Ժամանակով մի քաղաք է եղել՝ նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.
-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:
– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «քագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:
Մի ավանի միջով անցնելիս տեսնում են խանութպանին մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:
– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:
– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:
Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:
-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:
– Ուտելու բան է, բա՜ ոնց, – պատասխանում է խանութպանը:
– Որ էտպես է, մի կշեռք էտ ասածիցդ տուր:
Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:
– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր:
– Խաղող:
Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:
– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:
– Էն էլ ոնց, – պատասխանում է խանութպանը:
– Դե, մի կշեռք տո՛ւր:
Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:
Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:
– Էդ ի՞նչ ես ծախում:
– Շաքար:
Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:
– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:
– Էն էլ ոնց:
– Դե, մի կշեռք տո°ւր:
Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:
Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:
Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից μան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:
Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Գնում են, թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:
Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.
– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:
Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:
Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:
Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոջների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.
– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:
Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.
– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:
– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:
Ավետիք Իսահակյան