ԵՐԱՆԻ ԱՐԱԳԻԼՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՉՄՈԼՈՐՎԵՆ


Արագիլները

Մինչև յոթ տարեկան ոչ մի երեխայի համար էլ գաղտնիք չէ՝ իրեն մայրիկն ու հայրիկը գտել են կաղամբի միջից կամ էլ արագիլն է բերել: Եթե կաղամբի թփի մեջ փոքրիկը կարող է լավ թաքնվել, ապա արագիլի երկար ու ամուր կտուցն էլ ապահով հենարան է նորածին փոքրիկի համար: Բայց կաղամբի մեջ թաքնված փոքրիկին գտնելու համար երբեմն շատ երկար է պետք փնտրել, իսկ արագընթաց ու գործունյա արագիլները անգամ հսկայական երկնաքերերի բնակարաններից են գլուխ հանում ու ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում բարեհաջող վայրէջք են կատարում փոքրիկի հետ:

Նրանց աշխատանքին կարող ես հետևել ահա այս էջում: Իհարկե, արագիլներն էլ երբեմն կարող են մոլորվել: Եվ երբեմն մայրիկներն ու հայրիկները ստիպված են լինում շատ երկար սպասել, որովհետև իրենց սիրելի փոքրիկին բերող արագիլը մոլորվում է, հայտնվում բոլորովին սխալ վայրում ու փոքրիկին ուրիշ մարդկանց հանձնում:

Բայց հետո ամեն ինչ իր տեղն է ընկնում, ծնողներն ու երեխան գտնում են միմյանց, փոքրիկին բերող արագիլն ուղղում է իր սխալը ու նրան հանձնում իր իսկական ծնողներին:

Այդ օրը հատուկ տոն է համարվում՝ Արագիլի տոն ու նշվում է այն ընտանիքներում, ովքեր իրենց փոքրիկին ավելի ուշ են գտել, որդեգրել են ու ընդունել իրենց հարազատ երեխայի նման: Եվ այդ բոլոր ընտանիքների համար սա ամենաուրախն ու ամենաառանձնահատուկն է, չէ՞ որ փոքրիկը գտել է իր իսկական ծնողներին, նրանց, ովքեր հոգ կտանեն իր մասին, կսիրեն ու կփայփայեն ողջ կյանքի ընթացքում:  Եվ այնուամենայնիվ, թող արագիլները երբեք չմոլորվեն…

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։