facebook

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՄԱՍԻՆ


ՄԱՇՏՈՑ

(կրճատումներով)

Արևի նման դու չես հեռանում…
Դու մոտենում ես արևի նման,
Եվ ներշնչում ես հոգիների մեջ
Հավատ ոսկեման…

Մեզ համար եղար դու Մեսրոպ Մաշտոց,
Այսինքն մարդոց մեծը եղար դու…
Դու լուսատու ես, կենաց լուսատու:

Որ դու ծնվեիր…
Հղացավ ազգս յո՜թ հազա՜ր տարի՜:
Քեզ ծնեց ազգս,
Որ ինքն առավել վարքով ազգանար,,
Եվ խավար ցրող փարոս ունենար իր լեռ կատարին…

Քեզ ծնեց ազգս ,
Որ անմահության առջևից գնար,
Քեզ ծնեց ազգս,
Որ նենգ սրի տեղ
Ունենար արև ու պայծառ քնար…

Քեզ ծնեց ազգս, որ զորք ունենար,
Հուռթի տառազորք,
Որ այս աշխարհը լույսով գրավեր
Ու դառնար հավետ լույսի երազող:

Քեզ ծնեց ազգս, որ վերածնվեր ամեն մի վայրկյան,
Որ կյանք ունենար,
Արարողի կյանք:

Քեզ ծնեց ազգս,
Որ դու իր համար փրկիչ դառնայիր,
Որ տգիտության բեռն առնեիր վար՝
Արև բառնայիր…

Քեզ ծնեց ազգս, որ շարունակեր հանճարներ ծնել…

Քեզ ծնեց ազգս, որ նա քեզանով զորավար ծներ
Ու ծներ բանակ…
Որ բազմատարած իր հաղթանակի
Ճամփեքը բանար:

Լյուդվիգ Դուրյան

ՎԱՐՔ ՄԱՇՏՈՑԻ 

(կրճատումներով)

Եվ մարդկանց հոգնած սրտերի վրա,
Որ երեկ այնպե՛ս հուզառատ էին,
Այնպե՛ս զգայիկ,
Իջել էր արդեն անտարբերություն մի կործանարար
Ե՛վ վաղվա հանդեպ,
Ե՛վ ապագայի:

Ոչ ոք չգիտեր՝ վաղն ի՞նչ կբերի:
Եվ ապագայի երաշխիք չկա՜ր:
Բերք չէին տալիս արտերը բերրի:
Նույնիսկ խոստացյալ երկինքը վերին
Դարձել էր մի կեղծ-անկենդան նկար:

Անդընդանում էր մի անհայտություն,
Անորոշություն մի ամենաքամ,
Որ վատ է անգամ որոշյալ մահից:
Մի անհայտությո՛ւն, որ ինքն էր դարձել
Երկրի իրական տիրակալը չար:
Եվ կործանումի սուր հոտ էր փչում
Ո՛չ միայն հացից, ջրից ու հողից,
Այլ նաև օդի՛ց ու քամո՜ւց անգամ:

Պետք էր, շա՜տ էր պետք ինչ-որ բան անել,
Սակայն ի՞նչ անել և ինչպե՞ս, ինչպե՞ս:

Ու բոլորն էին այդ հարցը տալիս,
Իսկ պատասխանող չկա՛ր ու չկա՜ր…

Եվ այդ պահին էր, որ աշխարհ եկավ
Նա՝
Այր մի՝
Մեսրոպ Մաշտոց անունով:

Որտեղի՞ց եկավ,
Ի՞նչ ակից բխեց:
Եվ ինչպե՞ս եկավ,
Հոսեց ի՞նչ հունով:

Այդպես՝ արցունք է ծնվում աչքի մեջ,
Երբ որ աչքի մեջ ընկնում է ավազ:
Այդպես՝ դառնում է ավազն ապակի,
Եվ ապակին է հայելի դառնում:

Այդպես՝ արևը ամենից առաջ
Լուսավորում է բարձրաբերձ ծառի
Կատարին թառած թռչունի բույնը:

Այդպես՝ գոյության ահեղ պայքարում
Անփոփոխ պահած իր ներքինն էլի՝
Գազանն է փոխում իր մաշկի գույնը,
Եվ դա թվում է անսպասելի…

Նրանց ծնունդը միշտ էլ թվում է անսպասելի
Եվ հետո մարդկանց դարեր շարունակ զարմանք պատճառում,
Բայց նրանք կյանքում միշտ էլ ծնվում են լոկ այն պատճառով,
Որ անչափ շատ են սպասել Նրանց:

Ժողովրդի մեջ ննջում են Նրանք,
Ինչպես ջրի մեջ՝ ահեղ գոլորշին,
Ինչպես ընտանի աքաղաղի մեջ՝
Իր իսկ երբեմնի թռչունությունը,
Ինչպես մանուկի պարապ բերանում՝
Ակռա-ատամը:

Նրանք ծնվում են իրենց ծնողի անօգնությունից,
Որպեսզի դառնան նոր զորեղություն:
Նրանք ծնվում են ինչ-որ հանճարեղ մի հոգնությունից,
Որպեսզի դառնան հանճարեղություն:
Նրանք ծնվում են, որ ապացուցեն,
Թե վերջը մի տեղ դառնում է սկիզբ:

Նրանք ծնվում են, որ ապացուցեն,
Թե հրաշք չկա՜,
Կա միայն կարի՛ք:
Նրանք ծնվում են, որ ապացուցեն,
Թե այնտեղ է լոկ սխրանքն սկսվում,
Ուր վերջանում է ամե՜ն մի հնար…

Այսպես էլ ծնվեց մեկը Նրանցից,
Ծնվեց Նա՝
Այր մի՝
Մաշտոց անունով:
Եվ նա չծնվեց, որ ավելացնի
Հարց տվողների քանակն անպակաս:
Նա եկավ աշխարհ՝ պատասխանելու,
Եվ պատասխանը գտավ իսկապես…

…Քաջերի սահմանն իրենց զենքն է հենց:

Քաջեր մի՛շտ էլ կան,
Զե՜նք է հարկավոր:

Քաջեր մի՛շտ էլ կան,
Պետք է ասպարե՜զ:

Եվ նա էր ահա, որ ձևավորեց
Մի զենք ժանգախույս,
Եվ ծովավորեց
Ասպարեզ մի նոր,
Ուր թույլ-ուժեղի,
Շատ ու սակավի,
Քիչ ու բազումի
Մրցության համար ասպարեզ չկա՜,
Քանզի նորատիպ այդ մաքառման մեջ
Այրուձիի տեղ մտքերն են կռվում,
Թանաք է հեղվում արյան փոխարեն,
Եվ հաղթանակը կոչվում է Մատյան…

Մենք կայինք, այո՛, Նրանից առաջ:
Սակայն Նա ծնվեց,
Որ գա ու դառնա ինչ-որ նոր Սկիզբ:
Այո՛, մենք կայինք Նրանից առաջ.
Քիչ թե շատ՝ կար հաց,
Եվ ունեինք ջուր:

Սակայն Նա ծնվեց, որ Սնո՜ւնդ դառնա:

Ծնվե՛ց, որ ծնե՜նք,
Եղա՛վ, որ լինե՜նք,
Եվ անմահացա՛վ,
Որ անմահանա՜նք..

Պարույր Սևակ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՄԱՍԻՆ – ՄԱՍ 2-ՐԴ

Մեկնաբանություններ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՄԱՍԻՆ

log in

reset password

Back to
log in