ԱՄԱՆՈՐՅԱ ՀԵՔԻԱԹ – ԵՐԱԶՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ


ամանորյա հեքիաթ

Ընդհանրապես, եթե մի բան շատ ես ցանկանում` կատարվում է, թեկուզ…

Ես քայլում էի դեպի հյուսիս: Քայլում էի, որպեսզի գտնեմ Ձմեռ պապին և հատկապես Ձյունանուշին: Ձմեռ էր, շուրջբոլորը` ձյունով ծածկված: Շուրջս ոչինչ չկար բացի ձյունից, շատ ձյունից: Ոչ մի տուն, ոչ մի ծառ, ոչ մի մարդ կամ կենդանի չկար, միայն ես էի, և իմ երազները: Պարզվեց, որ ձյան միջով քայլելը այնքան էլ հեշտ ու զվարճալի զբաղմունք չէ: Երբ ձյունը շատ է ու ծնկներիցդ էլ վեր, ոտքերդ հազիվ ես շարժում: Անընդհատ ընկնում ես: Եթե բախտդ բերի, կընկնես սովորական հարթ ձյան վրա: Բայց կարող է և պատահել, որ ընկնես ձյան տակ թաքնված քարի կամ մի այլ ոչ հաճելի բանի վրա: Բայց ընկնելը դեռ ոչինչ` առավել դժվար է վեր կենալը. ոչ մի բան չկա, որից կարող ես բռնվել և վեր կենալ: Բայց այդ ամենը ինձ չէր վհատեցնում. չէ որ ես գնում էի Ձմեռ պապին և Ձյունանուշին գտնելու: Ասում եմ այդ ամենը, որովհետև միայն ընկնելը հո չէ՞ր: Կար նաև ցուրտը, քամին, էլ չասեմ, որ սոված էի: Մի խոսքով այդ ամենը մի կողմ թողնենք և վերադառնանք բուն նյութին:

Հասել էինք այնտեղ, որ ես քայլում էի դեպի հյուսիս: Շատ քայլեցի, թե քիչ, բայց չէ` շատ քայլեցի: Դե դա այնքան էլ կարևոր չէ: Մեկ էլ տեսնեմ մի սև բան: Սկզբում ինձ թվաց, թե քար է. բայց բոլոր քայլերը ձյունով էին ծածկված: Ավելի մոտ գնացի, սևը մեծացավ ու արդեն այնքան էլ սև չէր: Ինձ թվաց, թե լիճ է. բայց ի՞նչ լիճ, բոլոր լճերը, համաձայն ֆիզիկայի բոլոր օրենքների, սառած են: Ավելի մոտ գնացի: Արդեն ինձ համար պարզ էր, որ դա ոչ այլ ինչ է, քան ամենասովարական անտառը: Չէ, մի քիչ խաբեցի, դա սովորական անտառ չէր, անտառը մի քիչ չափազանցված է, դա եղևնիների փոքր պուրակ էր: Չնայած ինձ համար այն միշտ կմնա որպես անտառ: Մի խոսքով այդ անտառում կամ պուրակում ես որոշեցի մի քիչ հանգստանալ, որպեսզի Ձմեռ պապին ու Ձյունանուշին ներկայանամ առույգ տեսքով: Մոռացա ասել, որ ես ինձ հետ ուտելու բան ունեի: Դրանք կարկանդակներ չէին, ինչպես ռուսական հեքիաթներում, այլ ժամանակակից բուտերբրոտներ: Ես նստեցի, իսկ ես նստեցի գետնին: Գիտեք` այդ անտառում կամ պուրակում ձյան ծածկը ավելի փոքր է, և կարող ես հանգիստ նստել ու չթաղվել ձյան մեջ: Եվ քանի որ արդեն ասել եմ, որ սոված էի, ես նստեցի ու սկսեցի ուտել: Դեռ փոքրուց ինձ մոտ շատ լավ է ստացվել հիշելը, և հենց այդ պահին ես հիշեցի մրջյունի պատմությունը ու ամբողջը չկերա: Բայց ես հակված եմ նաև կիսատ-պռատ հիշելուն և, ի տարբերություն մրջյունի, ես մեծ մասը կերա, իսկ փոքրը թողեցի հետագայի համար: Հետո վեր կացա ու սկսեցի կամ էլ շարունակեցի քայլել:

Ես քայլում էի դեպի հյուսիս: Ես քայլեցի, քայլեցի, էլի քայլեցի, մի քիչ էլ քայլեցի, ու մինչ ես քայլում էի, արևը շողում էր: Արևն էլ հո արև չէր: Ճիշտն ասած` ես մի քիչ կասկածում եմ, թե դա իրոք արևն էր: Արևը պայծառ շողում է, տաքացնում է և այլն, և այլն: Բայց այդ արևը պայծառ չէր շողում, չէր տաքացնում, և ոչ էլ մնացած այլերն էր անում: Վերևը նույն սպիտակն էր, ինչ և ներքևը, կամ էլ` նույնը չէր: Իսկ դեղին արևն էլ, ոնց որ ես լինեի այդ սպիտակի մեջ: Չնայած, որ ես դեղին չէի: Բոլոր նրանց, ում հետաքրքիր են մանրամասները, ասեմ, որ իմ մաշկը մաշկագույն էր, իսկ մազերս` մազերի գույն: Ես ասում եմ «էր», բայց դրանք հիմա էլ են նույն գույնի: Ես ունեի գազարագույն գլխարկ, շարֆ և ձեռնոցներ: Հագել էի կանաչ վերարկու, կապույտ շալվար և կարմիր կոշիկներ: Իսկ թե բլուզս ինչ գույնի էր, չեմ հիշում, որովհետև այն չէր երևում և Ձմեռ պապին ու Ձյունանուշին գտնելու համար այնքան էլ կարևոր չէր:

Կարևորն այն էր, որ ես քայլում էի դեպի հյուսիս: Իսկ իմ հյուսիս քայլելու շարունակությունը ավելի հիշարժան էր. դե, որ պատմեմ ինքներդ էլ կտեսնեք: Ասեմ, որ ես քայլել էի շատ, այդքան շատ, որ  երբ քայլում ես, սովորաբար մութն արդեն ընկնում է: Սակայն ոչ հյուսիսում. հյուսիսում մի քիչ կամ շատ ուրիշ է: Ես քայլում էի  ու մեկ էլ տեսնեմ սպիտակը. ես արդեն ասել եմ, որ շուրջբոլորս ձյուն էր, դե սպիտակն էլ հենց ձյունն էր. մի խոսքով այդ սպիտակը շարժվում էր: Այդ պահին ես մտածեցի այն, ինչ կմտածեր ցանկացած մարդ, ով գոնե մի անգամ լսել է հալիիի…ցյունացիաների մասին: Ես մտածեցի, որ հոգնածությունից և միօրինակ տեսարաններից ինձ մոտ սկսվել են հալիի…, մի խոսքով դրանցից: Հետո ես նկատեցի, որ սպիտակը նաև ձայներ է հանում: Եվ հենց այդտեղ թագավորի տղան մատը կծեց: Ես իհարկե թագավորի տղա չեմ, բայց ես էլ մատս կծեցի: Ես անմիջապես հիշեցի (եթե հիշում եք, իսկ ինձ թվում է, թե հիշում եք` ես հատուկ հակվածություն ունեմ հիշելու), որ հյուսիսում ապրում են սպիտակ արջեր: Թվում է, թե սպիտակ արջը սովորական արջ է` ուղղակի սպիտակ: Բայց դրանք այնքան էլ նման չեն գազանանոցի վանդակի բարի արջերին: Դրանք ավելի մեծ ու վախենալու են, ու ավելի բարձր են մռնչում, քան նրանք, ում կարելի է տեսնել հեռուստացույցով, կամ ինտերնետում: Նրանք շատ կլինեին: Եթե շատ չչափազանցնեմ, մոտ մի քանի տասնյակ: Ես մտածեցի, որ նրանք երևի սոված են: Դե սովորաբար մարդկանց հանդիպող կենդանիները սոված են լինում: Էլ չեմ ասում նրանք, ովքեր նման են սպիտակ արջերին: Հետո էլ այդ համատարած ձյան մեջ, նրանք ի՞նչ կերած պիտի լինեին որ: Մի խոսքով ես մտածեցի, որ նրանք, եթե ոչ ծարավ, ապա հաստատ սոված են: Հետո անմիջապես հիշեցի, որ իմ պայուսակում դեռ բուտերբրոտներ կան: Արջերից մեկը այնպես էր նայում, որ ես հասկացա` նրանք ուզում են ուտել իմ բուտերբրոտները, որոնցից առանց այդ էլ քիչ մասն է մնացել: Նրանցից մեկը կամ էլ մի քանիսը սկսեցին քայլել իմ կողմը: Նրանք քայլում էին, արագ էին քայլում, և ես կասեի նույնիսկ վազում էին: Իսկ ի՞նչ է պետք անել, երբ քո հետևից վազում են, դե իհարկե` փախչել: Ես հենց այդպես էլ վարվեցի: Ես վազում էի, վազում էի, ու մինչ ես վազում էի արևը շողում էր: Եվ ես այնքան վազեցի մինչև էլ ապիտակ արջերը չկային: Երևի ես շատ արագ էի վազել, ու նրանք չէին հասցրել իմ ետևից: Ես շատ ուրախ էի, որ նրանցից ավելի ուժեղ վազորդ էի դուրս եկել, և  շարունակեցի քայլել:

Ես քայլում էի դեպի հյուսիս: Ես արդեն շատ, նույնիսկ կարելի է ասել չափազանց ուշադիր էի. մեկ էլ տեսար այդ սպիտակ արջերը նորից հայտնվեցին: Շտապեմ ձեզ հանգստացնել` նրանք այլևս չհայտնվեցին իմ ճանապարհին: Իմ ճանապարհին հայտնվեց ավելի հետաքրքիր մի բան: Ես տեսա ձնեմարդու, այն էլ ոչ մեկ, այլ մի քանի: Ավելի ստույգ նրանք ինն էին` մի ֆուտբոլային թիմ` գումարած մրցավարը, հանած հակառակորդ թիմի երեք խաղացող: Բայց նրանք ֆուտբոլ չէին խաղում, նրանք սահում էին սահադաշտում, և սահում էին` առանց չմուշկների: Ու նրանց մոտ շատ լավ էր ստացվում: Խորհուրդ բոլոր նրանց, ովքեր ուզում են լավ սահել` առանց ընկնելու, սահե′ք առանց մուշկների, մեղավորը հենց չմուշկներն են, որ դուք ընկնում եք: Շարունակեմ պատմությունս և ասեմ, որ ձնեմարդիկ ինձ շատ լավ ընդունեցին: Նրանք նման չեն այն ծռված-մռված ձյունե էակներին, որոնք մենք ենք պատրաստում բակում: Նրանք շատ հարթ մաշկ ունեն: Այո հենց մաշկ. ինձ թվում է այդպես կարելի է արտահայտվել: Նրանք չունեն հագուստ, գլխարկ ու ձեռնափայտ: Եվ որ ամենակարևորն է, նրանց քիթը ուտելու չէ: Ձնեմարդկանցից մեկը, ում հետ ես առավել շատ էի մտերմացել, ինձ ասաց, որ ես ճիշտ ուղղությամբ եմ գնում, և որ Ձմեռ պապն ու Ձյունանուշը այնքան էլ հեռու չեն ապրում: Երբ ես արդեն որոշ ժամանակ ձնեմարդկանց մոտ էի, մեկ էլ նկատեցի, որ վերջապես սկսում է մթնել: Ես որոշեցի գիշերը ձնեմարդկանց մոտ անցկացնել, հատկապես, որ նրանք բոլորովին դեմ չէին: Որոշ ժամանակ նրանց հետ սահելուց հետո ես նստեցի կամ էլ պառկեցի հանգստանալու ու քնեցի: Արթնացա առավոտյան: Ձնեմարդիկ էլի նույն գործով էին զբաղված` սահում էին: Ես կերա ինձ մոտ մնացած բուտերբրոտները, «մինչ նոր հանդիպում» ասեցի ձնեմարդկանց ու շարունակեցի իմ ճանապարհը:

