ԽԱՂԵՐ, ՈՐՈՆՔ ԽԱՂՈՒՄ ԷԻՆ ԴԵՌ ՄԵՐ ԾՆՈՂՆԵՐԸ


խաղերի պատմություն

Խոստովանիր, որ դպրոցական ամենաչսիրելի առարկաների ժամանակ, որպեսզի ձանձրույթը քեզ ու ընկերոջդ չհաղթի, բացել ես տետրիդ ամենավերջին էջը ու ինչ-որ բան բզբզացել, նկարել ես կամ փորձել մի բան խաղալ ընկերոջդ հետ: Հավատա՝ այդպես վարվել են նաև քո ծնողները, երբ դպրոցական են եղել: Իսկ ի՞նչ խաղեր են խաղացել նրանք, և, որ ավելի հետաքրքիր է, ինչպես են առաջացել այդ խաղերը ու հասել մինչև մեր օրերը:

ԻՔՍԻԿ-ՆՈԼԻԿ

Այս խաղը, միանշանակ, տրամաբանական ամենահին խաղերից է: Բայց թե ինչպես է այն առաջացել, հաստատ ոչ ոք չգիտի: Ամենատարածված կարծիքն այն է, որ այս խաղն առաջացել է Չինաստանում, միայն թե այն խաղացել են ոչ թե տառերով, այլ սև և սպիտակ քարերով: Իսկ ստեղծվել է հավանաբար մաթեմատիկոսների կողմից: Հետո տարածվել է ամբողջ աշխարհով, և ստացել է ամենատարբեր անվանումներ: Օրինակ՝ Ռուսաստանում այս խաղը մի ժամանակ անվանում էին  Смекалка, իսկ ԱՄՆ-ում՝ tic-tac-toe…

Իքսիկ-նոլիկ խաղի կանոնները հայտնի են բոլո՜ր-բոլորին: Պարզապես պետք է գծել ինը վանդակից բաղկացած մի քառակուսի, որոշել, թե որ տառն է քոնը և սկսել. ցանկացած վանդակի մեջ կարող ես գրել քո տառը, բայց պետք է այնպես անես, որ նրանք հատվեն: Այդպես դու կհաղթես: Իքսիկ-նոլիկ խաղն ունի մի գաղտնիք և մի փոքր ուշադիր լինելու դեպքում դու շատ շուտով այն կգտնես… Եթե ցանկանաս, այս խաղը կարող ես դարձնել նաև ավելի դժվար:

ԾՈՎԱՄԱՐՏ

Լավ, իսկ ծովամա՞րտը… Իսկ ծովամարտն ավելի պարզ անցյալ է ունեցել, մեզ այս խաղի մասին հայտնի է միայն այն, որ ստեղծվել է Միլտոն Բրեդլիի կողմից: Խաղի գաղափարն առաջացել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, որի ընթացքում շատ են եղել ծովային մարտեր:  Ահա այդ մարտերի սկզբունքով էլ մշակվել է խաղը: Իսկ ինչպե՞ս է պետք այն խաղալ… Պարզապես հետևելով շատ պարզ մի քանի կանոնների.

ծովամարտ XikNolik

Գծում ենք երկու քառակուսի 10×10 չափով: Քառակուսիների վերևի հատվածում գրում ենք տառերը՝ Ա-ից մինչև Ժ, իսկ ձախ կողմում՝ թվերը՝ 1-ից մինչև 10: Առաջին քառակուսու մեջ տեղադրում ենք նավակները՝ ցանկացած ուղղությամբ և ձևով: Մենք ունենք չորս մեկ վանդականի, երեք՝ երկու, երկու՝ երեք և մեկ չորս վանդականի նավակներ: Իսկ ահա երկրորդ քառակուսին մեզ պետք կգա հակառակորդի նավակները նշելիս: Գնացի՜նք մարտի… Պետք է ասենք, թե մեր կարծիքով որտեղ է գտնվում հակառակորդի նավակները: Բայց, իհարկե, լավ մտածելուց հետո ենք միայն բարձրաձայնում: Հետո հակառակորդն է գուշակում և այդպես այնքան ժամանակ, մինչև որևէ մեկը հաղթի…

Իհարկե, մեր սիրելի խաղերն այսքանով չեն սահմանափկվում, այնպես որ խաղա և սպասիր  մյուս խաղերի ստեղծման պատմություններին…

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։