ԻՆՉՈ՞Վ ԶԲԱՂՎԵԼ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻՆ


Նոր տարվա զվարճալի և հեքիաթային տրամադրությունը կամաց-կամաց հեռանում է մեզնից: Եվ մեզ ոչինչ չի մնում անել բացի ուտելուց և քնելուց: Իսկ երկար սպասված ձմեռային արձակուրդները շատ շուտով կավարտվեն…  Ուրեմն հենց հիմա մի կողմ ենք դնում ալարկոտությունը, բոլո՜ր կերակուրները (իհարկե, բացի կոնֆետներից) և անցնում գործի…

Այսպիսով, ինչո՞վ զբաղվել արձակուրդներին և ինչպե՞ս ավելի հետաքրքիր ու գունավոր դարձնել օրը:

1.Երգ ու պար: Սա առաջին քայլն է, որը կօգնի քեզ ժպտալ: Համացանցում փնտրիր նոր երգեր, կատարողներ և ուսումնասիրիր ամբողջ աշխարհի երգացանկը: Երգերը տրամադրություն են  ստեղծում: Նրանք կամ գցում են մտածմունքների մեջ կամ էլ, որ ավելի հաճախ է լինում, չեն թողնում հանգիստ նստել: Ուրեմն գտիր քո բնավորությանը հարմար երգեր, երգիր նաև դու և թռչկոտիր, ինչքան որ ցանկանաս:

2.Ֆիլմեր: Սովորաբար մուլտֆիլմերն ու ֆիլմերը, որոնք մենք շա՜տ ենք սիրում մեր կյանքից երկար ժամանակ են խլում: Բայց նաև շատ նոր բաներ են սովորեցնում և ստիպում են մեկ-երկու ժամ ծիծաղել կամ լաց լինել: Կարծում եմ՝ 2012 թվականից լի՜քը մուլտֆիլմեր և ֆիլմեր են մնացել, որոնք դեռ չենք հասցրել դիտել…

3. Նկարչություն: Այս զբաղմունքը երբեք չի ձանձրացնում: Պարտադիր չէ, որ քո բոլոր նկարները գեղեցիկ ստացվեն: Պարզապես նկարիր. վառ գույներն ու քո նկարները միշտ բարձր կպահեն քո տրամադրությունը:

4. Ընկերներ:  Մենք ընկերների հետ հիմնականում հանդիպում ենք դպրոցում և բացի դասերից չենք հասցնում ոչնչի մասին խոսել, խաղեր խաղալ և մի լավ զվարճանալ: Իսկ հիմա ունենք այդ հնարավորությունը: Այնպես որ, հրավիրիր ընկերներիդ ձեր տուն, խաղեր կազմակերպիր, ուրախ բուտերբրոդներ պատրաստիր, իսկ մնացածն ինքնըստինքյան կստացվի…

5. Գրքեր: Հիմա կմտածես էլի գրքե՞ր, ախր դպրոցում էլ կան այդ գրքերը… Այո՛, կան, բայց նրանք երբեք շատ չեն լինում, նրանց պետք է անընդհատ կարդալ: Որովհետև գրքերը լի՜քը գիտելիքներ են տալիս և ստիպում են ավելի գեղեցիկ և հարուստ բառապաշարով խոսել:

6. Զվարճալի կենտրոններ: Ա՛յ այս կենտրոնների մասին մայրիկներն ու հայրիկները շա՜տ լավ գիտեն, միայն թե նրանց պետք է հիշեցնել… Ահա այս մի քանի օրվա ընթացքում կհասցնենք նրանց խնդրել գնալ կամ Դելֆինարիում, կամ Տիկնիկային թատրոն, կամ էլ շատ ու շատ այլ կենտրոններ…

7. Զբոսանք: Բայց երբեմն զվարճալի կենտրոններին փոխարինում է զբոսանքը: Ձմեռային զբոսանքը շա՜տ-շա՜տ օգտակար է: Ամբողջ գետինն արդեն ծածկվել է սպիտա՜կ ու հեքիաթային ձյունով: Ա՛յ այս դեպքում, փաստորեն, գումարվում են նաև ձնեմարդ պատրաստելն ու ձնագնդիկը…

8. Օրագիր: Վերցրու մի տետրակ և այն դարձրու օրագիր, բայց ոչ թե դպրոցական… Այն կդառնա քո ամենասիրելի ընկերը: Ամեն օրվա վերջում օրագրումդ պետք է գրես, թե ինչ դեպքեր են տեղի ունեցել կամ ինչպիսի տրամադրություն ես ունեցել: Իսկ հետո, երբ մեծանաս այդ տետրակը կդառնա իսկական հրաշք, որն ամեն անգամ բացելուց դու կդառնաս ահա այնպիսին, ինչպիսին հիմա ես…

Դե ձմեռային արձակուրդների ավարտն էլ կարծես թե ծրագրեցինք…

Անի Ավագյան

 

Մեկնաբանություններ

ԻՆՉՈ՞Վ ԶԲԱՂՎԵԼ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻՆ

log in

reset password

Back to
log in