երջանկության օր

Բոլորովին վերջերս՝ 2012 թվականին, ՄԱԿ-ը որոշում ընդունեց մարտի 20-ը հռչակել երջանկության միջազգային օր: Փաստորեն,  այս տոնն ընդամենը մի տարեկան է, բայց արդեն հասցրել է սիրվել ու ճանաչվել ամբողջ աշխարհում: Իսկ գիտե՞ս ինչու է այդքան լայն տարածում գտել. որովհետև աշխարհի բոլոր-բոլոր մարդիկ ցանկանում են երջանիկ լինել և հենց այդ ցանկությունն էլ միավորում է բոլորին:

երջանկության օր
Հետաքրքիր է, որ այս տոնի գաղափարը եկել է ոչ մեծ լեռնային մի երկրից՝ Բութանից: Ասում են, որ այս երկրի բնակիչներն աշխարհի ամենաերջանիկ մարդիկ են:

Իսկ ի՞նչ է երջանկությունը. այս երևույթն ուսումնասիրում են մի շարք գիտություններ՝ փիլիսոփայությունը, հոգեբանությունը, աստվածաբանությունը և այլն: Հազարամյակներ շարունակ երջանկություն գաղափարը ստեղծագործելու մեծ հնարավորություններ է տվել բանաստեղծներին, նկարիչներին, երաժիշտներին, դերասաններին և բոլորին, բոլորին, բոլորին…

Բայց երջանկություն կոչված այս երևույթն ուսումնասիրելու կարիք էլ չկա, չէ՞ որ յուրաքանչյուրս յուրովի ենք զգում ու մեկնաբանում այն: Մենք ինքներս ենք ստեղծում ու գտնում մեր երջանկությունը: Պարզապես արթնանալը, արև տեսնելը, հին հագուստի գրպաններից մեկում գումար գտնելը, մայրիկին ու հայրիկին ամուր գրկելը կամ էլ կոնֆետ ուտելն արդեն իսկ մե՜ծ երջանկություն է… Իսկ ի՞նչ նվիրել այսօր հարազատներիդ. լավագույն նվերը հաստատ-հաստատ կլինի քո լա՜յն ու վարակիչ ժպիտը…

Անի Ավագյան

1 մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

2 + 6 =