Ես քայլում էի դեպի հյուսիս: Կարելի է ասել ես վերջացնում էի իմ երկարատև քայլելը դեպի հյուսիս: Ասում եմ` վերջացնում էի, քանի որ ձնեմարդկանցից շատ չէի հեռացել, երբ տեսա մի տնակ: Այո, ճիշտ եք` Ձմեռ պապի տնակն էր: Չնայած… Ես ուղղեցի իմ հագուստը, դեմքիս զվարթ արտահայտություն տվեցի ու շարժվեցի առաջ: Սիրտս սկսեց շատ արագ բաբախել: Վերջապես, վերջապես ես տեսնելու եմ Ձմեռ պապին և իմ շատ սիրելի Ձյունանուշին: Ես մոտեցա տնակի դռանը և բախեցի այն: Ես անհամբեր սպասում էի, թե ով կբացի դուռը` Ձմեռ պապը, թե Ձյունանուշը. Ձմեռ պապը կբացի, քանի որ տնակը նրանն է, բայց նա ծեր է ու նման հասարակ բան, ինչպիսին է դուռ բացելն է, Ձյունանուշն էլ կարող է անել: Ես սկսել էի ինքս ինձ հետ վիճել` Ձմեռ պապը կբացի դուռը, թե Ձյունանուշը, երբ հանկարծ զգացի, որ ինչ-որ ոտնաձայներ են մոտենում դռանը: Փորձեցի հասկանալ, թե դրանք նրանցից ում ոտնաձայները կլինեն (կարծես այնքան հաճախ էի դրանք լսել): Եվ ահա դռան բռնակը պտտվեց և դռան հետևում կանգնած էր… մի տղա: Այո, այո շատ սովորական մի տղա: Դա շատ անսպասելի էր, բայց ես ինձ չկորցրեցի և հարցրեցի, թե այստեղ է արդյոք ապրում Ձմեռ պապը: Տղան, որ ուներ սպիտակ պուտերով կանաչ շորեր, պատասխանեց` այո, և ինձ ներս հրավիրեց: Հետո մոտ վազեց շատ սովորական մի…այս անգամ աղջիկ: Այդ աղջիկը ծիծաղելիորեն գույնզգույն էր հագնված`կապույտ գլխարկ, դեղին վերնաշապիկ և կանաչ կիսաշրջազգեստ: Մինչ այդ աղջիկը գնաց Ձմեռ պապին կանչելու, սենյակ մտավ մի տատիկ: Այդ տատիկի շորերը գույզգույն էին`դեղին, կարմիր… էլ չեմ հիշում, այդ պահին ներս մտավ Ձմեռ պապը: Նա այնպիսին էր, ինչպիսին ես պատկերացնում էի` ամբողջովին սպիտակ: Նրանք շատ հաշտ էին և ինձ այնքան հարցեր էին տալիս` ինչ է անունս, որտեղից եմ և  նմանատիպ այլ հարցեր, որոնք սովորաբար բոլորը հարցնում են իրենց բոլոր անծանոթներին: Հանկարծ ես հասկացա` այստեղ ապրում են տարվա չորս եղանակները:

-Ապա՜, ո՞վ է Ձյունանուշը,- հարցրի ես` արագ մոտենալով Ձմեռ պապին:

Նա ուզում էր պատասխանել, բայց…ես արթնացա:

Ընդհանրապես, եթե մի բան շատ ես ցանկանում` կատարվում է, թեկուզ… երազում:

Մարինե Դաբաղյան

12 տարեկան

Մեկնաբանություններ

ԱՄԱՆՈՐՅԱ ՀԵՔԻԱԹ – ԵՐԱԶՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ

log in

reset password

Back to
log in