ՀԱՅ ՄԵԾԵՐԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ

…Մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլ աշխարհին, նա միայն մեր սրբությունը չէ, այլ մասունքը հանուր մարդկության… Պարույր Սևակ


130 shares
Նկարիչ՝ Մերուժան Խաչատրյան

Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում…

Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով: Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից: Նրանց զավակները անունով միայն կլինին հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա: Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն:

Ավետիք Իսահակյան

Հունարենը մեղմ է, հռոմեական լեզուն` հզոր, հոնարենը` ահաբեկող, ասորերենը` աղերսական, պարսկերենը` պերճ, ալաներենը` գեղեցկազարդ, գոթերենը` հեգնական, եգիպտերենը` տափակախոս ու խավարաձայն, հնդկերենը` ճռվողական, հայերենը` քաղցր, որը միաժամանակ կարող է մյուս բոլոր լեզուների հատկություններն ամփոփել իր մեջ:

Եղիշե

Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:

Հովհաննես Թումանյան

Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն. այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը։

Ղազարոս Աղայան

Ուր որ հայրենի երգեր կլսվի՝ հոն հայրենիքը ողջ է…

Ղևոնդ Ալիշան

Օգտվենք եվրոպական լեզուներու նորանոր ու թարմ արտահայտություններեն, բայց չմոռանանք գրաբարին հուռթի շտեմարաններեն օգտվիլ մանավանդ: Ինչո՞ւ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ, ուրիշի հետևեն վազենք:

Միսաք Մեծարենց

Դպրոցի ազգությունը կախված չէ աշակերտների և վարժապետների լոկ հայությունից. լեզուն է, որ միայն կարող է այդ վերնագիրը դնել դպրոցի ճակատին… Թող ուրեմն հայ մանուկը նախ և առաջ որպես հայի զավակ ուսանի յուր սեպհական լեզուն և ապա օտարինը: Ազգի հոգին և ազգի սիրտը կարող են յուրյանց հատկությունը և որակությունը մաքուր պահել միայն կերպարանագործվելով ազգային լեզվի ազդեցության տակ. այս ճշմարտությունը ուրացողը ուրացող է ազգության:
Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվինները: Լեզուն է ազգությանց դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը:
Հայոց լեզու, դու մեր անկողոպտելու գանձը եղար, մեր անընկճելի հայրենիքը: Մեր ժողովուրդը կորցրեց գահ և թագ, զորք և իշխանություն, ավեր եղան և ավար մեր բերդերն ու քաղաքները, ավար եղան մեր ինչքն ու ու գույքը, բայց դու մնացիր միայն կանգուն, մնացիր հաղթական: Ցնցոտի հագավ մեր ժողովուրդը, բայց դու ծիրանով ծածկեցիր նրա հոգին, թշնամին ջաղջախեց նրա սրունքը, դու թևեր տվիր նրան` ժողովրդին:

Միքայել Նալբանդյան

PO008_-_-Armenian_Alphabet_Glory_to_Alphabet

Գրաբարը…. ոսկի է, դա լեզու չէ, այլ երկնային երաժշտություն, պերճություն, ուժ, ճկունություն, այդ ամենը նոր եմ սկսում զգալ: Եվ ինչպիսի ձախորդությունների էլ հանդիպեմ, և որքն էլ ինձ համար դժվար լինի, ես պատրաստ եմ ամեն ինչի, միայն թե իրագործեմ երազանքս` կատարելապես ուսումնասիրեմ այդ արքայական լեզուն:

Վահան Տերյան

Այդ մարդուն եմ պարտական ահա՝ իմ մայրենի լեզվի անզուգական գեղեցկության, Նրա անբավ հարստության, անմրցելի ճկունության երջանիկ և առաջին գիտակցումը, որը դավանանք դարձավ ինձ համար հետագայում, երբ տիրապետելով ութ օտար լեզուների՝ եկա այն համոզման, որ հելլեն, լատին և արաբ լեզուներից ավելի հնչեղ ու հարուստ Է մեր լեզուն։ Թող ներվի ինձ, եթե ասեմ՝ օրհնվի քո հիշատակը, տերտեր, որ անգիտակցաբար սովորեցրիր ինձ սիրել այն լեզուն, որ հետագայում մարդկային այլազան կրքերը թարգմանելու անզուգական գործիքը պիտի դառնար ինձ համար։

Վահրամ Փափազյան

.. Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու: Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ …

Վիկտոր Համբարձումյան

Ա՛խ, լեզո՛ւն, լեզուն որ չըլլայ, մարդ ինչի՞ նման կ՛ըլլայ: Ազգը պահողը, իրար հետ միացնողը լեզուն է ու հաւատքը: Լեզուդ փոխէ՛, հաւատքդ ուրացի՛ր, ալ ի՞նչով կրնաս ըսել, թէ ո՞ր ազգէ՞ն ես:
Ձեզի կ՛ըսեմ, ձեզի, հայոց նորահաս երիտասարդներ, ձեր անունին մեռնիմ, ձեր արեւուն մատա՛ղ, տասը լեզու սորվեցէ՛ք, ձեր լեզուն, ձեր հաւատքը ամուր պահեցէ՛ք:

Խաչատուր Աբովյան

Մեր ամբողջ պատմութեան ընթացքին սա առաջին մեծ դէպքն է, երբ հայ ժողովուրդը ճշմարիտ, նշանավոր յաղթանակ մը տարաւ: Նոյնիսկ եթէ Տիգրանները աւելի սովորական երեւոյթ ըլլային մեր պատմութեան մեջ, դարձեալ անոնց յաղթանակները կարող չէին համեմատուիլ այս համեստ վարդապետի գործի հետ: Մեսրոպն իր կատարած գործով ամենամեծն է մեր պատմական հերոսների մեջ:

 Լեո

…Մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլ աշխարհին, նա միայն մեր սրբությունը չէ, այլ մասունքը հանուր մարդկության… Այդ լեզվի խնամքը, նրա անաղարտությունն ու պաշտպանությունը դրված է մեր վրա:

Պարույր Սևակ

ԱՍՈՒՅԹՆԵՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ – ՄԱՍ 2-ՐԴ

ԱՍՈՒՅԹՆԵՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ – ՄԱՍ 3-ՐԴ

ԱՍՈՒՅԹՆԵՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ – ՄԱՍ 4-ՐԴ


Like it? Share with your friends!

130 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։