ՋԱՆՆԻ ՌՈԴԱՐԻ – ԱԼԻՍԱ ԳԼՈՐԻԿԸ


Հիմա ես քեզ կպատմեմ Ալիսա-Գլորիկի մասին: Ինչու՞ է կոչվում «Գլորի՞կ». Որովհետև նա շարունակ գլորվում ընկնում էր, շարունակ ու ամեն տեղ:

Մի անգամ պապիկը փնտրում էր նրան, որ տանի պարտեզ.
– Ալի՜սա… որտե՞ղ ես, Ալի՜սա:
– Ես այստեղ եմ, պապիկ:
– Ո՞րտեղ-այստեղ:
– Զարթուցիչի մեջ:
Այո՛, երևակայիր, զարթուցիչի մեջ էր…Նա ցանկացել էր իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնպե՜ս սաստիկ էր ցանկացել, այնպե՝ս սաստիկ, որ բացել էր ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ: Եվ հիմա նա ստիպված էր շարունակ ցատկոտելանիվի մի ատամից մյուսը, որպեսզի ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք անդադրում պտտվում էին կրկնելով՝ «Տի՛կ-տա՛կ, տի՛կ-տա՛կ…»:

Իսկ մի ուրիշ անգամ էլ պապիկը կանչեց նրան նախաճաշի.
– Ալի՜սա… Որտեղ ես, Ալի՜սա…
– Ես այստեղ եմ, պապիկ:
– Ո՞րտեղ-այստեղ:
– Դե այստե՛ղ եմ, հենց կողքիդ… Շշի մեջ…
– Ինչպե՞ս դու ընկար այդտեղ:
– Ես շատ ծարավեցի, իսկ հետո, երբ ուզեցի շշից ջուր խմել, հանկարծ՝ թրը՛մփ… Եվ ընկա մեջը…
Այո՛, նա ընկավ շշով ջրի մեջ, և հիմա ստիպված է շարունակ ոտքերը շարժել ու ձեռքերով թիավարել, որպեսզի չխեղդվի: Դեռ լավ է, որ ամռանը, երբ նրան տարել էին Սպերլոնգ, այնտեղ սովորել էր գորտի նման լող տալ:
– Դե մի քիչ դիմացիր, հիմա ես քեզ կհանեմ:
Պապիկը շշի մեջ բարակ թոկ իջեցրեց: Ալիսան ճարպկորեն բարձրացավ այդ պարանով և դուրս եկավ շշից: Ահա հենց այդ ժամանակ էլ նա հասկացավ թե որքան օգտակար է մարմնամարզությամբ պարապելը:

Ջաննի Ռոդարի - Ալիսա Գլորիկը

Իսկ մի անգամ էլ Ալիսան կորավ: Ե՛վ պապիկն էր նրան փնտրում, ե՛վ տատիկն էր նրան փնտրում, ե՛վ հարևանուհին էր փնտրում, այն հարևանուհին, որ ամեն օր գալիս էր նրանց տուն, պապիկի լրագիրը կարդալու և այդպիսով քառասուն լիրա տնտեսելու:
– Տեր Աստված, այ քեզ դժբախտությու՜ն,- շշնջում էր սարսափահար տատիկը: -Ի՞նչ պիտի անենք, եթե չգտնենք նրան մինչև հոր ու մոր վերադարձը:
-Ալի՜սա… Ալի՜սա… Ո՞րտեղ ես… Ալի՜սա…
Բայց այս անգամ Ալիսան չէր պատասխանում, և չէր էլ կարող պատասխանել: Խոհանոցով ճանապարհորդելիս, նա իր հետաքրքրասեր քիթը խոթեց այն արկղի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Ուզեց նայել արկղի մեջ, և, իհարկե, գլորվեց ներս: Գլորվեց ու… քնեց փափուկ սփռոցների մեջ: Ինչ-որ մեկը անցնելիս դարակը ետ քաշեց, դե, ու՞մ մտքով կանցներ, որ Ալիսան այնտեղ է: Երբ նա արթնացավ, տեսավ, որ շուրջը մութ-մութ է, բայց նա բոլորովին էլ չվախեցավ. Մի անգամ նա գլորվեց լվացարանի խողովակը, այ, այնտեղ շատ ավելի մութ էր…

«Շուտով երևի ընթրիքի համար սեղան կգցեն, կուզենան սփռոցը հանել ու կգտնեն ինձ»:
Բայց ինչպե՞ս կարող էր մեկն ու մեկը մտածել ընթրիքի մասին, երբ կորել էր Ալիսան: Դե, իհարկե, ոչ ոք էլ չհիշեց ընթրիքի մասին: Երեկոյան, երբ վերադարձան Ալիսայի հայրիկն ու մայրիկը, նրանք բարկացան տատիկի ու պապիկի վրա:
– Այդպե՞ս եք դուք երեխա խնամում:
– Մեր երեխաները լվացարանների մեջ չէին գլորվում,- առարկեցին պապիկն ու տատիկը: – Մեր ժամանակներում երեխաները շա՜տ-շատ, մահճակալից էին ցած ընկնում, բայց դրանից ոչ մի առանձին վնաս չէր լինում, միայն ճակատներին մի փոքրիկ ուռուցք էր գոյանում:

Մինչ այդ, Ալիսան սպասելուց ձանձրացավ. նա մի կողմ քաշեց սփռոցներն ու անձեռոցիկները, հասավ դարակի հատակին և ամբողջ ուժով սկսեց ոտքերով դոփել հատակը:
«Թը՛խկ… թը՛խկ… թը՛խկ…»
– Սսս…,- ասաց հայրիկը,- կարծես ինչ-որ տեղ թակում են:
Իսկ Ալիսան սկսեց ավելի ուժեղ թակել:
«Թը՛խկ… թը՛խկ… թըխկ…»
Եվ դուք պետք է տեսնեիք, թե ինչպես էին նրան գրկում ու համբուրում, երբ գտան դարակում…
Իսկ Ալիսա՞ն… Նա օգտվեց հանգամանքից և գլորվեց հայրիկի բաճկոնի գրպանը: Եվ երբ հանում էին նրան այնտեղից, նա ամբողջությամբ ներկված էր թանաքով, որովհետև խելքին փչել էր խաղալ հայրիկի ինքնահոսով:

Ջաննի Ռոդարի


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։