ԱՌԱՋԻՆ ՈՒՍՈՒՑԻՉԸ

Ինչքան բան գիտե
Մեր ուսուցիչը.
Իմ իմացածը
Շա՜տ, շա՜տ, շա՜տ քիչ է…
Ինչ հարց էլ որ տանք,
Նա չի բարկանում,
Ժպտում է մեղմիկ
Ու պատասխանում:

Աշխարհում ոչ մի
Դժվար հարց չկա`
Մեր ուսուցիչը
Իսկույն չիմանա:
Ես ու մայրիկը,
Մեկ էլ հայրիկը,
Ինչքան իմանանք
Դեռ էլի քիչ է,
Մեր երեքից էլ
Շա՜տ, շա՜տ բան գիտե
Մեր ուսուցիչը:

Սուրեն Մուրադյան

ԻՄ ՈւՍՈւՑՉՈւՀՈւՆ

Վեց տարեկան բոլորած,
Ճամփաներով ծանոթ,
Մորս ձեռքից պինդ բռնած
Դպրոց մտա ամաչկոտ:

Դու ժպտացիր մտերմիկ,
Հարազատի ջերմ սիրով,
Դպրոցի բակը փոքրիկ
Դարձավ մեծ ու լուսավոր:

Ուրախ էի, ժպտերես,
Բախտավոր ու երջանիկ,
Գտել էի մորս պես
Հարազատ ու բարի սիրտ:

Ցույց տվեցիր անհատնում
Ապարանքը գանձերի,
Որ հունձ դառնան իմ հոգում
Սուրբ գանձերը գրքերի:

Եղար բարի, իմաստուն,
Խորհրդատուն իմ կյանքի,
Միշտ կմնաս իմ սրտում,
Որպես կարո՜տ մի անգին…

Սիրավան Սևունի

ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉ

Սիրելի ուսուցի՛չ, տեսնում եմ ձեզ նորի՛ց,
Բայց արդեն ճերմակա՛ծ ավելի:
Եվ գիտեմ, որ մեկն էլ՝ այդ ճերմակ մազերից,
Եղել է իմ մեղքով երևի…

Աչքերիդ լույսերը, լույսե՜րը հարազատ
Անցել են իմ ջահել աչքերին:
Ես գիտեմ, որ դուք ինձ հիշե՛լ եք անընդհատ,
Ինչպես որ հիշում եք բոլորին:

Ինձ նորից հարցրեք այն անցած դասերից,
Այն անցած խոսքերից անհամար,
Ու եթե սխալվեմ, ուղղեցե՛ք ինձ նորից,
Ես հավե՜րժ աշակերտ ձեզ համար:

Ես եկել եմ այցի, և թող ձեռքըդ հոգնած
Համբուրեմ որդու պես անձնվեր,
Եվ ասեմ, որ կյանքում բոլոր լուսե մարդկանց
Ուսուցիչ անունն են միշտ տվել:

Արամայիս Սահակյան

ՀՈԳԵԿԱՆ ՊԱՐՏՔ

Համբուրում եմ ձեզ հիմա
Եվ գլուխ եմ խոնարհում,
Դուք ինձ համար, ինձ համար
Երկրորդ ծնող աշխարհում:

Թեև վաղուց եմ դպրոցն ավարտել,
Բայց ամեն անգամ, երբ տեսնում եմ ձեզ՝
Ես ինձ զգում եմ, իմ ուսուցիչնե՜ր,
Դաս պատասխանող աշակերտի պես:

Ախ, ինչքա՜ն ենք ձեզ տանջել անհոգի՝
Մեր համառությամբ և հիմարությամբ:
Իսկ երբ դասի չեք եկել հարգելի՝
Ուրախացել ենք ձեր հիվանդությամբ:

Նո՛ր ենք հասկանում, որ մեր մշտական
Ուղեկիցներն եք ու մի՜շտ կլինեք:
Մեր լավի համար ձե՛զ ենք պարտական,
Իսկ վատի համար մեղավոր ենք մե՛նք:

