մանկական հագուստ

Ի ուրախություն բոլոր փոքրիկների ու մայրիկների՝ վաղոց անցել են բարուրների ու միօրինակ մանկական հագուստների ժամանակը: Բժիշկները ազատություն են տվել դիզայներներին ու մայրիկներին, բայց, իհարկե, չեն մոռանում, խորհուրդների մասին, որովհետև մանկական նորաձևությունը թերևս ամենաֆունկցիոնալ նորաձևությունը կարելի է համարել:

Երեխաներին մեծերի պես հագցնելու սովորություն կար դեռ մի քանի հարյուր տարի առաջ, 7-8 տարեկանից սկսած փոքրիկ աղջիկները սկսում էին կրել կորսետներով պարահանդեսային զգեստներ: Այսօր մանկական նորաձևությունը թույլ է տալիս երեխաներին հագցնել մեծահասակների նման սկսած ծննդյան օրվանից: Բայց որպեսզի Ձեր փոքրիկը ոչ միայն ֆանտաստիկ տեսք ունենա, այլև այդ ֆանտաստիկ հագուստը նրան չվնասի, հարկավոր է մի քանի խորհրդի հետևել:

Բաղադրություն

մանկական հագուստ

Հագուստը պետք է լինի բնական կտորներից: Միայն ձմռանը կարող եք մի քիչ ազատություն թույլ տալ Ձեզ՝ բնական կտորից հագուստի վրա հագցնելով որևէ սինթետիկ կտորից հագուստ: Իհարկե, շատ հաճախ սինթետիկ հագուստները ավելի գեղեցիկ տեսք ունեն, քան բնականները և ավելի էժան են, բայց միայն բնական հագուստներն են, որոնք թույլ կտան Ձեր փոքրիկի մաշկին «շնչել»: Եթե երեխան քրտնում է, ապա անպայման ստուգեք հագուստի կտորի բաղադրությունը: Բնական են բամբակը, բուրդը և քաթանը: Սինթետիկ են կապրոնը, նեյլոնը, էլաստանը, լայկրան, սպանդեկսը, նիտրոնը, ակրիլը, արլոնը, պոլիէֆիրը: Սինթետիկ մատերիալներին կարելի է ժամանակ առ ժամանակ դիմել միայն մեկ ու կես տարեկանից հետո:

Ձև

Իհարկե, առաջին իսկ օրերից կարող եք երեխային հագցնել ջինսեր ու կորսետներով զգեստներ: Բայց ինչո՞ւ փոքրիկի նուրբ մարմինը ծանրաբեռնել կապիչներով, շղթաներով ու կոճակներով: Այդ ամենը կհայտնվի նրա հագուստների վրա, բայց մի փոքր ավելի ուշ: Երեխայի առաջին տարվա ընթացքում ընտրեք փափուկ, ազատ հագուստ առանց կապերի: Դա վերաբերում է հատկապես այն հագուստին, որով քնում է երեխան, խուսափեք վզի շուրջ կապերից: Հագուստը չպետք է սահմանափակի նրա շարժումները:

Գույն

մանկական հագուստ

Գուցե դա Ձեզ տարօրինակ թվա, բայց երեխաները ի ծնե ունեն իրենց ճաշակը գունային գամմայի ընտրության հարցում: Եվ իմիջիայլոց, դա բավական տարբեր է աղջիկների և տղաների մոտ: Ընդհանուր է միայն այն, որ նրանք բոլորը չեն սիրում մուգ գույնի հագուստ: Կարմիր, դեղին, երկնագույն գույները սիրում են գրեթե բոլոր երեխաները: Եվ գույներին նրանք շատ ավելի արագ են արձագանքում, քան մեծահասակները: Անգամ մեկ տարեկան երեխան կարող է հրաժարվել կրել մի հագուստ, որի գույնն իրեն դուր չի գալիս: Բաց գույները բարձրացնում են երեխաների տրամադրությունը, վստահեցնում են հոգեբանները, և առհասարակ նրանց նախընտրած գույները սերտ կապված են նրանց բնավորության հետ: Օրինակ, վառ-կարմրավուն հագուստ ընտրում են այն երեխաները, որոնց էներգիան պարզապես դուրս է հորդում, իսկ հանգիստ երեխաները նախընտրում են երկնագույնը և մյուս բաց երանգները: Եվ միևնույն ժամանակ Դուք ինքներդ կարող եք համապատասխան բնավորություն «դաստիարակել» երեխային հագուստի գույների օգնությամբ: Դեղին գույնը զարգացնում է շփվելու ունակությունը, հետաքրքրասիրությունը և կենսուրախությունը: Կանաչ գույնը զարգացնում է հաստատունությունը, ինքնվստահությունը, ինքնասիրությունը և համառությունը: Կարմիրը՝ կամքի ուժը, ագրեսիվությունը և ցայտուն ակտիվությունը:

Չափս

Մինչև երեք ամսականը շատ հեշտ է ըտնտրել երեխայի չափսով հագուստ, որովհետև նրանք որպես կանոն մեծանում են մի «ստանդարտով»: Իսկ դրանից հետո ինքներդ պետք է հետևեք, թե Ձեր փոքրիկն ինչ արագությամբ է մեծանում: Չափեք նրա հասակը կամ էլ նրա հետ գնացեք խանութ և ընտրեք հագուստը հենց նրա չափով:

Լվացք

մանկական հագուստ

Երեխաների հագուստների համար կան հատուկ լվացքի փոշիներ: Եթե Ձեր երեխան առանձնահատուկ նուրբ մաշկ ունի, ապա խորհուրդ է տրվում օգտագործել տնտեսական օճառ: Իհարկե, պարտադիր չէ հագուստը ձեռքով լվանալ: Կարող եք օճառը քերել և լցնել լվացքի մեքենայի «արկղիկի» մեջ:

մանկական հագուստԳրեթե բոլոր մանկական հագուստները կարելի է լվանալ 60⁰C ջերմաստիճանի տակ, բայց այնուամենայնիվ պիտակի ցուցումներին հետևելը չէր խանգարի: Եվ չմոռանանք հիշեցնել, որ խնձորի ու դեղձի հետքերի դեմ առայժմ լվացքի փոշիներն անզոր են, այնպես էր երեխային այդ մրգերով հյուրասիրելիս գոգնոց հագցրեք:

Ահա այսքանը: Եվ հիշեք. հարկավոր չէ գնել այնպիսի հագուստ, որը կրելիս երեխան Ձեզնից պետք է անընդհատ լսի. «Մի նստիր: Մի վազիր, կպատռես: Զգույշ, կկեղտոտես»: Չէ՞ որ նորաձև հագուստներ նա դեռ շատ կկրի, իսկ մանկութունը մեկն է և այն պետք է լինի ամենաուրախը…

Անահիտ Ալեքսանյան

1 մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here

6 + 2 =