ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ – ԵՍԱՄՈԼ ՀՍԿԱՆ


Ամեն օր, դպրոցից տուն դառնալիս, երեխաները մտնում էին Հսկայի այգին խաղալու:

Դա մի մեծ ու գեղեցիկ մի այգի էր` փափուկ կանաչ խոտով: Այս ու այն տեղ խոտերի միջից երևում էին աստղանման հիասքանչ ծաղիկներ, կային և 12 ծիրանենիներ, որոնք գարնանը  մարգարտավարդագույն ծաղիկներով էին ծածկվում, իսկ աշնանը` հարուստ բերք տալիս: Թռչնակները թառում էին ծառերին և երգում այնքան ախորժալուր, որ երեխաները, խաղերը մոռացած, նրանց էին լսում:

– Որքան ուրախ է այստեղ,- ձայն էին տալիս նրանք միմյանց:

Բայց մի օր  Հսկան տուն վերադարձավ: Նա հյուր էր գնացել իր ընկերոջ` Կոռնուելի Մարդակերի մոտ ու 7 տար այնտեղ մնացել: Ու քանի որ խոսելիքը  սահմանափակ էր եղել, նա 7 տարում ասել էր այն ամենը, ինչ պիտի ասեր, իսկ հետո որոշել էր սեփական ամրոցը վերադառնալ:
Երբ նա տեղ հասավ, տեսավ իր այգում խաղացող մանուկներին:

hska 3

– Ինչ գործ ունեք այստեղ,- գոռաց նա զարհուրելի ձայնով ու երեխաները փախան:- Իմ այգին իմ սեփականությունն է, -գոչեց Հսկան,- և թող բոլորն իմանան, որ բացի ինձնից ոչ ոքի թույլ չեմ տա այստեղ խաղալ:

Եվ նա բարձր պարիսպ կանգնեցրեց այգու 4 կողն ու ցուցանակ կախեց.

Մուտքն արգելված է.
Օրինազանցները կպատժվեն:

Շատ եսամոլ էր այս Հսկան: Աղքատ երեխաները այլևս խաղալու տեղ չունեին: Նրանք փորձեցին խաղալ ճանապարհին, բայց այնտեղ չափազանց փոշոտ  էր  ու քարաշատ, ու դա նրանց դա դուր չեկավ:

Այժմ, արդեն դասերից հետո, նրանք թափառում էին բարձր պարսպի շուրջն ու զրուցում հոյակապ այգու մասին. որը չէր երևում:

-Ինչքան ուրախ  էինք մենք այգում,- ասում էին նրանք միմյանց:

Հետո եկավ գարունը, և ամենուրեք փոքրիկ բողբոջներ ու թռչնակներ հայտնվեցին: Միայն Եսամոլ Հսկայի այգում տնօրինում էր Ձմեռը: Թռչնակներն այնտեղ չէին  ուզում երգել, քանի որ մանուկներ չկային, իսկ ծառերն էլ  մոռացան  ծաղկել:

Օրերից մի օր խոտերի միջից մի գեղեցիկ ծաղիկ հանկարծ գլուխը հանեց, բայց հենց որ նկատեց ցուցանակը, այնքան վշտացավ երեխաների համար, որ իսկույն նորից թաքնվեց հողի տակ ու քուն մտավ: Միայն Ձյունն ու Սառնամանիքն էին իրենց լավ զգում:

– Գարունը մոռացել է այգին,- գոչեցին նրանք,- ուստի մենք կլոր տարին այստեղ կապրենք:

Ձյունը խոտը  ծածկեց իր հսկա ճերմակ թիկնոցով, իսկ Սառնամանիքն արծաթազօծեց բոլոր ծառերը: Հետո նրանք իրենց մոտ հրավիրեցին Հյուսիսային Քամուն, ու նա եկավ: Մորթիներով փաթաթված, նա ամբողջ օրը ոռնում էր այգում և տեղահան անում ծխնելուզների խողովակները:

-Ինչ փառահեղ վայր է, – ասում էր Հյուսիսային Քամին,-պետք է այստեղ հրավիրել նաև Կարկուտին:

Ու Կարկուտը եկավ: Օրը երեք ժամ նա հարվածում էր ամրոցի տանիքին: Մինչև որ կոտրատեց համարյա բոլոր կղմինդրները, իսկ հետո, հնարավորին չափ արագ պտտվեց այգու շուրջբոլորը: Նրա զգեստը մոխրագույն էր, իսկ շունչը՝ սառույց:

-Չեմ հասկանում ` ինչու է այսքան ուշանում Գարունը,- ասաց պատուհանի գոգին նստած եսամոլ Հսկան  ու նայեց իր սառած սպիտակ այգուն:- Հուսով եմ, եղանակը շուտով կփոխվի:

