հրաշալի պատմվածքներ, բանաստեղծություններ ու վեպեր: Նրա հեքիաթները չափազանց յուրօրինակ են, տարբերվում են մյուս բոլոր հեքիաթներից, որոնք, իհարկե, նույնպես շատ լավն են, բայց չէ՞ որ պետք է շատ հանճարեղ լինել լավից լավը ստեղծելու համար…

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի