Պառվի ուլերը

Քեզ էլ է հետարքրում, թե ինչո՞ւ են գարնանը անձրևային ու արևային եղանակները այդքան արագ ու անսպասելի փոխարինում իրար: Ապրիլյան պարզ երկնքում հանկարծ կարող են ամպեր կուտակվել և երկնքից հորդ անձրև թափել, իսկ քիչ անց երկնքում կրկին կարող է շողալ պայծառ արևը: Հայ ժողովուրդը այս փոփոխական օրերը անվանում է «պառվի ուլեր» և ասում է, թե մինչև պառվի ուլերը չանցնեն, վստահաբար չի կարելի ասել, որ գարուն է եկել:

Ահա թե ինչ ավանդույթ է կապված «պառվի ուլերի» հետ:  Ասում են, թե շատ տարիներ առաջ այս օրերին «պառավի ուլեր»-ով սկսվեց տեղումների շարքը և այն շարունակվեց մոտ 20 օր: Մի աղքատ կին, որ անհամբերությամբ սպասում էր գարնանային տաք եղանակին, ապրիլի գալուն պես որոշում է իր ուլերին սարը տանել՝ գարնան բարիքներից օգտվելու համար: Հանում է սարը և ասում. «Գնաց գիժ մարտը, եկան տաք օրեր, ուլերս սարը տանեմ և խոտ արածեցնեմ»:

Եվ մարտն էլ զայրանում է, ու հենց պառավը ուլերին սարն է հասցնում, մի քանի օր շարունակ ուժեղ անձրևներ են սկսվում, և ուլերը չդիմանալով ցրտին՝ կոտորվում են: Ըստ ավանդազրույցի, հենց այս օրվանից հովիվները դաս են քաղել և իրենց կենդանիներին սարն են տանում միայն ապրիլի վերջին, մինչև «պառավի ուլերը» ավարտվեն:

Եվ ուրեմն, դու էլ մի՛ շտապիր պահարանում թաքցնել տաք հագուստներդ: Սպասի՛ր, մինչև անցնեն այդ չարաճճի ուլիկները…

«Պառվի ուլերի» մասին մի շատ լավ բանաստեղծության հեղինակն էլ մանկագիր Պատվական Խաչատրյանն է: Ահա այն.

ՊԱՌԱՎԻ ՈՒԼԵՐԸ

Մի պառավ կին
Ուներ-չուներ`
Լղար-մղար
Չորս ուլ ուներ:

Ձմեռն ահա
Եկավ չոքեց.
Դուռ ու ճամփա
Ամուր փակեց:

Ո’չ ուտելիք,
Ո’չ վառելիք,
Ուսին մի բեռ
Տալիք-տուլիք:

Դեռ ինքը հեչ,
Խոտը պրծավ,
Վա՜յ, խեղճ ուլեր,
Էսպես էլ ցա՞վ:

Մի կերպ ձգեց,
Հասավ մարտին,
Մարտս ո՞րն է`
Նայիր ցրտին:

Հունվարն ի՞նչ է`
Քշեց անցավ,
Մի երկնային
Կրակ դարձավ:

Խեղճ պառավի
Լեղին ճաքեց,
Լաց ու կոծով
Կուրծքը թակեց:

-Անիծվե’ս դու,
Խենթ ու խելառ,
Ու՞ր ես պահել
Արևը վառ:

Ճարահատված
Ձյունը փորեց,
Տակից մի կերպ
Խոտ-մոտ ճարեց:

Մինչև հասավ
Մարտի վերջը`
Ձեռքից ասես
Գնաց խեղճը:

Եվ վերջապես
Բացվեց օրը,
Կանաչ հագան
Սարն ու ձորը:

Դրսում ապրիլ,
Ծաղկած արև…
Պառավն էդտեղ
Շնչեց թեթև:

Ուլերն ահա
Առաջն արած`
Քշեց դեպի
Սարերը բաց:

Հետն էլ ուրախ
Երգեց, ճչաց.
-Մարտը գնաց,
Դա՜րդը գնաց:

Մարտը լսեց,
Ելավ ափից
Ու ետ դարձավ
ԿիսաՃամփից:

Ասաց` ապրի’լ,
Օրեր տուր փոխ,
Պառավի դեմ
Ո’խ ունեմ, ո’խ:

Երբ փոխ առավ
Մի քանի օր,
Ձմեռ բերեց
Մի ահավոր:

Շուրջբոլորը
Բքով պատեց
Եվ ուլերին
Տեղում խեղդեց:

Այդ օրվանից
Ամեն տարի,
Որպես դաժան
Հիշաչար մի`

Մարտն ապրիլից
Օր է առնում,
Սարեր, ձորեր
Իրար խառնում,

Պտտվում է
Խելառի պես,
Եվ ուլեր է
Փնտրում ասես:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

5 + 5 =