ՁԵՐ ՓՈՔՐԻԿԻ ՍԻՐՈ ԼԵԶՈՒՆ


Ձեր փոքրիկի սիրո լեզուն

Յուրաքանչյուր ծնողի պարտքն է կարողանալ իր երեխայի հանդեպ ունեցած զգացմունքներն արտահայտել նրան հասկանալի «ոչ վերբալ» լեզվով: Ամերիկացի հոգեբան Հարրի Չեպմենի կարծիքով` գոյություն ունի սիրո, գորովի արտահայտման հինգ հիմնական «լեզու»՝  ժամանակի հատկացում, նվերներ, քաջալերանք կամ գովեստ, աջակցություն և հպում:

Քանի դեռ երեխան փոքր է, սիրո ընկալման նրա «լեզուն» դժվար է պարզել, սակայն նրբանկատ ծնողը անպայման կկարողանա հասկանալ, թե հատկապես ինչն է օգնում մանկանը զգալ, որ իրեն սիրում են ու փայփայում:

Հաճախ մենք ակամա մեր սիրելիին տալիս ենք այն, ինչ ինքներս կուզեինք նրանից ստանալ: Ուշադիր հետևեք, թե փոքրիկն ինչպես է իր զգացմունքներն արտահայտում Ձեր և մյուս շրջապատողների հանդեպ: Ի՞նչ է նա Ձեզ ավելի հաճախ խնդրում, ինչի՞ պակաս է զգում, ինչն է ամենաշատն ուրախացնում նրան և հակառակը:

Ժամանակի հատկացում

Եթե երեխան անընդհատ ձգտում է Ձեզ ինչ-որ բան պատմել, երկար մնալ Ձեր կողքին, ապա նրա սիրո լեզուն ժամանակի հատկացումն է: Այս լեզվով «խոսող» երեխաները հաճախ են ծնողներին խնդրում մնալ իրենց հետ, խաղալ, զրուցել, զբոսնել: Նրանք անասելի բերկրանք են ապրում, երբ մայրիկի ու հայրիկի հետ միասին գնում են, ասենք, կինո կամ հյուր: Ամենաշատը սիրում են հանգստյան օրերն ու արձակուրդը, քանի որ այդ ժամանակ հնարավորություն են ունենում երկար մնալ հարազատների հետ:

Նվերներ

Եթե փոքրիկը սիրում է ինքնուրույն ինչ-որ բան պատրաստել և այն նվիրել Ձեզ, ապա Դուք էլ նրան կարող եք երջանկացնել Ձեր նվերով: Երեխան ուրախանում է դրանով, այն պահում է առանձնակի հոգածությամբ, դնում այնտեղ, ուր տեսանելի է բոլորին: Երբ փոքրիկը սիրո պակաս է զգում, նա կարող է, ոտքերը գետնին խփելով, նոր խաղալիք պահանջել:

Քաջալերանք

Եթե Ձեր երեխան հաճախ է գովում Ձեզ և մյուս հարազատներին, իր բոլոր խաղալիքներին նուրբ, բարի հատկանիշներով է բնորոշում, ուրեմն հենց ինքն էլ դրա կարիքն է զգում: Նա պատրաստ է սարեր շուռ տալ, երբ իրեն գովում են, դիմում մեղմ, կաթոգին ձայնով: Լսելու համար այդքան ցանկալի հավանության խոսքերը` փոքրիկը շտապում է ցուցադրել իր հաջողված նկարները, բարձր գնահատականներով լի օրագիրը, իսկ երբ ստանում է ուզածը, դառնում է ավելի ակտիվ, ինքնավստահ:

Մեդալի հակառակ կողմը. երբ երեխան չի լսում գովեստի խոսքեր իր արածի համար, նա կարող է շատ շուտ կորցնել հետաքրքրությունը դասերի նկատմամբ, ավարտին չհասցնել սկսած գործը:

Աջակցություն

Ձեր երեխան հաճա՞խ է առաջարկում իր օգնությունը տան գործերում` շնիկին կերակրելիս, հագուստն արդուկելիս կամ ճաշ պատրաստելիս: Եթե այո, ապա ամենայն հավանականությամբ նրա «սիրո լեզուն» հենց այդ է` աջակցություն ստանալը: Փոքրիկը սիրում է, երբ Դուք նրա կողքին եք տնային հանձնարարությունը կատարելիս, երբ օգնում եք իրեն կարել, նորոգել կոտրված խաղալիքը: Նա էլ իր հերթին մեծ ոգևորությամբ մայրիկի հետ միասին սրբում է սենյակի փոշին, ջրում ծաղիկները. «Մա’մ, ես էլ կարող եմ», «Թող ես էլ փորձեմ»…

Հպում

Այն երեխաները, որոնց «սիրո լեզուն» հպումն է, հաճախ են ուզում բռնել մայրիկի ձեռքը, գրկել նրան, խենթանում են հայրիկի ուսերին նստելուց: Աղջիկը կարող է խնդրել հյուսել վարսերը, տղան` շոյել գլուխը: Փոքրիկը սիրում է, երբ իրեն «թռցնում» են, լողացնում, մի խոսքով` նրան հաճելի է ֆիզիկական շփումը իր սիրելիների հետ: Առանց երեխայի ասելու էլ Դուք կզգաք` նա ուզո՞ւմ է, որ իրեն գուրգուրեք, թե ոչ:

Վերջում հիշենք մի շատ կարևոր իրողություն. թեև յուրաքանչյուր ոք ունի սիրո ընկալման իր ձևը, իր լեզուն, սակայն դա ամենևին չի նշանակում, որ բացի դրանից ուրիշ ոչ մի «լեզվով» նրա հետ «խոսելու» կարիք չկա: Սիրո արտահայտման նշված բոլոր մեթոդներն էլ կարևոր են ցանկացած երեխայի համար, եթե նույնիսկ դրանք ամեն մեկի սրտում մի առաջնահերթություն ունեն:

 Պատրաստեց Նշան Աբասյանը

Մեկնաբանություններ

ՁԵՐ ՓՈՔՐԻԿԻ ՍԻՐՈ ԼԵԶՈՒՆ

log in

reset password

Back to
log in