ԵՐԵԽԱՆԵՐ ԲԵՐՈՂ ԱՐԱԳԻԼՆԵՐԸ

Մեզ մեր մայրիկներին ու հայրիկներին ապահով հանձնած արագիլների մասին կարծես թե այդքան էլ շատ բան չգիտենք, բայց հենց հիմա կուղղենք այդ սխալը:

Սուր ու երկար կտուցներով այս թռչուններն ունեն 18 տեսակ, որոնցից ամենահայտնիներն են սև և սպիտակ արագիլները: Ապրում են նրանք հիմնականում արևադարձային վայրերում: Իսկ սննդի հարցում այդքան էլ պահանջկոտ չեն. սնվում են գրեթե ամեն ինչով՝ միջատներով, ձկներով, երկկենցաղներով, սողուններով, մկներով, և նույնիսկ բույսերով:

Արագիլները շատ օգտակար թռչուններ են, և դա չեմ ասում միայն նրա համար, որ փոքրիկներին հանձնում են ծնողներին: Նրանք նաև օգնում են գյուղացիներին՝ ոչնչացնելով բերքը փչացնող վնասատու միջատներին:

Սպիտակ արագիլները տարածված են Միջին ու Հարավային Եվրոպայում, Ասիայի արևմտյան և արևելյան շրջաններում: Մեզ մոտ՝ Հայաստանում, սպիտակ արագիլները բնակվում են Արարատյան դաշտում: Նրանց մարմնի երկարությունը գրեթե հասնում է մեզ՝ 100–115 սմ: Բայց սա դեռ զարմանալի չէ, զարմանալին այն է, որ նրանց թևերի բացվածքն ավելի երկար է, քան մարմնի երկարությունը՝ 155–165 սմ, պատկերացնու՞մ ես: Դե իսկ այս ամենի հետ մեկտեղ արագիլները կշռում են ընդամենը 4 կգ:

Արագիլները

Ընդհանրապես, նրանք շատ յուրահատուկ մարմին ունեն և մենք նրանց շուտ կտարբերենք բոլոր մյուս թռչուններից. երկար վիզ, կարմիր ու երկար կտուց և ոտքեր, սև ու սպիտակ գունավորում:

Սպիտակ արագիլի զույգերը շատ հավատարիմ են, նրանք երբեք-երբեք իրար չեն դավաճանում և ունենում են 3-5 ձագուկներ:

Ձագուկները սկզբնական շրջանում տարբեր ձայներ են արձակում, բայց որոշ ժամանակ անց այդ ձայներն անհետանում են, և հասուն արագիլները սկսում են հաղորդակցվել կտուցների կափկափյունով: Տպավորություն է ստեղծվում, որ երկու հաստ փայտերով իրար են հարվածում: Նրանք նաև շատ բարի են ու միշտ պաշտպանում են իրենց ձագուկներին:

Արագիլներն առանձնանում են նաև իրենց յուրահատուկ բներով: Բույն հյուսում են ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ գյուղական տների տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա կամ էլ նույնիսկ էլեկտրասյուների ծայրերին, ամեն տեղ, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի շրջակայքը:

Արագիլները

Իսկ սև արագիլները մեզ մոտ ավելի հազվադեպ են հանդիպում։ Նրանք նույնպես բնակվում են Եվրոպայում և Ասիայում: Իսկ Հայաստանում հանդիպում են հիմնականում Սևանա լճում: Չափազանց զգույշ թռչուններ են ու գերադասում են ապրել խուլ անտառներում:

Արագիլները՝ անկախ տեսակներից, մարդկանց շատ լավ բարեկամներն են և հենց այդ պատճառով էլ նրանց մասին բազմաթիվ առասպելներ, հեքիաթներ ու բանաստեղծություններ են հորինվում, որոնցից մեկը հենց մեր սիրելի Հովհաննես Թումանյանն է հեղինակել:

Հա՜յ, արագի՛լ, բարով եկար.
Դու մեզ գարնան նշան բերիր,
Մեր սրտերը ուրախ արիր։
Արագի՛լ, երբ գընացիր,
Դու մեզանից երբ գընացիր,
Հա՜ փըչեցին բուք ու բորան,
Ծաղիկները ամեն տարան։
Արագի՛լ, բարով եկար,
Հա՜յ, արագի՛լ, բարով եկար.
Բունըդ շինիր էն հին ծառին
Մեզ մոտ մնա ամբողջ տարին։

Եվ, վերջապես, արագիլների ամենազվարճալի սովորության մասին. նրանք սիրում են մի ոտքի վրա կանգնել: Բայց սրա բացատրությունը դեռ ոչ ոք հաստատ չգիտի: Ասում են՝ արագիլների բնի մեջ այդքան էլ շատ տեղ չկա, ձագուկներն արդեն իսկ շատ տեղ են զբաղեցնում, այդ պատճառով էլ մի ոտքի վրա են կանգնում, որ ոչ մի դեպքում չվնասեն նրանց: Արագիլները նույնիսկ գիշերներն են մի ոտքը վերև բարձրացնում: Դա էլ բացատրում են նրանով, որ իրենց մոտ արդեն բնազդ է ձևավորվել… Բայց ամենահետաքրքիր պատասխանն ու բացատրությունն ահա սա է եղել. արագիլները մի ոտքը վերև են բարձրացնում, որովհետև, եթե երկուսը բարձրացնեն, անմիջապես կընկնեն… 🙂

Անի Ավագյան

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի