ՋԻԱՆՆԻ ՌՈԴԱՐԻ – ՀԵՔԻԱԹ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԽԵՑԳԵՏՆԻ ՄԱՍԻՆ


Ջիաննի Ռոդարի- Հեքիաթ երիտասարդ խեցգետնի մասին

Ջիաննի Ռոդարի- Հեքիաթ երիտասարդ խեցգետնի մասին

«Ինչու՞ իմ բոլոր ազգականները միշտ ետ-ետ են գնում, – մտածեց մի անգամ երիտասարդ խեցգետինը. – Ես չեմ ուզում այդպես ման գալ. Ուզում եմ սովորել առաջ քայլել, ինչպես գորտերը: Ու թող պոչս չորանա, եթե ես չհասնեմ այդ իմաստությանը»:

Այսպես միտք արեց երիտասարդ խեցգետինը և բոլորից ծածուկ սկսեց վարժություններ անել իր հարազատ առվակի քարերի մեջ: Օհ, ինչքա՜ն չարչարվեց առաջին օրերը, դիպչում էր ամեն ինչի, ճանկռտում և սեղմում էր իր զրահը և համարյա ամեն րոպե ինքն իր ոտքն էր տրորում ու ցավեցնում:

Բայց կամաց-կամաց գործն ավելի ու ավելի էր առաջ գնում, որովհետև ցանկության դեպքում ամեն-ինչ կարելի է սովորել: Եվ ահա հասավ այն օրը, երբ զգաց, որ չի խայտառակվի, եթե ցույց տա իր արվեստը ազգակիցներին: Սպասեց, որ ամբողջ ընտանիքը հավաքվի եւ ասաց.

– Հապա մի նայեք…
Ու արագ վազեց նրանց առջևից, և այն էլ ի՜նչպես… Ոչ-թե ետ-ետ, այլ առաջ, գորտի պես:
Տեսնելով այդ, մայրը սկսեց լաց լինել:
-Ախ, տղա՜ս, տղա՜ս,- գոչեց նա,- դու խելք ունե՞ս, թե՞ չէ: Ուշքի եկ, քայլիր, ինչպես սովորեցրել է քեզ քո հայրը և ինչպես սովորեցրել եմ ես՝ քո մայրը: Քայլիր, ինչպես քայլում են քո եղբայրներն ու քույրերը. Չէ՞ որ նրանք քեզ այնքա՜ն են սիրում:

Իսկ սիրող քույրերն ու եղբայրները այդ ժամանակ ծիծաղում էին, նրա վրա, ծաղրում էին և ծամածռություններ անում: Հայրը բարկությամբ նայում էր որդուն և լուռ մնում: Երկար ժամանակ լուռ էր, հետո ասաց.

– Դե, հերիք է: Ուզու՞մ ես մնալ մեզ հետ՝ քայլիր ինչպես բոլոր խեցգետինները: Ուզու՞մ ես քո խելքով ապրել՝ առուն մեծ է, գնա ո՛ր կողմն ուզում ես, միայն թե ետ չգաս:

Քաջ խեցգետինը շատ էր սիրում իր ծնողներին, բայց նա այնքան համոզված էր, թե ինքն իրավացի է, որ ոչ մի վայրկյան չտատանվեց: Նա գրկեց մորը, մնաս բարով ասաց հորը, հրաժեշտ տվեց եղբայրներին եւ քույրերին ու հեռացավ:

Պարզ ու հասկանալի է, որ այս անգամ նրա մտքով իսկ չանցավ ետ-ետ քայլել, ինչպես որ պետք է քայլեն սովորական խեցգետինները, այլ գորտերը՝ անբաժան սանամայրերը, որ հավաքվել էին տերևի տակ բամբասելու, տեսան, ու քիչ էր մնում զարմանքից պապանձվեին:

– Մամմա միա,- գոչեց մի գորտ, – աշխարհի վերջն է եկել… Մի նայե՛ք, չէ, դուք մի նայեցե՛ք, այս խեցգետնին: Դե ի՞նչ… փորձեք հիմա ինձ հետ վիճել…

– Ոչ-մի հարգանք դեպի մեծերը,- ավելացրեց մի ուրիշ գորտ:

-Տես մի է՜… Տես մի է՜… -ավելացրեց երրորդը:

Իսկ փոքրիկ խեցգետինը գնում էր ու գնում միշտ դեպի առաջ, միշտ առաջ, իր ճանապարհով: Հանկարծ նա լսեց, որ ինչ-որ մեկը կանչում է իրեն: Մեծ քարի մոտ կանգնած էր մի խոշոր ծեր խեցգետին: Կանգնած էր մեն-մենակ և այնպես տխուր էր ու մռայլ, որ դժվար է նկարագրել:

-Բարև ձեզ,- ասաց խեցգետնիկը:

Ծեր խեցգետինը զննեց նրան երկար հայացքով և հառաչելով ասաց.

-Դե՞, իսկ հետո՞ ինչ ես մտադիր անելու. Եթե կուզես իմանալ, երիտասարդ հասակում ես էլ էի երազում խեցգետիններին քայլել սովորեցնել: Եվ ահա տե՛ս, թե ինչ օրի եմ: Ապրում եմ մեն-մենակ, և ամեն մի խեցգետին ավելի շուտ իր լեզուն կկծի, քան թե ինձ մի խոսք կասի: Ինձ լսիր, քանի-դեռ ուշ չէ, կոտրիր ինքդ քեզ, ապրիր, ինչպես բոլորը, և երբևէ դու ինձանից շնորհակալ կլինես խորհուրդիս համար:

Խեցգետնիկը չգիտեր՝ ինչ պատասխաներ այս խոսքերին. նա լռեց, բայց սրտի խորքում մտածում էր. «Ոչ, ես իրավացի եմ»: Նա միառժամանակ կանգնած մնաց ծերունու առջև, հետո քաղաքավարի հրաժեշտ տվեց նրան և թեթև սրտով գնաց իր ճանապարհով:

Արդյոք հեռու՞ կգնա: Կունենա՞ հաջողություն: Կկարողանա՞ ուղղել այլանդակությունները, որ դեռ այնքան շատ կան մեր աշխարհում: Ոչ-ոք չգիտե այդ: Ես էլ չգիտեմ: Որովհետև մինչև այսօր մեր խեցգետնիկը դեռ էլի արիությամբ առաջ էգնում և հավատում, որ ինքն իրավացի է այնպես, ինչպես հավատում էր առաջին օրը: Իսկ մեզ մնում է ամբողջ սրտով ցանկանալ նրան՝

Բարի ճանապարհ…

Ջիաննի Ռոդարի

Մեկնաբանություններ

ՋԻԱՆՆԻ ՌՈԴԱՐԻ – ՀԵՔԻԱԹ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԽԵՑԳԵՏՆԻ ՄԱՍԻՆ

log in

reset password

Back to
log in