Երեխաների հայտնագործությունների միջազգային օր

Նախ մի հարց. գիտե՞ս, թե ինչն է միավորում մորթյա ականջակալները, ջրային դահուկները, մրգային պաղպաղակները և Բրայլյան այբուբենը… Հմմ, իսկապես որ իրար հետ կապ չունեցող իրեր… Բայց ահա նրանց միավորում է մի բան. այս բոլորը ստեղծվել են երեխաների կողմից:

Երեխաների հայտնագործությունների միջազգային օր

Ամեն տարի ավելի քան 500 հազար երեխա աշխարհում նորանոր բաներ է ստեղծում՝ համակարգչային խաղեր, համեղ բաղադրատոմսեր, նույնիսկ տեխնիկա: Եվ, միանշանակ, նրանց հայտնագործությունները մեր կյանքն ավելի հեշտ ու հետաքրքիր են դարձնում: Իսկ այսօր՝ հունվարի 17-ին հենց այն օրն է, երբ պետք է ի լուր աշխարհի բարձրաձայնել փոքրիկ հանճարների գյուտերը, գնահատել դրանց կարևորությունը և բացահայտել նոր տաղանդաշատ երեխաների, որոնց թվում ես նաև դու:

Հետաքրքիր է, իսկ ինչու՞ ընտրվեց հենց այս օրը: Որովհետև այսօր Բենջամին Ֆրանկլին անունով մի ամերիկացու ծննդյան օրն է, ով ընդամենը 12 տարեկան հասակում հայտնագործել է լողաթևերը՝ դարձնելով լողալն ավելի հեշտ: Այնպես որ, շնորհավորենք նաև նրա տարեդարձը:

Իսկ 1926 թվականին Բեննի Բենսոն անունով 13-ամյա մի տղա իր էսքիզն ուղարկեց Ալյասկայի դրոշի մրցույթին: Երկինքը խորհրդանշող կապույտ գույնը, Մեծ արջի համաստեղությունն ու Հյուսիսային աստղը տղային հաղթանակ բերեցին: Եվ 13-ամյա երիտասարդի հայտնագործությունը մինչև այժմ էլ Ալյասկայի խորհրդանիշերի շարքում է:

Ալյասկայի դրոշը
Ալյասկայի դրոշը

Իսկ ահա բատուտը հատնագործվել է 16-ամյա Ջորջ Նիսսենի կողմից: Նա ուշադիր հետևելով մարմնամարզիկներին, նկատել էր, որ նրանք ցատկում են անվտանգությունն ապահովող մի ցանցի վրա: Եվ ահա աշխատացնելով երևակայությունը, Ջորջը մեզ հնարավորություն տվեց ցատկել շա՜տ շա՜տ վերև՝ իսկական թռչունների պես:

Ահա այս հայտնագործությունների շարքը կարելի է անվերջ շարունակել` հիշելով առանց մատների ձեռնոցները, հաշվիչները և այլյն:

Ուրեմն խոստացիր, որ երբեք-երբեք չես թաքցնի քո տաղանդները և երևակայությունդ շարժելով՝ կդառնաս ահա այսպիսի փոքրիկ հանճարներից մեկը…

Անի Ավագյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

4 + 4 =