ՎԱՀԱԳՆ ԱՍՏԾՈ ՄԱՍԻՆ


5 shares
Վահագն աստված

Հայոց դիցարանի երրորղ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։ Նա ծնվում է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը, բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծուխ ու բոց արձակող փողից վազելով ելնում է պատանի Վահագնը։

ԵրկնԷր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս,
Եւ աչքունքն էին արեգակունք:

Նրա ծննդյան ձոն-երգը, որը հնագույն առասպելաբանական հիմներգ է, գրառել ու մեզ է ավանդել Մովսես Խորենացին:

 Վահագն աստծո մասին

Հին հայերը հավատում էին, որ ամպրոպի ժամանակ երկնքում ծնվում կամ երկրի խորքերից երկինք են բարձրանում սև ու ամեհի վիշապներ, կուլ են տալիս Արեգակը, խավարով պատում երկինքն ու երկիրը և փակում երկնային ջրերի ճանապարհը: Այդ ժամանակ երկնային ծիրանի ծովից ծնված լուսեղեն Վահագնը հարձակվում է սև ու խավար վիշապ-հրեշների վրա, սպանում նրանց և Արեգակն ու երկնային ջրերն ազատում գերությունից: Այստեղից էլ՝ նրա «Վիշապաքաղ» մականունը: Ազատված երկնային ջրերն անձրևի նման թափվում են երկրի վրա, և երկնքում փայլում է պայծառ Արեգակը:

Վահագնը հին հայկական դիցարանում պատերազմի, քաջության ու հաղթանակի, ամպրոպի ու կայծակի աստվածն էր, որից թագավորներն ու զորավարները քաջություն էին աղերսում։ Որոշ աղբյուրներում և առասպելազրույցներում Վահագնը վկայվում է նաև որպես Արեգակի աստված: Նա Արամազդի՝ հայոց գերագույն աստծու և Անահիտ դիցուհու հետ կազմում է սրբազան երրորդություն:

Վահագն աստծո անվան հետ են կապել Ծիր Կաթին համաստեղությունը կամ, ինչպես հին հայերն են անվանել, Հարդագողի ճանապարհը: Ըստ ավանդության՝ Վահագնը ասորեստանցիների նախնի Բարշամից (Բել) հարդ է գողացել, որի մի մասը թափվել է երկնակամարում և հետք թողել, որն էլ կոչվել է Հարդագողի ճանապարհ:


Like it? Share with your friends!

5 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։