facebook

ՄՈՒԼՏՖԻԼՄ – ԼԵՈՊՈԼԴ ԿԱՏՈՒՆ


Լեոպոլդ

Այս զվարճալի մուլտֆիլմը ծանոթ է թե երեխաներին, թե մեծերին: Ստեղծումից 30 տարի անց այն չի զիջում իր դիրքերը սիրելի մուլտերի շարքում, իսկ մուլտֆիլմի հանրահայտ արտահայտությունը արդեն թևավոր խոսքի է վերածվել: Եթե Լեոպոլդ կատուն և փոքրիկ չարաճճի մկնիկները նաև քո սիրելի մուլտհերոսների թվում են, ուրեմն ճիշտ ժամանակն է իմանալու, թե ինչպես են լույս աշխարհ եկել նրանք:

1974 թվականին ռեժիսոր Անատոլի Ռեզնիկովը և սցենարիստ Արկադի Խայտը որոշեցին «բռնոցի» մուլտֆիլմ ստեղծել, որի գլխավոր հերոսները կլինեին կատուն և մուկը: Եվ նկարահանեցին մուլտֆիլմի առաջին երկու սերիան: Երկար փնտրտուքներից հետո գտնվեց կատվի անունը՝ Լեոպոլդ: Մուլտֆիլմի հեղինակները չէին ուզում ինչ-որ սովորական, կատվային անուն տալ նրան, ինչպես՝ Վիտյա, Մուռզիկ և այլն: Շատ քչերը գիտեն, որ մկները նույնպես անուններ ունեին այս մուլտֆիլմում. սպիտակ նիհարիկ մկնիկին կոչում են Միտյա, իսկ թմբլիկ մոխրագույն մկանը՝ Մոտյա: Նրանց անունները, սակայն, այդպես էլ չհնչեցին մուլտֆիլմում: Առաջին սերիաներում Լեոպոլդին հնչյունավորեց Անդրեյ Միրոնովը(հետագայում առողջական խնդիրների պատճառով Միրոնովը չշարունակեց հնչյունավորել կատվին, և նրան փոխարինեց Ալեքսանդր Կալյագինը): Եվ երբ ամեն ինչ պատրաստ էր, մուլտֆիլմը ներկայացրին «վերաքննիչ գեղարվեստական խորհուրդ» (այդ տարիներին ոչ մի մուլտֆիլմ առանց նրանց թույլտվության չէր հայտնվում էկրաններին):

leopold 1 Թվում է, թե շատ բարի մուլտֆիլմ էր Լեոպոլդ կատվի մասին մուլտը, այն կոչ էր անում համերաշխություն ու ընկերասիրություն, բայց արի ու տես, որ խորհուրդն ուրիշ բան որոշեց: «Իսկ ինչու կատուն մկներին չկերա՞վ: Դեռ մի բան էլ ընկերություն առաջարկեց: Դա կասկածելի է», – մտածեցին նրանք և արգելեցին ցուցադրել մուլտֆիլմը: Սակայն քանի որ մուլտֆիլմերն արդեն պատրաստ էին, առաջին սերիան թույլ տվեցին հեռուստատեսությամբ ցույց տալ: Եվ հենց նույն օրը դրական կարծիքների իսկական հեղեղ թափվեց մուլտֆիլմի հեղինակների գլխին: Տեսնելով հեռուստադիտողների ջերմ ընդունելությունը՝ հեղինակներին թույլ տվեցին շարունակել իրենց աշխատանքը:

Լեոպոլդ

Մեկը մյուսի հետևից նկարահանվեցին մուլտֆիլմի 11 սերիաները: Յուրաքանչյուր սերիա առանձին պատմություն է, որ տեղի է ունենում չարաճճի մկների ու Լեոպոլդի հետ: Միտյան ու Մոտյան ամեն անգամ փորձում են ինչ-որ կերպ վնասել «ստոր ու վախկոտ» կատվին, բայց հենց իրենք էլ հայտնվում են ծուղակի մեջ: Իսկ Լեոպոլդը, որ չափազանց քաղաքակիրթ ու դաստիարակված կատու է, ամեն անգամ ներողամտորեն առաջարկում է մկնիկներին. «Давайте жить дружно»:

Մեկնաբանություններ

ՄՈՒԼՏՖԻԼՄ – ԼԵՈՊՈԼԴ ԿԱՏՈՒՆ