ՍՏԵՓԱՆ ՇԱՔԱՐՅԱՆ


Ստեփան Շաքարյան

Վստահ եմ, համաձայն ես, որ Պինգվին Վինը այն Վինը չէր լինի, որին մենք գիտենք ու այնպես սիրում ենք, եթե չլիներ այն երգը, որ նա այդքան հրաշալի կատարում է: Իսկ այդ երգը, ինչպես և մուլտֆիլմում հնչող ողջ երաժշտությունը ստեղծել է հանճարեղ կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը: Հարցրու տատիկիդ և պապիկիդ և նրանք երանության գիրկը կընկնեն՝ հիշելով նրան: Ստեփան Շաքարյանը բազմաթիվ հրաշալի ստեղծագործությունների հեղինակ է, իսկ ամենից շատ նա սիրում է ջազային և դասական երաժշտությունը:

Ասում են, Ստեփան Շաքարյանը երկու սիրտ ունի, մեկը՝ ջազի, մյուսը՝ դասական երաժշտության համար: Բայց այդ դեպքում նա ունի ևս մեկը, այդ սրտում տեղ կա բոլորի համար, որովհետև Ստեփան Շաքարյանը անսահմնան բարի ու կենսուրախ մարդ է: Եվ ինչպես է այդքան բարություն տեղավորվում մի փոքրիկ սրտի մեջ:

Բայց չլիներ այդքան բարություն, երևի Ստեփան Շաքարյանը չէր ստեղծի իր հրաշալի ստեղծագործությունները երեխաների համար: Նրա երաժշտության շնորհիվ անմոռանալի են դարձել հայկական շատ մուլտֆիլմեր ու ֆիլմեր: Ստեփան Շաքարյանը հեղինակն է ոչ միայն «Պինգվին Վինը», այլև «Հայելի», «Անհաղթը» ու մի շարք այլ մուլտֆիլմերի երաժշտության:

Ստեփան Շաքարյան

Նվագել Ստեփան Շաքարյանը սիրել է դեռ շատ վաղ տարիքից: Երբ մանկապարտեզում քնելու ժամն էր հասնում, նա սպասում էր մինչև բոլորը խոր քուն մտնեն, իսկ հետո դուրս էր սողոսկում անկողնուց ու թաքուն մուտք գործում այն սենյակ, որտեղ դաշնամուրն էր դրված: Ստեղներին հազիվ հասնող թաթիկներով նա  անում էր իր երաժշտական առաջին փորձերը: «Դաշնամուրով այդ սենյակը իսկական կախարդական աշխարհ էր ինձ համար,», – հիշում է կոմպոզիտորը:

Հայրիկն ու մայրիկը տղայի տաղանդը նկատելով՝ նրան փոքրիկ դհոլ, իսկ հետո նաև ակորդեոն են նվիրում: Փոքրիկ Ստեփանը դառնում է քաղաքի ուրախությունը, ոչ մի ուրախ հավաք և հարսանիք չէր անցնում առանց նրա նվագի, թեև հաճախ փոքրիկին տուն էին բերում «շալակին գցած», չէ՞ որ բոլոր երեխաների պես նա էլ ուզում էր վաղ քնել:

Մեկը մյուսի հետևից Ստեփան Շաքարյանը նոր երաժշտական գործիքներ էր յուրացնում և ահա նա էլ ցանկություն հայտնեց սովորելու երաժշտական դպրոցում: Միայն թե Բաքվում, որտեղ նա ծնվել և ապրում էր, հայ տաղանդավոր երեխային ոչ ոք չէր ցանկանում երաժշտական դպրոց ընդունել: Նրա տաղանդը հերքել չէին կարող, սակայն սովորելու հնարավորություն այնուամենայնիվ չէին ընձեռում: Եվ 17-ամյա Ստեփան Շաքարյանը որոշեց գալ հայրենիք՝ Հայաստան:

Ձախից` Տիգրան Մանսուրյան, Էդվարդ Միրզոյան, Վլադիլեն Բալյան, Ստեփան Շաքարյան

Այստեղ նա ընդունվեց Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, ապա Կոմիտասի անվան կոնսերվատորիա: Իսկ երբ մի գեղեցիկ օր հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը լսեց Ստեփան Շաքարյանին, այնպես հիացավ նրա տաղանդով, որ անմիջապես հրավիրեց Մոսկվա: Այստեղ Ստեփան Շաքարյանը եղավ Արամ Խաչատրյանի միակ հայ ուսանողը: «Արամ Խաչատրյանը ինձ թևեր տվեց, երբ դեռ առաջին ստեղծագործական փորձերն էի անում», – ասում է նա ու սրբությամբ պահում իր ուսուցչի լուսանկարներն ու մյուս հիշողությունները:

Այդպես Ստեփան Շաքարյանը թևեր առավ ու գրեց մեկը մյուսից հրաշալի ջազային ստեղծագործություններ, երաժշտություններ բալետի ու նվագախմբերի համար և իհարկե չմոռացավ երեխաներին: Նա և բանաստեղծ Յուրի Սահակյանը հեղինակ են բազմաթիվ հայկական երգերի ու խմբերգերի:

Արդեն երկար տարիներ Ստեփան Շաքարյանը դասավանդում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և սովորեցնում է ապագա երաժիշտներին հասկանալ երաժշտությունը: Սակայն նա սովորեցնում է ոչ միայն երաժշտություն, այլև շատ կարևոր մի բան, նա սովորեցնում է հայ լինել: Եվ միշտ հիշեցնում է, որտեղ էլ որ լինես, պահպանիր քո մշակույթը, չէ՞ որ մեզ կոչում են հայ հայկական մշակույթի շնորհիվ:

Անահիտ Ալեքսանյան

Մեկնաբանություններ

ՍՏԵՓԱՆ ՇԱՔԱՐՅԱՆ

log in

reset password

Back to
log in