ՄԱՆԿԱԿԱՆ ՏՈՐԹ ԿՐԻԱ


մանկական տորթ կրիա

Կրիաների հետ կապված ամեն ինչ մեզ թվում է մի տեսակ դանդաղ և դժվար… Բայց կա մի բան, որ բոլորովին էլ դանդաղ և դժվար չէ: Ա՛յ եթե հենց հիմա շտապես լվանալ ձեռքերդ, մենք միասին կպատրաստենք տորթ կրիա:

Ի՞նչ է մեզ հարկավոր խմորի համար՝

400 գր թթվասեր
200 գր կարագ
6 ձու
400 գր շաքարավազ
600 գր ալյուր
2 թեյի գդալ սոդա
Վանիլին

Ինչպե՞ս պատրաստել՝

Նախ կհարենք կարագն ու շաքարավազը, իսկ հետո հերթականությամբ կավելացնենք թթվասերը, ձուն, սոդան, ալյուրն ու վանիլինը:  Հիմա մեզ անհրաժեշտ է  կլոր կաթսա, որպեսզի ստացված զանգվածը լցնենք այդտեղ: Մնաց վառենք գազօջախն ու կաթսան դնենք վրան: Միայն թե կրակը պետք է թույլ լինի: Եվ հանկարծ մտքովդ չանցնի խմորը եփելու ընթացքում կափարիչը բաց անել, թե չէ ամեն ինչ ջուրը կընկնի: Թող այն մնա կրակին մոտավորապես 60-70 րոպե, իսկ մինչ այդ մենք կպատրաստենք կրեմը:

Ի՞նչ է մեզ հարկավոր կրեմը պատրաստելու համար՝

1 տուփ խտացրած կաթ
200 գր կարագ
Վանիլին

Ինչպե՞ս պատրաստել՝

Կրեմ պատրաստելն ավելի հեշտ է: Ընդամենը պետք է հարել կարագը, ավելացնել խտացրած կաթն ու վանիլինը:

Կարծես թե ամեն ինչ պատրաստ է բացի ամենագլխավորից. մեզ անհրաժեշտ են կիվիներ՝ տորթը ձևավորելու համար: Այնպես որ սկսենք կտրատել կիվիները:

Ինչպե՞ս ձևավորել

Պատրաստի խմորը կբաժանենք երկու մասի: Տակի շերտի վրա կքսենք կրեմն ու կդնենք շերտատված կիվիները: Խմորի մյուս մասը կդնենք վրան և ամբողջ տորթը կպատենք կրեմով՝ բոլո՜ր-բոլո՜ր կողմերից: Կիվիների օգնությամբ էլ կպատրաստենք կրիայի պատյանը, գլխիկը, ոտքերն ու պոչիկը:

Ահա և իսկական ժամանակն է համտեսել կրիային: Բարի ախորժակ…

Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ՄԱՆԿԱԿԱՆ ՏՈՐԹ ԿՐԻԱ

log in

reset password

Back to
log in