Արամայիս Սահակյան

ԱՇԽԱՐՀԻ ՅՈԹ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ

Եվ բուրգերը եգիպտական,
Եվ տաճարը Արտեմիսի,
Զևսի արձանն Օլիմպիական
Եվ կոթողը Հռոդոսի,
Դամբարանը Մավզոլոսի,
Այգիները Բաբելոնի,
Եվ փարոսը Ալեքսանդրիայի՝
Շա՛տ են հայտնի:

Աշխարհի յոթ հրաշալիք…
Հմայե՜լ եք դուք մշտապես:
Բայց կա յո՜թ էլ հրաշալիք
Որ չի՛ նշվում պաշտոնապես:
Առաջինը հենց նա՛ է, ով
Հրաշալիքներն ստեղծե՜ց այդ:
Նա իր ոգով և հանճարով
Կոչվում է Մարդ:

Եվ կա երկրո՛րդ հրաշալիք,
Նա է, ով մեզ աշխարհ բերում
Եվ ոչ մեկիս ո՜չ մի անգամ
Ո՜չ մի վայրկյան չի մոռանում:
Աշխարհն էլ մեզ դավաճանի,
Նա կանգնա՛ծ է միշտ մեզ համար:
Հրաշալիքն այդ սիրելի
Կոչվում է Մայր:

Եվ կա երրո՛րդ հրաշալիք.
Նա է, ով որ աշխարհ գալիս
Եվ իր տեսքո՜վ, անմեղությա՜մբ
Նո՛ր իմաստ է կյանքին տալիս:
Նա մեր հո՜ւյսն է անմահության,
Երկրորդ կյանքն ու հավատն է մեր,
Հրաշալիքն այդ աննման
Մանուկն է ձեր:

Եվ կա չորրո՛րդ հրաշալիք.
Այն է, ինչը մեզ այցելում
Եվ փոխելով սիրտ ու հոգի՝
Ուրի՛շ մարդ է մեզ դարձնում:
Նրա ուժը մե՜ծ, ազդեցի՜կ
Ձեզնից ո՞վ չի, արդյոք, տեսել:
Հրաշալիքն այդ գեղեցիկ
Կոչվում է Սեր:

Կա հինգերո՜րդ հրաշալիք.
Այն է, ինչը տիեզերքում
Որքան գիտենք՝ առայժմ կա
Միայն երկի՛ր մոլորակում:
Եվ հենց նրա՛ շնորհիվ է,
Որ մենք ահա ապրում ենք, կանք:
Հրաշալիքն այդ հազվագյուտ
Կոչվում է Կյանք:

Կա վեցերո՛րդ հրաշալիք.
Մի հասարա՜կ, աննկա՜տ բան,
Բայց էությամբ իր անհանգիստ՝
Տիեզերքի՜ց էլ անսահման:
Ամե՛ն ինչ էլ զգում է նա,
Թեև իր հետ վարվում ենք բիրտ:
Հրաշալիքն այդ տառապյալ
Կոչվում է Սիրտ:

Եվ, վերջապես, կա յոթերո՛րդ,
Բայց՝ առաջի՛ն հրաշալիք –
Մի սրբություն՝առանց որի
Իրենց ո՛րբ են զգում մարդիկ,
Իսկ նրա հետ՝ մե՜ծ ու հզո՜ր,
Իսկ նրա հետ՝ հաղթանակո՜ղ: –
Հրաշալիքն այդ կոչվում է
Հայրենի հող:

Եվ ուզո՜ւմ եմ, ուզո՜ւմ եմ ես
Մի լրացո՛ւմ անել վերջին –
Հրաշալիք կոչենք նույնպես՝
Ամեն մեկս մեր ուսուցչին…
Կարելի է այս աշխարհում
Ապրել նաև առանց բուրգի:
Անհնա՜ր է սակայն ապրել
Առանց լույսի, հայրենիքի:

Արամայիս Սահակյան

3 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here

7 + 9 =