facebook

ՄԻԿԱ ԵՎ ԲԵՏՏԻ – ՊԱՐԱՇՓՈԹ


Միկա և Բետտի՝ անուններ, որոնք հայտնի են մեզ շատ ու շատ նախագծերից, անուններ, որոնցից յուրաքանչյուրը մի գույն է, մի ժպիտ ու տրամադրություն: Իսկ երբ միավորվում են բոլոր գույները, տրամադրություններն ու ժպիտները, առաջանում է իսկական խառնաշփոթ: Խառնաշփոթից՝ երգեր, երգերից՝ պարեր, իսկ ա՛յ պարերից՝ պարաշփոթ: Եվ ուրեմն Միկայի ու Բետտիի երգը պարզապես չէր կարող չկոչվել «Պարաշփոթ»:

Միկա և Բետտի
Ապրիլի 30-ը Բետտիի և Միկայի համար դարձավ անչա՜փ կարևոր օր, որովհետև նրանք հենց այդ օրը հրավիրեցին լի՜քը հյուրեր ու կիսվեցին բոլորի հետ իրենց առաջին տեսահոլովակով և առաջին դուետով: Նրանք իրենց հյուրերին պատմեցին, որ «Պարաշփոթ» երգը պարային մենամարտ է հիշեցնում, որովհետև Միկան համոզված է՝ ինքը Բետտիից լավ է պարում, իսկ Բետտին՝ ընդհակառակը: Նաև անկեղծորեն խոստովանեցին, որ նկարահանման ընթացքում էլ իսկական խառնաշփոթ է եղել, որովհետև պարային մենամարտում այդպես էլ հաղթողներ ու պարտվողներ չեն հայտնվել:

Միկա և ԲետտիԵվ, ինչպես Միկան է ասում, իրենց տեսահոլովակը «տաժանակիր, քրտնաջան աշխատանքի և չքնած օրերի արդյունք է»: Նախ հավաքվել է մասնագետների խումբ. Էլիտա Հարությունյանը գրել է երգի բառերը, Զառա Պետրոսյանը՝ երաժշտությունը, Արմեն Սարգսյանը գործիքավորել է, իսկ ա՛յ ամենաբարդ գործը բաժին է ընկել Արտյոմ Գևորգյանին, չէ՞ որ հենց նա է եղել պարուսույցն ու պարաշփոթի «մեղավորը»: Եվ հետո միայն սկսվել են տեսահոլովակի նկարահանումները: Արդեն գործի են անցել օպերատոր Արման Օրդյանը, ռեժիսոր Արսեն Ասլանյանը և, իհարկե, երկու չարաճճիները՝ Բետտին ու Միկան:

Նրանց առաջին տեսահոլովակը ոչ միայն բարձրացրեց հյուրերի տրամադրությունն ու ժպիտ պարգևեց բոլորին, այլ նաև վարակեց նրանց: Եվ արդյունքում պարաշփոթային տրամադրությամբ Բետտիին և Միկային միացան նրանց փոքր ու մեծ ընկերները՝ բեմը լցնելով հաճելի աղմուկով, բարությամբ ու  անսսպառ էներգիայով:

Միկա և ԲետտիՏեսահոլովակի հերոսներն անսահման ուրախ էին իրենց առաջին ձեռքբերումով և նոր-նոր ի հայտ եկող հանդիսատեսով: Ու չնայած վեճերին՝ թե՛ Բետտին, թե՛ Միկան այլ կերպ չէին էլ պատկերացնում իրենց առաջին տեսահոլովակը:

Բայց արդեն երկրորդ տեսահոլովակում հաստատ հանդես չեն գա դուետով, նրանցից յուրաքանչյուրը կդառնա իր սեփական տեսահոլովակի գլխավոր հերոսն ու հերոսուհին: Դե իսկ Միկայի և Բետտիի ապագան ավելի վառ ու պայծառ է լինելու, չէ՞ որ նրանք չեն դադարում երազել, երգել, պարել, մեկ-մեկ էլ, իհարկե, վիճել…

Եվ հիմա ժամանակն է քեզ էլ վարակելու պարային բարձր, շա՜տ բարձր տրամադրությամբ:

Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ՄԻԿԱ ԵՎ ԲԵՏՏԻ – ՊԱՐԱՇՓՈԹ