ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 3-ՐԴ


Մհերը և Ահրիմանի դարպասները

Մհերը և Ահրիմանի դարպասները
Գլուխ 3-րդ

ՔԱՐՏԵԶԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Առավոտյան, տղաները հանդիպեցին դպրոցում:

-Մհե՛ր, վերջապե՜ս եկար… Ի՞նչ է եղել, դե պատմի՛ր,- անհաբերությամբ ասաց Հայկը:

Մհերը ոչինչ չասաց, միայն Հայկին մեկնեց մի թուղթ, որի վրա քարտեզ էր գծագրված…

-Էլի քարտե՞զ:

-Հայրիկիս նոթատետրի առաջին էջում էր, նույնությամբ նկարել եմ, բերել:

Հայկն սկսեց հետաքրքրությամբ ուսումնասիրել այն:

Քարտեզի սկզբնակետում նկարված էին երկու եռանկյունիներ: Այդ պատկերից քիչ հեռու դուռ էր նկարած և սլաքով ցույց էր տրված, որ պետք է ներս մտնել: Այնտեղից ձգվում էր մի ճանապարհ, հետո սլաք՝ դեպի ներքև, հետո դուռ էր նկարած, ապա տարբեր ուղղություններ տանող գծեր և այդ ամենի միջից սլաքներով նշված էր ճանապարհը:

-Եթե գոնե իմանայինք, թե որտեղից է սկսում,- ասաց Հայկը:

Մհերը պայուսակից հանեց ևս մի թուղթ և մեկնեց Հայկին: Հայկն սկսեց ընթերցել, և ամեն մի տողի հետ նրա հայացքն ավելի զարմացած տեսք էր ստանում: Թղթի վրա գրված էր՝ «…այնտեղ կարող ես գտնել այն, ինչ կատարվել է մինչ քեզ շատ առաջ, դուռը կտանի դեպի մարդաշատ փողոց և կգտնես նաև այն շենքը, որտեղ հնչյունները ստանում են արձագանքներ, բայց ձայներից հեռու դեպի երկրի ընդերքը չարիքն է…»

– Վախենալու էր, գիտե՞ս,- ասաց Հայկը:

– Սա մի փոքր մասն է, ընդհանուրից եմ արտագրել, ինձ թվում է քարտեզի նկարագրությունն է բառերով:

Զանգը հնչեց: Տղաները վերջին նստարանին դեռ զրուցում էին և փորձում էին գտնել մի նոր բան, որն առաջ բաց են թողել աչքից, բայց ոչինչ նոր չէր:

Հայկը տարակուսանքով ասաց.

-Գիտե՞ս, մի էսպիսի նշանի տեղ գիտեմ դպրոցում, ավելի ճիշտ նկար է, որ էս նշանին նման է…

-Որտե՞ղ,- անհամբերությամբ հարցրեց Մհերը:

-Համբարձումյանի աշխատասենյակում:

-Գնացինք,- ասաց Մհերն ու նրանք միասին դուրս վազեցին: Պատմության ուսուցչի սենյակն առաջին հարկում էր, այն գրեթե միշտ բաց էր լինում, որովհետև մյուս առարկաների պարագաները հաճախ ուսուցիչներն այնտեղ էին թողնում և աշակերտները կարող էին ներս մտնել, երբ ցանկանան այս կամ այն իրը վերցնելու համար: Երբ տղաները մոտեցան սենյակին, դուռը բացվեց, և դուրս եկավ ընկեր Համբարձումյանը:

-Շուտով զանգը կլինի, դուք չե՞ք ուշանում,- խիստ ձայնով ասաց նա:

-Մեզ մոտ աշխարհագրության դաս է, եկել ենք քարտեզների ետևից, – ասացի տղաները:

-Դե արագ վերցրեք ու գնացեք դասի,- ասաց Համբարձումյանը, տարօրինակ ժպիտով նայեց Մհերին ու հեռացավ: Տղաները մտան սենյակ: Պատին փակցրած էր եգիպտական բուրգերից երկուսի պատկերը նույն դասավորությամբ ինչպիսին նկարված էր քարտեզում:

-Սա է,- ասաց Հայկը:

-Նույնն է… բայց այս նկարից աջ պետք է դուռ լինի…

Նկարից աջ դրված էր տետրերով, գրքերով և այլ պարագաներով լի պահարան: Մհերը հազիվ կարողացավ մի փոքր հրել պահարանը և տեսավ, որ դրա ետևում շատ նեղ, մյուս դռներից չափազանց տարբեր մի դուռ էր:

