Ազնիվ Մոծակի Խոսք

Մեր Մասին | Կանոններ | Հարցեր | Նախագծեր | Խորհուրդներ
Մանկական ժամանցային կայք

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ՄԱՍԻՆ

Արարատ լեռան մասին

ՄԱՍԻՍԻՆ ՄՈՏԻԿ

Դու այսօր այնքան մաքո՜ւր ես, Մասի՜ս,
Գույներդ այնպես ջի՜նջ են, նրբերա՜նգ,
Ասես չես նյութված քար ու ավազից,
Այլ ջրաներկով գծված ես բարակ:

Այնպես խաղաղ ես աշխարհին նայում,
Եվ այնպես մե՛րն ես, մոտի՜կ, մտերի՜մ,
Ասես չեն բերել քեզ դավ ու արյուն,
Քեզ չեն բաժանել քո որդիներից:

Ասես Արաքսը՝ զայրույթից գունատ,
Իմ ու քո միջև չի սառել այսպես,
Ու թե այս ճամփով մի քի՜չ էլ գնամ,
Մի քի՛չ էլ քայլեմ՝ հասնելու եմ քե՜զ…

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

ԱՐԱՐԱՏԻՆ

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես ,
Ու անցել:

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը մի պահ քոնն է հիմա .
Դո´ւ էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցի´ր…

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

ԱՐԱՐԱՏԻՆ

Իմ Արարատ սուրբ սարը վես
Մեր նախահայր Հայկն է կարծես,
Որ թիկնել է ամպ ու շանթին,
Ու ծխում է հանց նահապետ՝
Խաղաղության չիբուխն իր հին
Ու ամպն է ծուխ չիբխի գլխին։

Ծխում է նա ու բարձունքեն
Աչք է պահում իր թոռներին,
Դարեր հսկում, որ չցրվեն
Ու կուլ չերթան աշխարհներին։
Ու հսկում է նրանց ճամփան
Օրորոցից մինչ գերեզման։

Խաղաղ է նա, տեսնում է, թե
Ոնց են ելնում օրորոցից
Թուխ, քաջորակ թոռներն իր վեհ
Ու չարը դուրս վանում երկրից,
Դաշտ են ձգում խոփն արծաթե
Ու ոսկի հաց պոկում քարից։

Ու ժպտում է հոր պես հպարտ,
Թիկնած հնուց մեր երկրին.
Մեր նահապետ լեռն Արարատ
Լուռ ծխում է խաղաղության,
Իմաստության չիբուխն իր հին։
Ու ժամանակն է ծուխը չիբխին…

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

ԸՆԴԴԻՄԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Այն ո վ է ասում
Որ Արարատը ձերն է ու ձերը.
Անհեթեթ պատրա՜նք.
Քարտեզն է ձերը,
Քարտեզի վրա չափած-գծա՜ծը,
Իսկ ինքը՝ լե´ռը…

Նրա ընկալմամբ են, որ հավերժության խորհուրդ են առնում,
Նրա պարուրող մշուշն ու ամպը
Մեր ընկալմա՜մբ են Եղեգան փողի ծուխ ու բոց դառնում.
Նրա ամեն մի անշունչ, անկենդան ավազահատը
Մեր արյան կարմիր գնդիկների´ն են կենսահյութ տանում:

Մոխի´րն է ձերը,
Սարը բաղադրող կոշկոռը քարե.
Մեզ համար գործող հրաբուխ է նա,
Խառնարա՜ն ոգու,
Որ դար ու դարեր
Մեր ընդվզումի կրակն է ժայթքում
Եվ բորբոքում մեր ցասու՜մը կենաց:

Սառու՜յցն է ձերը,
Սառը, անհաղորդ սառույցը դեղնած,
Իսկ մեզ՝ բյուրավոր արեգակների
Ներուժությու՜նն է անդուլ ճառագում նրա կողերից,
Որ տաքացնում է մի որջ հողագունդ_
Այդ հողագնդին փռված-ծվարած մեր բեկորները:

Օ՜, սուրբ առասպել Արա արքայի,
Մեր էությունը ցոլացնող պատում,
Մեր փնտրումի գյու՜տ,_
Որ երեսուն դար ու դեռ ավելին
Սոսկ հոլովեցին ու չհասկացան
Բոլոր հին ու նոր Շամիրամները:

Մարմի´նն է ձերը
Արա արքաի-Արարատ լեռան,
Սպանված, մեռած մարմի՜նը միայն,
Որը չե´ն կարող, չե´ն կենդանացնի
ձեր այլաբարբառ հարալեզները…
Մեը՝ հոգի´ն է.
Սերնդեսերունդ անշեջ թևածնող,
Վերջին շնչում իսկ՝ հազար կերպ առած նորի´ց պոռթկացող,
Որ չես սպանի զենքով ու դիրքով,
Չե´ս խլի երբեք գիր ու կնիքով
Եվ սահմանների փշալարերով երբեք չե´ս բանտի
Մերը՝ հոգի´ն է….