Բայց գարունն այդպես էլ չեկավ, չեկավ և ամառը: Աշունը ոսկե մրգեր բերեց բոլոր այգիներին, իսկ Հսկայի այգուն` ոչինչ:

– Նա չափազանց եսամոլ է,- ասաց աշունը:

Եվ այդպես, Հսկայի այգում  մշտապես Ձմեռն էր թագավորում, իսկ Հյուսիսային Քամին, Կարկուտը, Ձյունն ու Սառնամանիքը պարում էին ծառերի միջին:

Մի առավոտ, երբ Եսամոլ Հսկան արթուն պառկած էր անկողնում, նրա ականջին գեղեցիկ մեղեդի հասավ:  Ու այնպես ախորժալուր, որ նա կարծեց, թե արքայի երաժիշտներն են անցնում: Իրականում  դա մի փոքրիկ կանեփահավ էր ճռվողում, բայց Հսկան այնքան վաղուց չէր լսել իր այգում երգող թռչնակի, որ նրան թվաց, թե աշխարհում երբեք ավելի սքանչելի բան չի լսել:

Կարկուտը դադարեց ծեծել տանիքը, իսկ Հյուսիսային Քամին այլևս չոռնաց, ու դրա փոխարեն կիսաբաց պատուհանից  անուշ բուրմունք թափանցեց ներս:

– Վերջապես Գարունը եկավ,- ասաց Հսկան ու անկողնուց վեր թռավ:

Եվ ինչ տեսավ:

Նրա առջև հրաշալի տեսարան բացվեց: Պարսպի մեջ բացված  նեղ անցքից խուժած մանուկները թառել էին ծառերի ճյուղերին: Ամեն մի ծառի մի երեխա էր նստած:

Ու ծառերն այնքան ուրախ էին մանուկների վերադարձի համար, որ ոտից գլուխ ծաղիկ էին հագել և ձեռքերն էին օրորում նրանց գլխավերևը:

Շուրջբոլորը թռչուններն էին ճախրում և հրճվալից  ծլվլում, իսկ ծաղիկները գլուխները կանաչ խոտերի միջից հանած, ծիծաղում էին:  Իսկապես, չքնաղ տեսարան էր: Միայն մի անկյունում էր`  դեռ իշխում էր Ձմեռը: Դա այգու ամենահեռավոր անկյունն էր, որտեղ մի մանչուկ էր կանգնած: Նա այնքան փոքր էր, որ չէր հասնում ծառի ճյուղի և դառն արցունք էր թափում  ու պտտվում ծառի շուրջը: Խեղճ ծառը եղյամով ու ձյունով  էր պատած, իսկ Հյուսիսային Քամին  շարունակում էր  փչել ու ոռնալ նրա գլխավերևը:

– Մագլցիր,  մանչուկ, -ասում էր ծառը ու կքում ճյուղերը որքան կարող էր: Բայց տղան շատ էր պստիկ:

Ու Հսկայի սիրտը հալվեց այս տեսարանից:

– Ինչ եսամոլն եմ եղել,- մտածեց նա,- այ, թե ինչու չէր գալիս գարունը: – Ես մանչուկին կնստեցնեմ  ծառի կատարին և կքանդեմ պարիսպն ու իմ այգին խաղահրապարակ կդարձնեմ բոլոր, բոլոր երեխաների համար:

Նա իսկապես շատ էր զղջում իր վարմունքի համար:

Եվ Հսկան մատների ծայրերի վրա իջավ ցած, բացեց դուռն ու այգի մտավ: Բայց երեխաները, նրան տեսնելով, այպես ահաբեկվեցին, որ ամեն մեկը մի կողմ փախավ ու կրկին եկավ Ձմեռը:  Միայն մանչուկը չփախավ, քանի որ նրա աչքերն արտասուքով էին լցված  և նա նույնիսկ չնկատեց Հսկայի մուտքը: Հսկան թիկունքից անշշուկ մոտեցավ տղային, քնքշորեն ափն առավ նրան ու նստեցրեց ծառին: Ծառն իսկույն ծաղկեց , և թռչնակները ետ դարձան ու ծլվլացին, իսկ մանչուկը  ձեռքերը երկարեց  ու գրկեց Հսկայի վիզն ու համբուրեց նրան: Մյուս երեխաները, երբ տեսան, որ Հսկան բարի  է դարձել, ետ վազեցին, և Գարունն էլ վերադարձավ նրանց հետ:

-Այսուհետև սա ձեր այգին է, փոքրիկներ,- ասաց Հսկան,- մի մեծ կացին առավ ու խորտակեց պարիսպը:

