ԱՇՆԱՆԱՅԻՆ ՏՈՐԹ


աշնանային տորթ

Այսօր գրատախտակին ամսաթիվը գրելիս այնքա՜ն զարմացա. աշունը մի քանի օրից լքելու է մեզ… Գունավոր տերևներին, անձրևին և, որ ամենակարևորն է, աշնանային տրամադրությանը հրաժեշտ տալու ժամանակը հասունանում է… Բայց պետք է ոչ թե տխրել, այլ փորձել ավելի հետաքրքիր դարձնել այս օրերը: Օրինակ, հմմմ, օրինակ, կարող ենք պատրաստել աշնանային տորթ…

Իսկ ի՞նչ է հարկավոր տորթի համար

Մեկ կլոր հաց
Ութ շերտ երշիկ
Մեկ շերտ պանիր
Ութ հատ ձիթապտղի կանաչ անկորիզ հատիկ
Չորս հատ սև ձիթապտղի հատիկ
Երեք խաշած ձու
Երեք շա՜տ փոքրիկ լոլիկ
Մեկ կարմիր քաղցր պղպեղ
Մեկ դեղին քաղցր պղպեղ
Կարագ, մաղադանոս, սամիթ, հազարի տերևներ, մայոնեզ

Ինչպե՞ս պատրաստել

Սկսենք հացից. նրանից պետք է ստանանք երեք բարակ շերտ: Հորիզոնական կերպով սկսիր կտրել այն: Բոլոր շերտերի վրա կարագ քսիր և դիր իրար վրա: Մատուցվող ափսեի մեջ դիր հազարի տերևները, իսկ վրան՝ հացը: Հետո հացի հենց մեջտեղից մի կլոր կտրիր, իսկ մնացած մասը բաժանիր ութ հավասար կտորի:

Երշիկի շերտերից պետք է ստանանք եռանկյունիներ և դնենք հացերի վրա: Պանիրը կկտրենք կլոր շերտով և կդնենք հացի մեջտեղի հատվածի վրա:  Սև ձիթապտղի հատկիները կբաժանենք երկու մասի և գլխարկի նման կհագցնենք ձիթապտղի կանաչ հատիկների վրա: Սրանք «կաղիններն են», իսկ նրանց պոչիկների դեր կկատարեն մաղադանոսի տերևները:

Ձվիկներից շա՜տ փոքրիկ մաս պետք է կտրենք և դնենք տորթի մեջտեղում: Սրանք կծառայեն իբրև սնկի պոչիկներ: Փոքրիկ լոլիկները կբաժանենք երկու մասի, կհանենք միջուկը և կդնենք ձվիկների վրա: Սրանք սնկերի գլխիկներն են: Իսկ մայոնեզի օգնությամբ կնկարենք կետիկներ սնկերի գլխիկների վրա: Եվ վերջապես, պղպեղներից պետք է ստանանք աշնանային տերևներ՝ երկու դեղին և երկու կարմիր:

Դե ի՜նչ, շտապենք համտեսել «աշնան վերջին կտորները»…

Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՏՈՐԹ

log in

reset password

Back to
log in