ԱՄԵՆԱԼԱՎ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ

Իտալական Polo Scolastico Paritario Don Bosco դպրոցի ուսուցիչ Չեզարե Կատան որոշեց հենց այնպես իր աշակերտներին արձակուրդի չուղարկել, այլ 15 կետից բաղկացած շատ կարևոր ամառային առաջադրանքներ տալ: Առաջադրանքները Չեզարեն նաև տեղադրեց իր ֆեյսբուքյան էջում: Գրառումը տասնյակ հազարավոր հավանումներ ստացավ և ամբողջ աշխարհից մոտ 10 հազար օգտատերեր կիսվեցին այդ գրառմամբ իրենց էջին:

Այս արձագանքի պատճառն այն էր, որ դեռ ոչ մի ուսուցչի մտքով չէր անցել այսքան հրաշալի արձակուրդային առաջադրանքներ հանձնարարել աշակերտներին:

Chezare Kata

Ահա այդ 15 հանձնարարությունները:
  1. Առավոտյան քայլե՛ք ծովափին կատարյալ միայնության մեջ, նայե՛ք արևի ցոլքերին ջրի վրա և մտածե՛ք այն մասին, թե ինչն է ձեզ երջանկացնում:
  2. Փորձե՛ք օգտագործել նոր բառերը, որոնք սովորել ենք մենք այս տարվա ընթացքում: Որքան շատ կարողանաք արտահայտվել, այնքան հետաքրքիր կդառնան ձեր մտքերը, իսկ որքան շատ մտքեր ունենաք, այնքան ավելի ազատ կդառնաք:
  3. Կարդացե՛ք: Այնքան շատ, որքան կկարողանաք: Բայց ոչ թե նրա համար, որ պարտավոր եք: Կարդացե՛ք, որովհետև ամառը երազանքների և արկածների համար է, իսկ կարդալը թռչելու պես է: Կարդացե՛ք, որովհետև դա բողոքի լավագույն ձևն է (խորհրդի համար, թե ինչ կարդալ, կարող եք դիմել ինձ):
  4. Խուսափե՛ք այն բացասական էմոցիաներից ու դատարկության զգացողությունից՝ իրերից, մարդկանցից, իրավիճակներից: Փնտրե՛ք ոգեշնչում և նոր ընկերներ, որոնք «կհարստացնեն» ձեզ, կհասկանան ու կգնահատեն ձեզ այնպիսին, ինչպիսին կաք:
  5. Եթե տխրություն կամ վախ եք զգում, մի՛ անհանգստացեք: Ամառը, ինչպես և աշխարհում ամեն հրաշալի բան, տակնուվրա է անում հոգին: Անձնական օրագի՛ր պահեք: Գրե՛ք այն ամենի մասին, ինչ զգում եք: Իսկ եթե ցանկանաք, սեպտեմբերին միասին կկարդանք դրանք:
  6. Պարե՛ք և ոչնչից մի՛ ամաչեք ոչ մի տեղում՝ թե՛ պարահրապարակում, թե՛ այն ժամանակ, երբ միայնակ եք ձեր սենյակում: Ամառը ինքը մի ուրախ պար է, և ձեր կողմից հիմարություն կլինի դրան չմասնակցելը:
  7. Գոնե մեկ անգամ արևածագ դիմավորեք: Լուռ կանգնե՛ք, խորը շնչե՛ք, փակե՛ք աչքերը և երախտագիտության զգացում կունենաք:
  8. Ավելի շա՛տ սպորտով զբաղվեք:
  9. Եթե հանդիպել եք մեկին, ով ձեզ դուր է գալիս, ասե՛ք նրան այդ մասին այնքան գեղեցիկ ու համոզիչ, որքան կկարողանաք: Մի՛ վախեցեք չհասկացված լինելուց: Եթե ոչինչ չստացվի, ուրեմն ճակատագիրն այդպես էր կամենում: Իսկ եթե ստացվի, ապա 2015 թվականի ամառը դուք միասին կանցկացնեք, և դա հրաշալի ժամանակ կլինի: Անհաջողության դեպքում վերադարձե՛ք 8-րդ կետին:
  10. Վերընթերցե՛ք դասերի ընթացքում մեր կարդացած գրքերի մասին գրառումները, համեմատե՛ք դրանք այն ամենի հետ, ինչ կատարվում է ձեր կյանքում:
  11. Եղեք արևի շողի պես երջանի՛կ և ծովի պես անսա՛նձ ու ազա՛տ: 
  12. Եղեք սիրալի՛ր ու բարի՛: Մի՛ օգտագործեք վատ բառեր:
  13. Դիտե՛ք լավ ֆիլմեր՝ խորը և էմոցիոնալ երկխոսություններով (եթե կկարողանաք, ապա անգլերեն լեզվով), որպեսզի լավացնեք թե՛ անգլերենի իմացությունը, թե՛ զարգացնեք ձեր մեջ երազելու և զգալու կարողությունները: Թող ֆիլմը չավարտվի տիտրերի հետ, վերապրե՛ք այն նորից ու նորից, և թող այն դառնա այս ամառվա մի մասը:
  14. Ամառը կախարդանք է: Առավոտյան արևածագի ու մայրամուտի թեժ գույների հետ երազե՛ք այն մասին, թե ինչպիսին կարող է և պետք է լինի կյանքը: Արե՛ք այն ամենը, ինչ կախված է ձեզնից, որպեսզի չհանձնվեք ձեր երազանքի ճանապարհին:
  15. Պարզապես լավը եղեք:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի