ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ – ՆԱԻՐԱ ԵԴԻԳԱՐՅԱՆ


Նաիրա Եդիգարյան բանաստեղծություններ

Նոր բնակիչը

Լճակում  փոքրիկ-մոքրիկ
Ծնվել է ոսկե  ձկնիկ:
Ձկնիկն ուրախ լողում է,
Բայց ա’յ գորտին խանգարում է.

– Սա ի՞նչ բան է, կվա՜, կվա՜, կվա՜…
Լճակում էլ տեղ չկա,
Լճակի ջուրը շատ քիչ է,
Պետք չէ մեզ նոր բնակիչը:

Այդ ձկնիկը, կվա՜, կվա՜, կվա՜…
Թո՛ղ կապույտ ծովը գնա:
Մեր լճակը շատ է նեղ,
Կվա՜, կվա՜… չկա ազատ տեղ:

Ձմեռ պապիկը

 Ձմեռ պապիկը տխուր է.
-Սպիտակ ձյունը ու՞ր է, ու՞ր է,
Սա ձմեռ է , թե` գարուն,
Վերադառնում եմ ես տուն:

-Ձմե՛ռ պապիկ, մի՛ շտապիր,
Եվ իսկույն վերև նայի՛ր,-
Մի փաթիլ է նրան կանչում,
Պապիկի քթին իջնում:

Ձյան մեջ խաղում է պապիկը,
Թավալվում` ինչպես փոքրիկը,
Ուրախացած բղավում է.
-Մեր Նոր տարին շարունակվու՜մ է:

Կամակոր շնիկը

Կամակոր է իմ շնիկը,
Չի ուզում տալ իր թաթիկը,
Չի ուզում նա սովորել,
Ո՛չ պարել, ո՛չ թռչկոտել,
Հորանջում է, տրտնջում,
Կուչ է գալիս ու ննջում:

Քաղցած կոկորդիլոսը

Կոկորդիլոսը կանաչ
Գտնում է կարմիր կակաչ:
Հոտ է քաշում, փռշտում,
Հետո լճակը մտնում:

-Այս աշխարհը, անկասկած,
Շատ սխալ է կառուցված:
Թող ծառ ու խոտ քայլեին,
Սկյուռիկներն էլ աճեին:

Թե չէ ստացվում է այնպես,
Որ քաղցած եմ մնում ես:
Ձուկն էլ քիչ է լճակում,
Ախր ինձ չի հերիքում,-

Բողոքում է ու լացում,
Ստիպված բերանը բացում,
Ջուր է կուլ տալիս տիղմոտ
Եվ ուտում ծաղիկ ու խոտ:

Խխունջը

Խխու՛նջ, խխու՛նջ , ա՛յ խխունջ,
Ի՞նչ ես քնել լուռումունջ,
Քո պատյանից դուրս արի՛,
Արեգակին բարևի՛:

Ի՞նչ ես այդքան դու քնում,
Քո խուճուճիկ պատյանում,
Չլինի` վախենում ես,
Ու այդտեղ թաքնվում ես:

Մի բան ասա քո մասին,
Ե՛կ զրուցենք միասին,
Դե ձա՛յն հանիր, ա՛յ խխունջ,
Քեզ նմա՞ն էլ լուռ ու մունջ:

Արևն ու լուսինը

Խլուրդը լուսնին իր մոտ է տարել,
Ուզում է տնակն իր լուսավորել:
Գետնի տակ է խլուրդն ապրում,
Այնտեղ մութ ու խավար է տիրում:

Համ էլ քարքարոտ է , մի քիչ էլ` խոնավ,
Խե՛ղճ լուսին, քեզ այս ու՞ր տարավ:
Բա որ մի օր էլ արևին փախցնի,
Մեկը չկա` խլուրդին հարցնի.

-Թե լուսինն ու արևը քեզ դուր են գալիս,
Ինչու՞ մութ բնիցդ դուրս չես գալիս
Եվ բոլորի պես ապրում վերևում,
Որտեղ  լուսինն ու արևն են շողում:

Աղմկոտ կաչաղակը

Կաչաղակն աղաղակում,
Գոռգոռում է ու աղմկում,
Ա՛յ քեզ կաչա- ղաչա- ղակ,
Ստեղծեց  աղմուկ -աղաղակ:

Բանաստեղծությունների հեղինակ՝ Նաիրա Եդիգարյան

Մեկնաբանություններ

ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ – ՆԱԻՐԱ ԵԴԻԳԱՐՅԱՆ