Շնորհավոր տոնդ, Երևան…


2 shares
Երևան

Երևան

Այսօր բոլոր երևանցիները և ողջ հայությունը նշում են մեր սիրելի մայրաքաղաքի՝ Երևանի տարեդարձը: Ընդամենը վերջերս մեր հանրապետությունը դարձավ 22 տարեկան: Ինձ, չգիտես ինչու, միշտ թվում էր, թե քաղաքները պետությունների զավակներն են: Իսկ մեր Երևանը այս տարի դառնում է 2795 տարեկան, պատկերացնու՞մ եք: Իսկ որքան երիտասարդ տեսք ունի, չէ՞: Եվ զարմանալին էլ հենց դա է, մեր Երևանը որքան մեծանում է, այնքան գեղեցկանում է ու երիտասարդանում:

Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես է տեղի ունեցել մեր քաղաքի հիմնադրումը, ինչպես են կառուցվել հին Երևանի փողոցներն ու շինությունները հազարամյակներ առաջ: Այս ամենը պետք է որ շատ հետաքրքիր եղած լինի, բայց մեր աչքի առջև հիմա նոր ու շատ գեղեցիկ Երևանն է, և այստեղ հիմա մեզ համար ամեն-ամեն ինչն է հետաքրքիր, ամեն մի անկյուն Երևանում մեզ շատ հարազատ ու թանկ է, անգամ եթե դա դեռ չենք գիտակցում: Մենք սովոր ենք, որ Երևանը ամեն առավոտ մեզ դիմավորում է մաքուր ու լվացված: Եթե կարողանանք առավոտյան շատ վաղ արթնանալ, կտեսնենք, թե ում անտեսանելի ձեռքերն են ամեն առավոտ օգնում Երևանին գեղեցկանալ: Ջրցան մեքենաները վաղ առավոտյան թարմացնում են մեր քաղաքի փողոցները, իսկ քաղաքի մաքրության պատասխանատուները երևի ամենաշուտն են արթնանում ու մաքրում երևանյան փողոցները: Ամեն օր մեզ ողջունում է մի նոր գունազարդ կամար, երևանյան մի նոր գեղեցիկ անկյուն:

Մենք բոլորս՝  ամենափոքրիկ երեխայից մինչև ամենատարեց քաղաքացին, Երևանի պատասխանատու քաղաքացիներն ենք և պետք է անենք ամեն ինչ, որ Երևանն ավելի ու ավելի գեղեցկանա ու դառնա համայն հայության երազած ամուր ու զարգացած մայրաքաղաքը: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ մեզնից յուրաքանչյուրը զբաղվի իր գործով, ամենայն պատասխանատվությամբ կատարի իր պարտավորությունները, լինի հոգատար իր համաքաղաքացիների ու քաղաքի նկատմամբ, չաղտոտի քաղաքի փողոցները, ուշադիր լինի մեր մայրաքաղաքի նույնիսկ փոքրիկ կանաչապատ տարածքների նկատմամբ, չխախտի երթևեկության կանոնները: Ամենակարևորը պետք է սիրել Երևանը ու միշտ հիշել այն մեր տունն է, մեր մեծ, անթիվ-սենյականոց բնակարանը…

Շնորհավոր տոնդ, իմ Երևան…


Like it? Share with your friends!

2 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։