Հայկ և Բել

Հայկ և Բել

«Հայկ և Բել»-ը առասպելական ավանդավեպ է. ստեղծվել է հնագույն ժամանակներում, պահպանվել է Մովսես Խորենացու (V դար) և Սեբեոսի (VII դար) պատմություններում, իսկ առանձին պատառիկներ՝ Անանիա Շիրակացու, Ջիվանշիրի, Վանական Վարդապետի և ուրիշների երկերում, նաև ժողովրդական զրույցներում:

« Հայկ և Բել» ավանդավեպի ենթահիմքում լույսն ու գարունը խորհրդանշող աստվածային աղեղնավորի` հայ ցեղի նախնի Հայկի պայքարն է ընդդեմ խավարն ու ձմեռը մարմնավորող բռնակալի` սեմական ժողովուրդների արեգակի աստված կամ Ասորեստանի թագավոր Բելի:

Այս առասպելի պատմական էությունն իրենց անկախությունն ու երկիրը պաշտպանող հայերի մղած կռիվներն են Ասորեստանի դեմ: Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն էր: Նա, չցանկանալով հպատակվել Ասորեստանի տիրակալ տիտանյան Բելին, իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադի երկիրը, ապա անցնում Հարք գավառ, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշենը, և բնակվում այնտեղ: Հանդուգն ու փառասեր Բելը որդիներից մեկի գլխավորությամբ պատգամավորություն է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն, սակայն Հայկը խստությամբ մերժում է: Բելը որոշում է ուժով հնազանդեցնել նրան և մեծ զորքով մտնում է Արարադի երկիր:

Կադմոս թոռանից տեղեկանալով թշնամու ներխուժման մասին՝ Հայկը որդիներով ու թոռներով ընդառաջ է գնում Բելի զորաբանակին և Վանա լճի ափին մարտի բռնվում: Ճակատամարտից առաջ Հայկը դիմում է իր զորքին.

- Երբ մենք դուրս կգանք Բելի ամբոխի դեմ, պետք է աշխատենք այն տեղին պատահել, որտեղ անցած կանգնած Կլինի Բելը քաջերի բազմության մեջ, որպեսզի կամ մեռնենք, և մեր աղխը Բելի ծառայության տակ ընկնի, կամ մեր մատների հաջողությունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի, և մենք հաղթություն տանենք։

 Մ. թ. ա. 2492 թ-ի օգոստոսի 11-ին սկսվում է ահեղ ճակատամարտը: Կռվի ժամանակ, ճանաչելով Բելին, Հայկը երեքթևյան նետով հարվածում է նրա կրծքին, որը, դուրս գալով Բելի թիկունքից, խրվում է գետնի մեջ: Բելն անշնչացած տապալվում է, իսկ ջախջախված բաբելական բանակը փախուստի է դիմում:

«Ճակատամարտի տեղը հաղթական պատերազմի պատվին շինում է դաստակերտ և անունը դնում է Հայք։ Այս պատճառով գավառն էլ մինչև այժմ կոչվում է Հայոց ձոր։ Իսկ մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք»,- գրում է Մովսես Խորենացին։

Ի պատիվ Հայկի հաղթանակի՝ հայկական Նոր տարին՝ տարեսկիզբը, համարվել է օգոստոսի 11-ը: Այնուհետև Հայկական օրացույցը կոչվել է Բուն Հայկա թվական, որտեղ ամսանունները կոչվել են Հայկի 12 ուստրերի և դուստրերի անուններով: Ըստ ավանդավեպի՝ Հայկը հայ ժողովրդի անվանադիր նախնին է և ռազմի գերագույն աստվածը:

Հայ ժողովուրդը Հայկի անունով է կոչել Օրիոն համաստեղությունը, իսկ երբեմն էլ նույնացվել է Հրատ (Մարս) մոլորակի հետ:

1 մեկնաբանություն