ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ -ԱՌԱԿՆԵՐ. ՄԱՍ 1-ԻՆ

ԱԳՌԱՎՆ  ՈՒ  ԱՂՎԵՍԸ

Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ.
Կտուցն առավ,
Ծառին թռավ:

Օ, ինչ պանիր, դեղին ոսկի…
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց,
Էրվեց
Պանրի հոտով:

Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը:
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ,
Փափկամազիկ,
Բացեց լեզուն անուշ, մեղուշ,
Թափեց, լափեց շաքար ու նուշ.
Ինչքան լավն ես,
Ես քո գերին,

Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին:
Մի դու մտիկ
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ազին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին:
Գիտեմ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայն էլ կըլի հրեշտակի:
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի:
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի:

Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած`
Ագռավային
Բկովը մին,
Որ չկռռաց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց:

ԱՔԼՈՐՆ ՈՒ ՄԱՐԳԱՐԻՏԸ

Օրվա մեկը մի աքլոր
Քուջուջ- մուջուջ անելիս,
Տեսավ մի հատ մարգարիտ
Աղբի միջին փայլելիս:
Կտցեց, ասավ. «Էս ի՞նչ է,
Ինձ հարցնես` ոչինչ է,
Վայ տամ էն հիմարին,
Որ գին կտա էս քարին,
Իսկ ինձ համար մեկ գարին
Արժեր էսպես հազարին»:

ԽՈԶՆ  ՈՒ  ԱԳՌԱՎԸ

Մի դարավոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտվեց,
Որ ցած ընկավ ու փռվեց:
Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
Ի՞նչ ես անում, այ անգետ, –
Ագռավն ասաց վերևից: –
Խա՞ղ ես անում ծառի հետ,
Կչորանա արևից:
Չորանում է` չորանա,

Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:
Այ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի`
Իր կույր աչքով չի տեսնի,
Որ կաղինը հյութալի
Լոկ այս ծառն է ձեզ տալի, –
Ագռավն ասավ խոզուկին,
Էն կախ գլուխ կուզիկին:

ԿԱՐԻՃՆ ՈՒ ԳՈՐՏԸ

Սև կարիճը լճի ափին տեսավ մի գորտ,
Ասավ. – Այ գորտ, ճարպիկ լողորդ,
Առ ինձ մեջքիդ ախպերաբար,
Առ ու լճի էն ափը տար:
Էն ինչ գորտ էր,
Քաջ լողորդն էր,
Շալակն առած սև կարիճին,
Իրեն տվեց կապույտ լճին:

Բայց կարիճը խայթեց գորտին,
Խեղճը ջրում փռվեց լերդին,
Ուշքը գնաց,
Նվաղելով հա կռկռաց.
Կարիճ…
Դահիճ…
Ես էլ կորա…
Դու էլ կորար,
Այ անկամորդ…
Ղորտ…ղորտ… ղորտ…
Բնությունս է այդպես, այ գորտ:

Թե չխայթեմ,
Ես կպայթեմ, –
Կարիճն ասաց,
Ինքն էլ խեղդվեց` ափ չհասած:

ԵՍ

Ագռավը բռնեց մի խեցգետին և նստեց ծառին:
Խեցգետինն ուզեց ազատվի, կտցիցը զատվի ու ասավ նրան.
– Ոսկեհատիկ, ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից կեղտոտը:
Ագռավը սեղմեց կտուցը և կռռաց.
– Դո՛ւ…
– Ոսկեհատիկ, ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից նախշունը:
Ագռավը բացեց կտուցը և կռռաց.
– Ե՛ս…
Կտուցը բաց անելուն պես խեցգետինը կտցից ընկավջուրը և իրեն ազատեց:

Առակների հեղինակ՝ Աթաբեկ Խնկոյան

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

8 մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի