facebook

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 9-ՐԴ


Մհերը և Ահրիմանի դարպասները

Մհերը և Ահրիմանի դարպասներըԳլուխ 9-րդ

ՆՈՐ ՈՒՂԵԿԻՑԸ

Ժամանակը շարունակում էր շփոթեցնել Մհերին, Հայկին և Առոնին, բայց նրանք արդեն գիտեին, որ պետք է զգոն լինեն:

-Առոն,- ասաց Հայկը,- ես հիշում եմ, որ Արամազդը ասաց նաև արծվի և վիշապի մասին, բայց ինչպես կարող են այդ թռչող կենդանիները ապրել այսքան խավար ու մութ քարանձավի մեջ:

-Չգիտեմ, Հայկ, ես կարդացել եմ, որ Ահրիմանի միջանցքում կա մի դուռ, որը դուրս է տանում, գուցե մենք պետք է դուրս գանք և այնտեղ փնտրենք նրանց:

-Դրա կարիքը չկա,- ասաց Մհերը իր ընկերներին՝ ցույց տալով մի քանի քայլ հեռավորության վրա փայլող կարմիր վիշապի երկար պոչը:

-Աչքերիս չեմ հավատում,- ասաց Հայկը:

-Եթե պոչն այսքան մեծ է, բա ինքն ինչքան մեծ կլինի,- ասաց Մհերը:

-Այն հսկայական է, Մհեր, ի՞նչ պետք է անենք,- Առոնը մտահոգված նայեց Մհերին:

-Նախ պետք է առաջ գնալ և տեսնել, թե որտեղ է վերջանում, ավելի ճիշտ, որտեղից է սկսվում այն:

Մհերը դանդաղ առաջ գնաց, Առոնը և Հայկը հետևեցին նրան:

Վիշապի մեջքին ահռելի թևեր կային: Մհերը տեսավ նրա մեծ գլուխը, ժանիքներն ու խոշոր աչքերը: Վիշապը նկատեց անկոչ հյուրերին: Նա ծանր քայլերով շրջվեց և նայեց Մհերի աչքերի մեջ: Այդ հայցքը չափազանց տխուր ու հուսահատ թվաց Մհերին:

-Ի՞նչ է կատարվում,- հարցրեց Հայկը:

-Չգիտեմ, բայց ես զգում եմ, որ նա չի պատրաստվում հարձակվել մեզ վրա,- ասաց Մհերը:

Հայկը նույնպես մոտեցավ Վիշապին: Վերջինս շրջեց իր հսկայական գլուխն ու փորձում էր հեռանալ, երբ լսվեց Առոնի ձայնը:

-Օգնեք, օգնեք, Մհեր,- գոռում էր Առոնը:

Տղաները վերև նայեցին ու տեսան, թե ինչպես է մի հսկայական արծիվ իր ճանկերով բռնել Առոնի ոտքից ու վերև բարձրացրել:

-Ովքե՞ր եք և ինչու՞ եք այստեղ:

Հանկարծ մարդկային ձայնով ասաց Արծիվը:

-Ես Մհերն եմ, կողքինս Հայկն է, իսկ նա, ում դու բռնել ես, Առոնն է: Մենք աստեղ պատահական ենք հայտնվել, հիմա տան ուղին եք փնտրում,- ասաց Մհերը:

-Այստեղ պատահական չեն կարող հայտնվել, ինչո՞ւ եք եկել, ասա ինձ, հակառակ դեպքում ես ցած կգցեմ ընկերոջդ:

-Նրան ոչինչ չասես, Մհեր,- վերևից գոռաց Առոնը:

-Այդ ի՞նչ եք թաքցնում: Հիմա ամեն ինչ պարզ է, այդ դուք եք բացել Ահրիմանի դարպասը և հիմա եկել եք այստեղ, որպեսզի սպանեք նրան:

Տղաները ոչինչ չասացին: Արծիվը շարունակեց.

-Դուք կարողացել եք աննկատ անցնել օձի կողքով, ձեր բախտը բերել է, բայց ողջ ճանապարհը չեք կարողանա անցնել:

-Ես սպանել եմ օձին,- ասաց Մհերը

-Դու՞… Իսկ հիմա եկել ես, որպեսզի սպանես ընկերոջս և ինձ, այնպես չէ՞, բաց ես դա թույլ չեմ տա:

-Մենք պետք է անցնենք այս ճանապարհը, ինչ գնով էլ լինի,- ասաց Հայկը:

– Անխե՛լք երեխա, դու կարծո՞ւմ ես, որ կկարողանաս հաղթել Ահրիմանին, նա անպարտելի է:

-Եթե մենք կարողնաանք սպանել նրա ուժն իրենց մեջ կրող կենդանիներին, ապա Ահրիմանին հաղթելը հեշտ կլինի: Այն հսկայական օձին մենք արդեն հաղթել ենք, քեզ ու այս վիշապին էլ կհաղթենք,- ասաց Մհերը:

-Երբեք,- բարձր ասաց Արծիվը և իջավ, մոտեցավ անտարբեր պառկած վիշապին, բացեց թևերն ու ասես ծածկելով նրան՝ ասաց.

