ԼԵԳԵՆԴ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԼԱՊՏԵՐԱՎԱՌԻ ՄԱՍԻՆ


Լապտերավառ

Ինչ լավ է չէ երեկոյան զբոսնել քաղաքում, լուսավոր, հանգիստ փողոցներով: Դրանք այնքան գեղեցիկ են լուսավորված լապտերներով: Այդ լապտերներն այսօր աշխատում են էլեկտրականության օգնությամբ և վերահսկվում են ինժեներների կողմից:

Բայց շատ վաղուց, երբ չէին հայտնաբերել էլէկտրականությունը և ոչ էլ գազը, աշխարհում գոյություն ուներ մի բարի-բարի մասնագիտություն՝ լապտերավառի մասնագիտությունը:

Որպեսզի մութ գիշերներին մարդիկ չմոլորվեին փողոցներում, աշխատասեր ու ճշտապահ լապտերավառները երեկոյան դուրս էին գալիս տնից, իրենց երկար սանդուղքով շրջում քաղաքում, հենում դրանք փողոցների անկյուններում տեղադրված սյուներին ու վեր բարձրանում ու վառում փոքրիկ ապակե տուփերի մեջ դրված ամենասովորական մոմերը, իսկ վաղ առավոտյան շտապում էին հանգցնել լույսերը:

Եվ այդպես ամեն օր… Մոմերը շատ թույլ էին լուսավորում, և շուտով ստեղծեցին կերոսինե լապտերներ: Կերոսինե լապտերներն էլ վառում ու հանգցնում էին լապտերավառները:

Իսկ երբ հայտնագործվեց էլեկտրականությունը, լապտերավառներն այլևս հարկավոր չէին մարդկանց ու շուտով էլ ոչ մի լապտերավառ չմնաց… Բայց դա միայն Երկիր մոլորակի վրա: Ես հաստատ, հաստատ գիտեմ, որ վերևում, երկնքում մի փոքրիկ լապտերավառ է ապրում, որ ամեն երեկո շրջում է երկնքում ու վառում երկնքի լապտերները՝ փոքրիկ, պայծառ աստղերը, իսկ առավոտյան՝ հանգցնում: Երկրի վրա լապտերավառներ չեն ապրում, բայց նրանց դեռ հիշում են: Լապտերավառի մասին այս հրաշալի երգն են երգում ու լեգենդներ են պատմում նրա մասին…

ԼԵԳԵՆԴ ՓՈՔՐԻԿ ԼԱՊՏԵՐԱՎԱՌԻ ՄԱՍԻՆ

Շատ տարիներ առաջ ապրում էր մի փոքրիկ լապտերավառ: Նա շատ ցածրահասակ, գրեթե աննկատելի ծերուկ էր: Ամեն օր շրջում էր փողոցներում ու վառում լապտերները՝ լուցկին քսելով իր ներբանին ու կրակ ստանալով: Եվ բոլոր փողոցներն ավելի լուսավոր էին դառնում: Ծերուկն ընտանիք չուներ, նա գրեթե միշտ լուռ, անխոս էր հայտնվում ու անհետանում և նրա կողքին ապրող մարդիկ լապտերավառի մասին ոչինչ չգիտեին:

Երեխաները ծաղրում էին նրան, թզուկ էին անվանում, իսկ մեծահասակներն էլ ասում էին, որ նա անբանի մեկն է: Այդ պատճառով նա նախընտրում էր միայն երեկոյան դուրս գալ փողոց, վառել լապտերները ու հիանալ գիշերային երկնքով: Բայց ամեն անգամ, երբ փոքրիկ լապտերավառը լուցկին քսում էր իր ներբանին ու կրակ վառում,  նրա հասակը կարճանում էր: Մյուս լապտերավառները զգուշացնում էին նրան. «Դու շուտով կանհետանաս: Այդպես չի կարելի: Դու մարդկանց համար կյանքդ էլ չես խնայում , իսկ նրանք քեզ շարունակ վիրավորում են»,-ասում էին նրանք: Բայց փոքրիկ լապտերավառը պատասխանում էր. «Եթե ես լապտերները չվառեմ, մարդիկ կմնան առանց լույսի ու կմոլորվեն մութ փողոցում: Մի՞թե դա արդար է: Ես այդպես ինձ շատ ավելի հանգիստ եմ զգում»:

Եվ նա շարունակում էր իր ներբանից վառել լուցկին և փոքրանալ, մինչև որ ամբողջովին անհետացավ: Ոչ ոք չնկատեց, որ Երկրի վրա մի մարդ է պակասում, և նրանց միայն մի բան էր անհանգստացնում՝ փողոցներն այլևս լուսավոր չէին և նրանք ոչինչ չէին հասկանում…

Չէին հասկանում, որ յուրաքանչյուր մարդ, անգամ ամենափոքրիկն ու ամենաանշնանը, չափազանց կարևոր է և եթե անգամ ինքը չի նկատում դա, լուսավորում է նաև մյուս մարդկանց կյանքը և եթե նա չլինի, աշխարհում մի քիչ ավելի մութ կլինի…

Անահիտ Ալեքսանյան

Մեկնաբանություններ

ԼԵԳԵՆԴ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԼԱՊՏԵՐԱՎԱՌԻ ՄԱՍԻՆ

log in

reset password

Back to
log in