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

ԿՏԱԿ

Որդիս, քեզ ի՞նչ կտակեմ, ի՞նչ կտակեմ, իմ բալիկ,
Որ ինձ հիշես վշտի մեջ, թե խինդի մեջ քո գալիք.
Գանձեր չունեմ, բայց գանձն ի՞նչ, գանձը լույսն էր աչքերիս,
Դու ես միակ իմ գանձը, դու ես գանձը գանձերիս:

Քեզ այնպիսի գանձ կուզեմ ես կտակել հայրաբար,
Որ չի կարող կտակել ուրիշ երկրում ոչ մի հայր, -
Ես քեզ այն եմ կտակում, որին այս մեծ մեր դարում
Փոքրիկ մարդիկ են բանտել ու շղթայել ամպերում:

Քեզ մեր սարն եմ կտակում, որ դուրս բերես սև ամպից,
Որ տուն բերես շալակած արդարությամբ մեր անբիծ,
ՈՒ կբերես, իմ բալիկ, թեկուզ քո խեղճ թաթիկով
Մեր սարն այս կողմ շուռ կտաս` արդարությանդ ուժն է ծով:

Ու երբ բերես, իմ բալիկ, սիրտս էլ շիրմից կհանես,
Կբարձրանաս ու սիրտս ազատն ի վեր կտանես
Ու կթաղես իմ սիրտը ձյուների տակ Մասիսի,
Որ շիրմում էլ` դարավոր հուր կարոտից չմրսի:

Քեզ Մասիսն եմ կտակում, որ դու պահես հավիտյան,
Որպես լեզուն մեր հայոց, որպես սյունը քո հոր տան:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Ես գիտե՛մ մի օր աշխարհից արար
Կջնջվեն սահման ու սահմանագիծ,
Լոկ ծիածանը կկապի կամար,
Եւ ես… Մասիսը կսեղմեմ կրծքիս:

Իսկ եթե ոչ … (միայն թե ուժս ների…),
Այդ սուրբ բեռի տակ թեկուզ փշրվեմ,
Ես Մասիս սարը կառնեմ ուսերիս
Եւ մեն-միայնակ այստեղ կբերեմ:

ԵՎԳԵՆԻ ԵՎՏՈՒՇԵՆԿՈ

Նա – Արարատը.
Թեև այլևս նրան չեմ տեսնում,
Չեմ լսում սրտի զարկերը նրա,
Բայց գիտեմ՝ այնտեղ, իր տեղում է նա.

Կանգնած մշտարթուն, վիթխարի, ուժեղ,
Նա պահակում է իր պահակներին՝
Ականջը՝ այստեղ,
Հայաստան երկրից եկող ձայներին:

ԴԵՍԱՆԿԱ ՄԱՔՍԻՄՈՎԻՉ
Սերբ բանաստեղծուհի

ՄԱՍԻՍ

Մասի’ս, հպա’րտ ես դու,
Մինչ ես
Քո վշտերից կռանու՜մ եմ.
Ջահել, զվա՜րթ ես դու,
Մինչ ես
Քո հոգսերից ծերանում եմ:

Դրանից չե՞ս դու վե՜հ ու վե՜հ,
Իսկ ես տանջվու՜մ,
Սրտնեղում եմ,
Որ մի օրվա անցորդ եմ ես
Իսկ դու հավետ քո տեղու՜մ ես…
Ես քարանում եմ քո վշտից,
Դու խաղ անում աստղերի հետ…

Երանի ես լեռ լինեի
Իսկ դու Մասի’ս,-հայոց պոե’տ:

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ

ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ

(Հատված)

Երկնքից առկախ մի լեռնակղզի՝
Հայաստան աշխարհ:

Երկնքից առկախ այդ լեռնակղզու ուղիղ կենտրոնում՝
երկու զանգ հսկա և անձեռագործ:
Եվ այնքա՜ն հսկա, այնքա՜ն վիթխարի,
որ չէին կարող որևէ կեռից ոչ մի կերպ կախվել,
ուստի պարզապես կործված են հողից:

Անունն՝ Արարատ
կամ
Սիս ու Մասիս:

Նրանց ռումբաձև զույգ լեզվակները խրված են հողում
և, խարսխի պես, հասնում են մինչև հրահեղուկի մթին հատակը:
Ու երբ գործում են այդ լեզվակները՝
երկրաշարժային բոլոր սարքերը
իրենց տագնապն են արձանագըրում
լրագրերի գունատ երեսին՝
սև-սև տառերով…
իսկ ով ունկ ունի,
հավատո բլթակ՝
նա լսում է միշտ և նրանց ձայնը,
ղողա՜նջը նրանց:

Եվ ե´ս չեմ, ոչ էլ դուք եք ղողանջում.
Սիսն ու Մասիսն են ղողանջում անվե´րջ-անդադա´ր-անդո´ւլ:
Գողթան երգերի չափ ու կշռույթով,
բամբ բամբիռների նվագակցությամբ,
շարականների ելևէջումով պատարագատու՝
Սիսն ու Մասիսն են ղողանջում անվե´րջ-անդադա´ր-անդո´ւլ.
ով ունի ականջ,
բլթակ հավատո՝
նա լսում է միշտ,
լսում է նրանց զանգը երկնաչու,
որ թարգմանվում է լոկ երկու բառով՝
ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈՑ

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ


8 Responses to ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ՄԱՍԻՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:




Կարդացեք նաև