facebook

ԱՄԱՆՈՐՅԱ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ամանորյա բանաստեղծություններ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻՆ

Վաղ առավոտյան
Երբ որ արթնացա,
Տոնածառի տակ
Մի կապոց տեսա,
Ձմեռ պապիկն էր
Ինձ համար բերել
Ու իմ Նոր տարին
Շնորհավորել:
Այնպե՜ս եմ ուզում
Ձմեռ պապիկին
Ասել բարձրաձայն.
– Շնորհակալությո՛ւն…
Բայց հեռախոսի
Համարն եմ փնտրում,
Գրքում չեմ գտնում:

ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԵՂԵՎՆԻ ԵՆՔ ԲԵՐԵԼ ՏՈՒՆ

Եղևնի ենք բերել տուն
Ու դարձրել տոնածառ,
Կախել լամպեր գունզգույն,
Ջերմ գույներով ու պայծառ:

Ձմեռ պապին հյուր կգա՝
Նվերների պակն ուսին,
Խաղալիքներ մեզ կտա՝
Ինձ, Արային ու Սոսին:

ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 
ՁՄԵՌ ՊԱՊԻՆ ՀՅՈՒՐ Է ԵԿԵԼ

Բակում ճերմակ ձյուն է եկել,
Ձմեռ պապին հյուր է եկել,
Խաղալիքներ բերել նվեր,
Նվերն ինձ շատ դուր է եկել:

ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 
ՆՈՐ ՏԱՐԻ Է

Դրսում ձյուն է ու ձմեռ,
Դահլիճում մեծ տոնածառ,
Շուրջը ուրախ մանուկներ,
Ծառին լույսեր կան պայծառ:

Արտասանում են, երգում
Մանուկները խելացի,
Որ հայրենի մեր երկրում
Ոչ մի մանուկ չըլացի:

ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 
Ո՞Վ Է ՆԵՐԿՈՒՄ ՁՅՈՒՆԸ

Հայկը հարցով անորոշ
Դիմեց պապին իր գիտակ,-
-Այդ ինչու՞ է ամպը գորշ,
Ձյունը այդքան սպիտակ:

Ինքն էլ խորհեց ու մտքում
Գտավ լուծումն այս շիտակ,-
-Ձմեռ պապն է երկնքում
Ձյունը ներկում սպիտակ:

ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 
ԵՂԵՎՆԻՆ

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:
Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:
Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

ՀԱՄՈ  ՍԱՀՅԱՆ 
ԵՂԵՎՆԻ

Գունատ աշուն է, էլ չկա թռչուն,
Քամու թևերին տերևն է թռչում:
Միայն եղևնին, այնտեղ, խոր հովտում
Կանաչ է հագել, աշնան դեմ ժպտում:

ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ
ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳԻՇԵՐ

Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր:
Թե կան սրտեր` չար նախանձով, դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան, դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան, թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր:

ՄԵՏԱՔՍԵ 

Մեկնաբանություններ

ԱՄԱՆՈՐՅԱ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

log in

reset password

Back to
log in