– Այ քեզ բան,- զարմացած ասաց Հայկը` հայացքը դռնից չկտրելով:

-Հա էլի… Ինչպես առաջ մտքովս չէր անցել. «Այնտեղ կգտնես այն, ինչը կատարվել է քեզնից շատ առաջ», խոսքը պատմության մասին է …

– Բայց եթե գրվածը ճիշտ է, ուրեմն չարիքի մասին էլ է ճիշտ,- վախեցած ասաց Հայկը:

Զանգը հնչեց:

-Պետք է գնանք դասարան, վերցնենք պայուսակներն ու գանք էստեղ,- ասաց Մհերը, բայց արդեն ուշ էր, ուսուցչուհին դասարանում էր և տղաները ստիպված էին ևս մի դասաժամ համբերել: Նրանց երբեք մեկ դասաժամն այդքան երկար չէր թվացել:

Դասամիջոցին տղաները վերցրեցին պայուսակներն ու զգուշանալով, որ իրենց ոչ ոք չտեսնի, նորից գնացին պատմության դասասենյակ:

Մհերը բացեց նեղ դուռը և տեսավ, որ այն բացած վիճակում ավելի նեղ է թվում: Նրանք մտան ներս:

-Մհեր, իսկ եթե չգնա՞նք…

-Վախեցա՞ր…

-Չէ, բայց … Հա հենց էլ վախեցա…

Մհերն էլ ոչինչ չպատասխանեց, նա քայլում էր մութ միջանցքով, շատ զգույշ: Նրանք իջան աստիճաններով, մի քանի քայլ այն կողմ ևս մի դուռ երևաց:

-Մհե՛ր, արի՛ ետ դառնանք… Ախր ինչ գիտես՝ ուր է տանում…

– Դու ետ գնա:

Հայկը գիտեր, որ ոչ մի դեպքում չպետք է մենակ թողներ ընկերոջը, թեև վախը գնալով մեծանում էր:

-Մհե՛ր, դու համոզվա՞ծ ես, որ ուզում ես բացել այդ դուռը,- տագնապած ասաց Հայկը, երբ ընկերն արդեն ձեռքը մոտեցնում էր բռնակին: Բայց Մհերը ոչինչ չասաց, նա խորը շունչ քաշեց և բացեց դուռը: Ցերեկային լույսի մի մեծ ճառագայթ ընկավ նրանց աչքերին: Մհերը տեսավ, որ Հայկն ամուր փակել է աչքերը:

– Բացիր աչքերդ, Հա՛յկ, ամեն ինչ կարգին է,- ասաց նա՝ առաջ նայելով:

Նրանք քայլ արեցին դեպի լույսը և ի զարմանս իրենց հայտնվեցին երևանյան սովորական փողոցներից մեկի վրա: Սրան նրանք ամենաքիչն էին սպասում: Մի քանի վայրկյան շուրջն ուսումնասիրելուց հետո տղաները հասկացան, որ գտնվում են իրենց դպրորցից մի փոքրիկ խաչմերուկ վերև:

-Ու վե՞րջ,- ասաց Հայկը,- իսկ ես էլ սպասում էի ինչ-որ գիժ արկածի:

– Բայց մեր արկածները դեռ չեն սկսել,- քարտեզը պայուսակից հանելով՝ ասաց Մհերը:

Քարտեզի մյուս սլաքներին հետևելով՝ նրանք դուրս եկան Մաշտոցի փողոց:

-Սա էլ է համընկնում` դուռը կտանի դեպի մարդաշատ փողոց ,- ասաց Մհերը:

-Հետո ինչ-որ շենքի մասին էր գրված…

-Ահա այն,- ասաց Մհերը և ժպտալով նայեց Օպերայի շենքին,- այստեղ են հնչյուններն արձագանք գտնում:

Նրանք ապակեպատ դռների ետևից տեսան պահակին: Տղաները լուռ հետևում էին պահակի շարժումներին և յուրաքանչյուրն իր մեջ մտածում էր ինչ-որ հնար գտնել ներս մտնելու: Անսպասելիորեն պահակը վեր կացավ իր տեղից և գնաց: Հայկը և Մհերը զգուշորեն ներս մտան: Սրահում ոչ ոք չկար: Մհերը ևս մեկ անգամ նայեց քարտեզին ու տագնապած շուրջը նայող Հայկի թևից քաշելով՝ տարավ դեպի ձախ` աստիճանների տակ գտնվող դռան մոտ, այդ դուռը նման էր պատմության դասասենյակում տեսած դռանը: Այն բաց էր: Ընդհամենը մի փոքր ճանապարհ էր մնացել քարտեզի վրա: Նրանք շարժվեցին առաջ խավար լուսավորված  միջանցքով և հանդիպեցին պատի:

