ԿԻԹԱՌ. ՈՐՏԵՂԻ՞Ց ՀԱՅՏՆՎԵՑ ԱՅՆ


Կիթառի պատմությունը սկսվում է հին, շա՜տ հին ժամանակներից: Կարո՞ղ ես գուշակել նրա ծննդավայրը: Իսպանիա՞, հմմմ ես էլ էի այդպես կարծում և անչափ զարմացա, երբ իմացա, որ կիթառի ծննդավայրը համարվում է Արևելքը, իսկ թե կոնկրետ ո՛ր երկիրը, ոչ ոք չգիտի: Այդ մասին վկայում են, օրինակ բարության խորհրդանիշ, կիթառի տեսք ունեցող հիերոգլիֆները, որոնք հայտնաբերվել են հին եգիպտացիների մոտ կամ էլ մի շարք ճարտարապետական շինություններ, որոնց վրա պատկերված է նման երաժշտական գործիք: Եվ ամենակարևոր ապացույցն այն է, որ «կիթառ» բառն արաբական ծագում ունի:

web-1

Ճիշտ է կիթառը ծնվեց Արևելքում, բայց Արևելքի բնակիչները բարի գտնվեցին և որոշեցին այն տարածել աշխարհի բոլոր անկյուններով:  13-րդ դարում արաբները կիթառը տարան Իսպանիա, որտեղ էլ այն հենց ամենամեծ զարգացումն ապրեց: 15-րդ դարում իսպանացիները նույնիսկ սկսեցին մրցել իրար հետ՝ է՛լ ավելի զարգացնելով այս երաժշտական գործիքը: Հենց այս դարում էլ կիթառը լայն տարածում ստացավ և մարդիկ սկսեցին սիրել այն: Սկսեցին կազմակերպել մի շարք համերգներ ու մրցույթներ այս գործիքի գլխավոր դերակատարությամբ:

PamOmohundro_GirlGuitarAndHorse

Այն ժամանակ կիթառն ավելի նեղ ու երկար տեսք ուներ և բացի այդ էլ, լարերն ընդամենը չորսն էին: Իսկ արդեն 19-րդ դարում՝ երկար և նաև դժվար ճանապարհ անցնելով, այն ստացավ այսպիսի տեսք՝ գեղեցիկ, մշակված և վեց լարով:

Այս ամենից հետո Իսպանիայից կիթառն ուղևորվեց դեպի եվրոպական այլ երկրներ և Ամերիկա, որտեղ էլ գրկաբաց ընդունելության արժանացավ: Կիթառը շա՜տ լայն տարածում գտավ: Իսկ գիտե՞ս՝ ինչու, դե որովհետև շա՜տ բազմաժանր գործիք է: Այն պետք է գալիս ամենատարբեր երաժշտություններ ստեղծելիս:

WEB-WM-900_DSC7542

Կիթառ պատրաստողներին իբրև մասնագետներ անվանում են «լյուտե»: Լյուտեները մեկ-մեկ շեղվում են այն պատրաստելու հստակ գծագրված կանոններից և ստեղծում են տարօրինակ կիթառներ: Հենց այդ շեղումների արդյունքում էլ ստեղծվել են աշխարհի ամենափոքր և ամենամեծ կիթառները: Ամենափոքրն ընդամենը 10 միկրոն է, իսկ ամենամեծը՝ մի էլեկտրակիթառ, որի երկարությունը 13 մետր 26 սանտիմետր է և այն կշռում է ամբողջ 1023 կիլոգրամ:

Կիթառը 20-րդ դարում մոռացության մատնվեց: Սակայն շուտով ամեն ինչ նորից իր տեղն ընկավ: Եվ արդեն մեր ժամանակներում կիթառը երևի ամենալայն տարածումը ստացավ: Գրեթե բոլոր երիտասարդներն ու նույնիսկ տարեցները սիրում են այս գործիքը: Այո՛, սիրում են բոլորը, իսկ ահա կարողանում են նվագել քչերը… Բայց մարդիկ ամեն իրավիճակում էլ մի ելք գտնում են: Ահա այդպիսի մի ելք գտան Ֆինլանդիայի բնակիչները: Նրանք ամեն տարի կազմակերպում են հորինված կիթառների մրցույթ: Սա շա՜տ զվարճալի մի մրցույթ է, որի մասնակիցներն առանց կիթառների կիթառ են նվագում: Այսինքն պարզապես պատկերացնում են, թե իրենց ձեռքերում կիթառ կա և ո՛ր մասնակիցն ավելի լավ պատկերացնի, նա էլ հաղթող կճանաչվի: Ահա այսպիսին է կիթառը՝ խենթ ու խենթացնող…

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։