ՀԵՔԻԱԹ ՍԿՅՈՒՌԻ ՊՈՉԻ ՈՒ ՓՂԻ ԿՆՃԻԹԻ ՄԱՍԻՆ


Հեքիաթ սկյութռի պոչի ու փղի կնճիթի մասին

Հեքիաթ սկյութռի պոչի ու փղի կնճիթի մասինՄի ժամանակ ոչ սկյուռը մեծ ու փառահեղ պոչ ուննր, ոչ էլ փիղը` կըն- ճիթ: Սկյուռի պոչը բարալիկ մի թել էր, ինչպես մկներինը, իսկ փիղը համաչափ ու գեղեցիկ քիթ ուներ’ առյուծների քթերի պես: Իսկ որ փիղը հիմա կնճիթ ունի՝ մեղավորը սկյուռն է…

Բայց ավելի լավ է` հերթով պատմենք:

Ասացինք, որ սկյուռը մկան պես բարալիկ պոչ ուներ, և այդ պոչը շատ համաչափ էր նրա մարմնին: Ճիշտն ասած, սկյուռը սկզբում այնքան էլ դժգոհ չէր իր տեսքից և երևի երբեք էլ չդժգոհեր, եթե կենդանիներից մի քանիսը երբեմն նրան չշփոթեին մկան հետ:

Մյուս կենդանիների շփոթելը ոչինչ, դեռ տանելի է, իսկ այ, երբ կատուն է քեզ շփոթում մկան հետ՝ այդ սխալը կարող է ճակատագրական լինել և տխուր վերջանալ: Հո միշտ չես հասցնի բղավել՝ ես սկյուռ եմ, ոչ թե մուկ:

Իսկ մի անգամ կատուն այնպես բարկացավ իր այդքան հաճախակի սխալվելու համար, որ ուղղակի ասաց.

—    Եթե մեկ էլ քեզ շփոթեմ մկան հետ՝ պրծավ…

—    Ես ինչ մեղք ունեմ, — խեղճացավ սկյուռը, — պարզապես դու կա­րող ես մի փոքր ավելի ուշադիր լինել:

—    Ոչ մի ուշադիր, — կատուն անդրդվելի էր, — եթե մեկ էլ երևաս աչքիս ու պոչդ նորից ընկնի թաթիս տակ՝ համարիր, որ չես էլ եղել:

Ահա տեսնում եք՝ ինչպես սպառնաց կատուն խեղճ սկյուռին:

Սկյուռն իր վիշտը պատմեց փայտփորիկին:

—    Ի՞նչ անես, — ասաց փայտփորիկը, — երբ հենց այդ տեսքով ես լույս աշխարհ եկել՝ կլորիկ աչքեր, սուր դնչիկ, դա նույնիսկ գեղեցիկ է: Քեզ պետք է միայն պոչդ փոխել ու վերջ՝ էլ մկներին չես նմանվի: Աշխատի՛ր աչքի ընկնող պոչ ճարել, այնպիսին, որ կույրն էլ գլխի ընկնի, որ ոչ թե մուկ ես, այլ սկյուռ:

Սկյուռը մտածեց, մտածեց ու հանկարծ հիշեց փղի՝ դեպի վեր բարձրա­ցող արքայավայել պոչը: Դե ինչ, եթե այդ շքեղ պոչի փոխարեն փիղը նույնիսկ իր բարալիկ պոչն ունենա, կատուն, միևնույն է, նրան մկան հետ չի շփոթի:

Փիղը պառկել էր բացատում ու քնել: Սկյուռը զգուշորեն իր պոչը փո­խեց նրա պոչի հետ ու ետ դարձավ:

Նոր պոչն, իրոք, փառահեղ էր, միայն թե շատ էր ծանր, և խեղճ սկյուռը հազիվ էր այն քարշ տալիս:

– Ա՜յ թե սազում է, – ասաց փայտփորիկը, – ա՜յ թե լավն է:

– Ինչ խոսք, լավն է,- համաձայնեց սկյուռիկը,- միայն թե հազիվհազ եմ հետս քաշ տալիս: Այս պոչով ոչ կարող եմ որսի հետևից վազել, ոչ էլ աղվեսի ճանկերից փախչել…

– Իսկ ես քեզ համար ծառի մեջ փչակ կփորեմ և աղվեսի դունչը այնտեղ չի հասնի,- ելքը գտավ փայտփորիկը,- փչակում դու կարող ես եղևնու կոներ, կաղին ամբարել և այնտեղից իսկի դուրս էլ չգալ: Իսկ ձմռանը, երբ շատ ցուրտ լինի, պոչովդ կփակես փչակի բերանն ու տաք-տաք կքնես:

Սկյուռը համաձայն էր:

Փայտփորիկը փորեգ իր խոստացած փչակը, և սկյուռը տեղավորվեց այնտեղ, ուր մինչև օրս էլ ապրում է:

Դե, իսկ փիղը: Փիղն ինչ: Խեղճն արթնացավ ու տեսավ, որ պոչը չկա: Դրա փոխարեն բարակ թելի պես ինչ-որ բան էր ճոճվում ետևին:

—    Ո՞ւր է իմ պոչը, — փղի մռնչոցից անտառը դղրդաց, — ո՞վ է այս խայ­տառակությունը վրաս կախել՝ պոչիս փոխարեն:

Նապաստակը, որ ցերեկները բնից դուրս չէր գալիս և դրա համար էլ ամեն ինչ տեսնում էր ու գիտեր, գլուխը հանեց ու ասաց.

—    Մի բղավիր, փիղ: Տանս պատերը, քիչ է մնում, փուլ գան քո գոռգո­ռոցից: Սկյուռն է գողացել քո պոչը:

Փիղը դես փնտրեց սկյուռին, դեն փնտրեց ու չգտավ:

—   Ես հիմա ինչ անեմ այս խայտառակ պոչով, — լաց եղավ նա:

Կենդանիները խղճացին ու նրա համար մի մեծ, երկար պոչ սարքեցին:

Փիղը նոր պոչից գոհ էր, սակայն վախենում էր, որ նորից մեկնումեկը կգողանա այն. դրա համար էլ քնելուց առաջ, ամեն անգամ պոչը հանում, կախ էր տալիս քթից: Երբեմն էլ պատահում էր՝ արթնանալիս շտապ գործ էր ունենում ու մոռանում էր պոչը քթից արձակել և իր տեղում կախել:

Այդպես մոռացավ մեկ անգամ, երկու անգամ, շատ անգամներ: Իսկ հե­տո արդեն ընդմիշտ մոռացավ: Իսկ քանի որ պոչը ոչ թե քթից, այլ իր տեղում պետք է կախված լինի, սկսեցին փղի պոչին «քիթ-ճիթ» անվանել:

Եվ քանի որ «քիթ-ճիթ» դժվար էր արտասանելը, կամաց-կամաց քիթ- ճիթը փոխվեց՝ դարձավ կնճիթ:

ՎԱՀԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Մեկնաբանություններ

ՀԵՔԻԱԹ ՍԿՅՈՒՌԻ ՊՈՉԻ ՈՒ ՓՂԻ ԿՆՃԻԹԻ ՄԱՍԻՆ

log in

reset password

Back to
log in