-Պա՞տ..,- զարմացած ու հիասթափված ասաց Հայկը,- մենք էսքան ճանապարհ եկանք, հոգնաց, սոված, վտանգեցինք մեզ, փախանք դասերից, մտանք էս շենք հանուն էս պատի՞…

Մհերը շփոթված էր, նա այլ սպասելիքներ ուներ, չէր կարող ամեն ինչ այսպես անիմաստ լինել, մի՞թե սա ուղղակի խաղ էր ու վերջ: Նա նորից սկզբից մինչև վերջ նայեց քարտեզը, ամեն ինչ ճիշտ է արված, բայց ու՞ր է քարտեզի վերջում նկարված հնգանկյուն աստղը:

Հայկը հոգնած նստել էր հատակին, Մհերը նստեց նրա կողքին:

– Բայց ախր աստղը… Բա աստղը վերջում ի՞նչ է,- ասաց նա:

-Երևի, որպես հաղթող աստղ ես ստանում, որ եկել հասել ես էսքան էս պատը տեսնելու համար:

Այդ փոքրիկ միջանցքում վերևն ավելի լավ էր լուսավորվում և Մհերը նայեց դիմացի պատին ու հանկարծ վեր թռավ.

– Գտա… Տե՛ս…

Հայկը նայեց ու տեսավ պատի մի քարին հնգանկյուն աստղ էր, յուրաքանչյուր ծայրին մի կենդանու գլուխ` առյուծ, ցուլ, օձ, վիշապ և արծիվ: Տղաները թեև չէին գտել այն, ինչ սպասում էին (չնայած ազնիվ կլինի ասել, որ նրանք չգիտեին էլ, թե ինչի են սպասում), բայց այդ նշանը գոնե ապացուցում էր այն, որ նրանք ճիշտ են արել ամեն ինչ: Փորագրության վրա սարդոստայն էր հյուսված: Մհերը մաքրեց այն ու զգաց, որ քարը, որի վրա արված է փորագրությունը ավելի խորն է դրված, քան մյուսները և շարժվում է: Մհերը բնազդաբար սեղմեց քարը, այն մտավ պատի մեջ և խուլ դղրդյուն լսվեց, հետո կողպեքի ձայն: Պատի երկու կողմերը հեռացան իրարից և բացվեց մի մութ միջանցք, այնքան մութ, ինչպիսին դեռ երբեք չէին տեսել: Տպավորություն էր, որ այդ չերևացող բայց գոյություն ունեցող տարածքը երբեք լույս չի տեսել, այնտեղից սառնություն էր փչում: Այս ամենի գիտակցումը տևեց մի քանի վայրկյան միայն:

-Ավելի լավ է գնանք,- կիսաձայն ասաց Հայկը:

-Հա, երևի:

-Գնացինք, ի”նչ երևի…,- bարձր ասաց Հայկն ու քաշեց Մհերի թևից, նրանք արագ դուրս եկան այդ սենյակից և տեսան, որ պահակը զարմանքից քար կընտրած նայում է իրենց: Նրանք հանգիստ քայլերով մոտեցան ծերուկին և Հայկը ասաց.

-Ցտեսություն:

-Հաջողություն,- հազիվ լսելի պատասխանեց պահակն ու քայլերն ուղղեց դեպի այն տեղը, որտեղից դուրս եկան տղաները: Պահակն ուշադիր զննում էր պատը, որից մի քանի վայրկյան առաջ դուրս էին եկել երկու տղա և չէր կարողանում հասկանալ`որտեղից նրանք հայտնվեցին, չէ՞ որ այնտեղ ոչ մի դուռ չկար: Պահակը մտածեց, որ պատի միջից ոչ ոք էլ դուրս չեկավ, նա համոզեց իրեն, որ պարզապես շատ հոգնել է իր աշխատանքից, և աչքին ինչ ասես երևում է:

Մհերն ու Հայկն արագ դուրս եկան և կյանքում առաջին անգամ այդպիսի անասելի հաճույք զգացին, երբ տեսան արևի լույսը: Նրանք անխոս քայլեցին դեպի Մհերենց տուն, ամեն ինչ չափազանց տարօրինակ էր նրանց համար: Մհերը զգում էր, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում…

Շարունակելի…

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 1-ԻՆ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 2-ՐԴ

Անի Մաղաքյան

Մեկնաբանություններ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 3-ՐԴ

log in

reset password

Back to
log in