Կեսօրին, երբ մարդիկ շուկա էին գնում, Հսկային տեսան երեխաների հետ խաղալիս աշխարհիս ամենագեղեցիկ այգում:

Մանուկները խաղացին մինչև երեկո, իսկ հետո եկան` բարի գիշեր մաղթելու Հսկային:

hska 1

-Իսկ  ուր է ձեր փոքրիկ ընկերը, որին ես ծառը բարձրացի,- հարցրեց Հսկան: Նա այդ տղային բոլորից շատ էր սիրում, քանի որ մանչուկը համբուրել  էր նրան:

– Չգիտենք,- պատասխանեցին երեխաները,- նա գնացել է:

– Ասացեք նրան, որ վաղն անպայման գա,- խնդրեց Հսկան:

Բայց երեխաներն ասացին, որ չգիտեն, թե որտեղ է ապրում տղան, քանի որ նախկինում երբեք չեն տեսել  նրան: Ու Հսկան շատ վշտացավ:

Ամեն օր, դասերից հետո, մանուկները գալիս ու խաղում էին Հսկայի հետ: Իսկ փոքրիկ տղան, որին Հսկան ամենից ավելի էր սիրում, այլևս չէր երևում: Հսկան բոլոր երեխաներին էլ շատ էր սիրում, այդպես էլ լավ էր վերաբերվում, բայց և այնպես, շատ էր կարոտում իր առաջին փոքրիկ բարեկամին ու հաճախ հարցուփորձ էր անում նրա մասին:

-Որքան կուզենայի նրան կրկին տեսել, – ասում էր Հսկան:

Տարիներն անցնում էին , և Հսկան ավելի ու ավելի էր ծերանում ու թուլանում: Նա այլևս մանուկների հետ խաղալու ուժ չուներ, այնպես որ նստում էր բազկաթոռին ու նայում, թե ինչպես են խաղում երեխաներն ու հիանում էր իր այգով:

-Ես սքանչելի ծաղիկներ շատ ունեմ, -ասում էր նա,- բայց երեխաներն ամենասքանչելին են:

Ձմռան մի առավոտ, հագնվելիս, Հսկան դուրս նայեց պատուհանից: Այժմ արդեն նա չէր ատում Ձմեռը, քանի որ գիտեր, որ Գարունը պարզապես  քուն է մտել, իսկ ծաղիկները` հանգստանում են:

Հանկարծ Հսկան աչքերը սկսեց տրորել, նայել ու նայել, կարծես հրաշք տեսած լիներ: Եվ իսկապես, հրաշալի տեսարան էր բացվել: Այգու ամենահեռավոր անկյունում մի ծառ ամբողջովին ծաղկել էր ու ծածկվել չնաշխարհիկ սպիտակ ծաղիկներով: Ծառի  ճյուղերը ոսկուց էին և նրանցից կախված էին արծաթե մրգեր, իսկ նրանց տակ կանգնած էր տղան, ում Հսկան ամենից շատ էր սիրում:

Ուրախությունից իրեն կորցրած Հսկան ցած վազեց աստիճաններով  ու այգի մտավ: Նա ուղղակի խոտերի վրայով շտապեց դեպի տղան: Բայց երբ մոտեցավ, նրա դեմքը շառագունեց զայրույթից ու հարցրեց.

hska 2

-Ո՞վ է  հանդգնել քեզ վիրավորել:

Տղայի ափերի մեջ նա տեսել էր երկու մեխի հետք, երկու մեխի հետք էլ ոտքերին կար:

-Ո՞վ է հանդգնել վիրավորել քեզ,- գոչեց Հսկան,- ասա, որպեսզի առնեմ մեծ թուրս ու սպանեմ մեղավորին:

-Ոչ,- պատասխանեց մանուկը:- Չէ՞ որ սրանք սիրո վերքեր են:

– Ո՞վ ես դու,- հարցրեց Հսկան ու մի խորհրդավոր երկյուղ պատեց նրան, և նա ծնկի իջավ մանկան առաջ:

Մանուկը ժպտաց Հսկային ու ասաց.

-Մի օր դու ինձ թույլ տվիր խաղալ քո այգում, իսկ այսօր ես քեզ կտանեմ իմ այգին, որ կոչվում է Դրախտ:

Ու այդ օրը, երբ երեխաները ներս վազեցին այգի, նրանք Հսկային անշնչացած գտան. նա պառկած էր սպիտակ ծաղիկներով ծածկված ծառի տակ:

Մեկնաբանություններ

ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ – ԵՍԱՄՈԼ ՀՍԿԱՆ

log in

reset password

Back to
log in