– Ես թույլ չեմ տա, որ դուք դիպչեք նրան:

-Ես ուրիշ ելք չունեմ,- ասաց Մհերը և պատյանից հանեց իր սուրը:

Արծիվը այնպես զարմացավ, որ մի քանի վայրկյան չկարողացավ ոչինչ ասել:

-Վահագնի սո՞ւրը,- ասաց նա,- այն ինչպե՞ս է քեզ մոտ հայտնվել:

-Այն Մհերին Վահագն աստվածն է նվիրել,- հպարտ ասաց Հայկը:

Արծիվն ինջեցրեց թևերը և ասաց.

-Եթե այդ սուրը քո ձեռքերում է, ուրեմն դու անսահման ուժ ու քաջություն ունես քո մեջ, հակառակ դեպքում Վահագնը չէր վստահի քեզ: Ահրիմանը այստեղ է պահում վիշապին արդեն 3 հազարամյակ շարունակ,  անշարժությունից նրա թևերը քարացել են: Բայց նա հասարակ վիշապ չէ: Նրա անունն է Սանգարիս: Այն ժամանակ, երբ Ահրիմանը իր դաժանությունն էր սերմանում ամենուր, երբ Աստղիկ աստվածուհին բանտարկված էր Ահրիմանի թագավորության ամենամութ զնդանում, Արմա թագավորի որդին՝ Սանգարիսը դուրս եկավ Ահրիմանի դեմ պայքարի: Երեք օր և երեք գիշեր Սանգարիսը մենամարտեց Ահրիմանի հետ: Վերջինս տեսնելով, որ արքայորդին շատ քաջ է և հզոր՝ միայն մի ելք գտավ նրան պարտության մատնելու համար: Նա մշուշով պատեց Սանգարիսի միտքը և նրան վիշապի կերպարանք տվեց, ապա բանտարկեց այստեղ: Քաջ արքայազնի մեջ է Ահրիմանի ուժի մի մասը և սա ծուղակ է, սպանելով Սանգարիսին դուք կսպանեք Ահրիմանի ամենաքաջ թշնամիներից մեկին՝ այդպիսով մի մեծ ծառայություն մատուցելով նրան:

-Սանգարիսը, Արմի թագավորի միակ զավակը, քաջ ու անվախ որսորդ, անպարտելի զինվոր Սանգարիսը,- ասաց Առոնը՝մոտենալով վիշապին,- նրա հայրը մահացավ՝ որդու անունը շշնջալով և անիծելով Ահրիմանին, Արամազդը ոչ մի մխիթարանք չգտավ թագավորի համար: Դա այնքա՜ն վաղուց էր:

Առոնը նայեց վիշապի տխուր աչքերի մեջ և հասկացավ, որ նրա միտքն այլևս մթագնած չէ:

-Նա նայում է այնպես, ասես հասկանում է ամեն ինչ,- ասաց Առոնը:

-Այդպես էլ կա, նա վաղուց արդեն գիտակից է, Ահրիմանը երևի մոռացել է նրա մասին, Սանգարիսի միտքը այլևս մշուշի մեջ չէ, բայց մենք ոչինչ չեք կարող անել, միջանցքը շատ փոքր է, նա չի կարողանում տեղաշարժվել, իսկ թևերը վաղուց անշարժությունից քարացել են:

-Իսկ դու ո՞վ ես,- հարցրեց Մհերը:

-Իմ անունն է Հրատ: Ես արքայազնի հավատարիմ զինակիրն էի, ինձ Ահրիմանը Արծիվ է դարձրել, իմ մեջ նույնպես նրա ուժի մի մասն է:

Մեր պատմության հերոսները, թեև մինչ հիմա շատ անսպասելի  իրադարձությունների ականտես էին եղել, բայց դեպքերի նման ընթացքի չէին սպասում: Մհերը մտահոգ նստել էր վիշապի կողքին և փորձում էր կողմնորոշվել, թե ինչ անի, երբ Առոնը մոտեցավ նրան:

-Մհեր, կարծում եմ՝ մենք չենք կարող նրանց դեմ դուրս գալ:

-Այդ դեպքում ի՞նչ անենք, Առոն, ինչպես ես կարող եմ Ահրիմանին հաղթել, եթե նրան չթուլացնեմ: Բայց դու ճիշտ ես, մենք չենք կարող պայքարել Սանգարիսի և նրա զինակրի դեմ:

-Արդեն ուշ է, մենք պետք է առաջ շարժվենք,- ասաց Առոնը, և նրանք մոտեցան Հայկին և Հրատին:

-Մենք գնում են,ք Հրատ, հուսով եմ մեզ մոտ ամեն ինչ կստացվի, և դու ու արքայազնը կազատվեք այստեղից:

-Թույլ տուր գալ քեզ հետ, Հայկ,- ասաց Հրատը,- ես կարող եմ օգտակար լինել, առջևում ձեզ վտանգավոր ճանապարհ է սպասվում, ես ուզում եմ ուղեկցել ձեզ:

Հայկը այնքան ուրախացավ Հրատի առաջարկից, որ արագ ասաց.

-Իհարկե, միացիր մեզ, քեզ հետ այնքան հետաքրքիր է:

Մհերը նույնպես ուրախացավ, բայց սպասվելիքի հանդեպ ունեցած մտահոգությունն այնքան շատ էր, որ անգամ ժպտալ չկարողացավ, միայն գլխով նշան արեց և առաջ գնաց: Մհերի հավատարիմ ուղեկիցները հետևեցին նրան:

 Շարունակելի…

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 1-ԻՆ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 2-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 3-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 4-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 5-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 6-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 7-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 8-ՐԴ

Անի Մաղաքյան

Մեկնաբանություններ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 9-ՐԴ